Քաղաքական

12.12.2024 12:42


Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային

Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային

Երեկ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ Սիրիայում ռազմական հեղաշրջումը ծրագրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից՝ «հարևան երկրի» աջակցությամբ, և Թեհրանն ունի դրա ապացույցները։

«Հարևան երկրի» տակ, բոլորին հասկանալի դարձավ, որ Իրանի ղեկավարը նկատի ուներ Թուրքիան:

Ըստ Խամենեիի, Սիրիայում իսլամիստական ​​խմբավորումների հարձակումից երեք ամիս առաջ իրանական հետախուզությունը զգուշացրել էր նախկին նախագահ Ասադին, սակայն վերջինս լուրջ հետևություն չէր կատարել:

Իրանի հոգևոր առաջնորդի այս գնահատականները, յուրօրինակ մեսիջ էին, թե ինչպես են գնահատում Թեհրանում Սիրիայում ընթացող գործնթացների արտաքին դերակատարներին:

Վերջում Խամենեին հայտարարեց, որ Իրանը մտադիր չէ համակերպվել Սիրիայի այս իրավիճակի հետ:

Խամենեին նշեց. «... այդ զավթիչները տարբեր նպատակներ ունեն։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական ծրագրերը։ Նրանցից ոմանք փորձում են տարածքներ գրավել Սիրիայի հյուսիսից (նկատի ուներ Թուրքիան)կամ հարավից (նկատի ուներ Իսրայելը), իսկ ԱՄՆ-ն փորձում է ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում։ Սակայն ժամանակը ցույց կտա, որ, այդ նպատակներից ոչ մեկը չի կարողանա իրականացնել...»,- եզրափակեց Իրանի առաջնորդը:

Խամենեին հայտարարեց նաև, որ «զավթիչներին Սիրիայից կհեռացնի այդ երկրի երիտասարդությունը», ինչը շատերը գնահատեցին, որպես Իրանի կողմից Սիրիայում ակտիվ գործողություններից չհրաժարվելու որոշում:

Թե ինչպես այն կարող է կյանքի կոչվել, չասվեց, սակայն դիտորդների կարծիքով Խամենեիի մեսիջը նշանակում էր մեկ բան. այն, որ Իրանը չի հրաժարվի իր գլխավոր նպատակից՝ ունենալ Սիրիայում ներկայություն, քանի որ այդ երկրի միջոցով հնարավոր կլինի միայն ցամաքով կապ պահպանել Լիբանանի հետ, որտեղ Իրանն ունի լուրջ ազդեցություն:

Սակայն, շատերի կարծիքով, թե՛ Լիբանանում «Հզբոլլահի» կազմաքանդումը Իսրայելի կողմից, և թե՛ Սիրիայի վերջին դեպքերը նպատակ ունեին հենց քանդել Իրանի ցամաքային այդ կապը Լիբանանի հետ:

Եվ այդ նպատակին հասնելուց հետո, Իսրայելը դժվար թե մոտակա տարիներին թույլ տա, որ Թեհրանը կրկին կարողանա այդ կապը վերականգնել:

Հենց դրա պատճառով է, որ երեկվանից Իսրայելը գրեթե հողին հավասարեցրեց Սիրիայի բանակի հիմնական միջոցները և նույնիսկ զավթեց Հոլանի բարձրունքների այն մասը, որը մինչօրս գտնվում էր Սիրիայի վերահսկողության տակ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը