Կարծիք

11.12.2024 15:41


Սիրիայի նոր առաջնորդի կերպարն Էրդողանն ուզում է նմանեցնել Զելենսկուն՝ հետապնդելով երեք հիմնական նպատակ

Սիրիայի նոր առաջնորդի կերպարն Էրդողանն ուզում է նմանեցնել Զելենսկուն՝ հետապնդելով երեք հիմնական նպատակ

Ինչպես հայտնի է, քաղաքականության մեջ քաղաքական առաջնորդների արտաքին կերպարները մեծ դեր են կատարում հանրության կողմից ընկալվելու, տարբեր խնդիրներ լուծելու համար:

Հատկապես արևմտյան երկրներում է դա տարածված և, այդ իսկ պատճառով, նույն մոդայիկ այս թրենդը արևմտյան շրջանակները փորձում են օգտագործել իրենց խնդիրների լուծման համար, այդ թվում՝ նաև հետխորհրդային երկրներում:

Օրինակ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Զելենսկու նոր կերպարը՝ զինվորական հագուստով, մեծ դեր կատարեց արևմտյան հանրությունների շրջանում՝ Ուկրաինային օգնության ծավալները տարեցտարի մեծացնելու համար:

Հայաստանում, Նիկոլ Փաշինյանին ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կերպարի մեջ տեղավորելը, 2018-ին նույնպես կարևոր նշանակությունն ուներ՝ իշխանությունը գրավելու հարցում:

Արևմտամետ ծրագրերի մեջ Վազգեն Սարգսյանի եղբորն օգտագործելը նույնպես այդ շարքից է:

Եվ ահա, Սիրիայում Ասադին տապալած ահաբեկիչների առաջնորդը արևմտյան լսարաններում հանդես է գալիս Զելենսկու կերպարով:

Հասկանալի է, որ շարքային ահաբեկիչները չեն որոշում այդ կերպարներով հանդես գալ:

Կոնկրետ Սիրիայի դեպքում «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (նախկին անունը Ջաբհաթ ան-Նուսրա) առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի կերպարանափոխության վերաբերյալ որոշումը հասկանալի պատճառով իրեն չէր պատկանում:

25 հազարանոց զինված խմբավորման առաջնորդը չէր կարող միայնակ հաղթել Սիրարայի կանոնավոր բանակին և օրերի ընթացքում հայտնվել Սիրիայի գահին:

Պարզ է, որ նա ունի հոգեհայր և բոլորին է հայտնի, որ նրա ազգանումը Էրդողան է:

Հենց Էրդողանի գաղափարն է Ջուլանիի կերպարանափոխությունը:

Նախ ներկայացնենք, թե ով է իրականում այս անձնավորությունը:

Շարքային ահաբեկչից մինչև արաբական «Զելենսկի»

Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին նրա ածական անունն է, իսկ իրական անունը Ահմեդ Հուսեյն ալ-Շարաա է:

1982 թվականին ծնված այս ահաբեկիչն իր քաղաքական կարիերան սկսել է Իրաքից, երբ նա ներգրավվել է «Իսլամական պետության» կազմում, որպես Սիրիայի ահաբեկիչների ներկայացուցիչ:

Այնուհետև Ջուլանին ձերբակալվել է ամերիկացիների կողմից, իսկ 2008-ին ազատվել բանտից, խոստանալով, որ այլև չի մասնակցի հետագայում ահաբեկչական գործողությունների:

Սակայն դրժել է իր խոստումը:

2011 թվականին, Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկմամբ, Իրաքի «Իսլամական պետության» ահաբեկչական կառույցի ղեկավարությունը որոշում է սկսել էքսպանսիան Սիրիայում և Ջուլանիին ուղարկում է այնտեղ՝ Սիրիայում դուստր կառույց կազմակերպելու համար: Նոր այդ խումբը ստեղծվել է 2012 թվականի հունվարի 23-ին և անմիջապես դարձել է Սիրիայում իսլամիստների հիմնական շարժիչ ուժը։ Խումբը սկսեց հաջողությամբ հետ մղել սիրիական արաբական բանակի ստորաբաժանումներին։

2013-ին ամերիկյան Պետդեպը Ջուլանիին ճանաչեց որպես «խիստ վտանգավոր ահաբեկիչ», իսկ չորս տարի անց հայտարարեց 10 միլիոն դոլար պարգև՝ նրան ձերբակալելուն հանգեցնող տեղեկատվության համար։ Ի դեպ մինչ այսօր, ամերիկյան այդ որոշումը չի չեղարկվել:

2017 թվականի հունվարի 28-ին «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը ստեղծվել է «Ջաբհաթ Ֆաթահ ալ-Շամ»-ի (նախկինում՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի), «Ջաբհաթ Անսար ալ-Դին»-ի, «Ջեյշ ալ-Սուննա»-ի, «Լիվա ալ-Հաք»-ի և «Նուր»-ի միաձուլման արդյունքում:

Աստանայի և Մոսկովյան համաձայնությունների արդյունքում Թուրքիան ստանում է լեգիտիմ իրավունք՝ Սիրիայի Իդլիբ նահանգում ձևավորել սեփական ազդեցության կառավարման գոտի, որտեղ և Ջուլանին նշանակվում է այդ մարզի զինված ուժերի առաջնորդը:

Եթե նախկինում Ջուլանին հանդես էր գալիս ծայրահեղ կարգախոսներով, ապա Իդլիբում, թուրքերի խորհրդով, նա սկսեց կերպարանափոխվել և հանդես գալ արևմտյան լսարանի համար դրական կերպարով:

Ի՞նչ նպատակ է հետապնդում Էրդողանը «արաբական Զելենսկու» այս կերպարով

Առաջին

Էրդողանը Ջուլանիի այս նոր կերպարով փորձում է արևմտյան լսարանի մոտ լեգիտիմացնել իր պրոքսի ուժի ղեկավարին, որպեսզի միջազգային հանրության մեջ Ջուլանին «Զելենսկու» կերպարով դառնա «բռնապետ» Ասադի իրական այլնտրանքը:

Երկրորդ

Արևմուտքը արդեն «ծանոթ է» Զելենսկու կերպարին, և Ջուլանիին այդ կերպարով ներկայացնելը կարևոր է Էրդողանի համար, որպեսզի նրա անունից Էրդողանը կարողանա Սիրիայի Քրդաստանում փաստացի նոր ցեղասպանություն իրականացնել:

Էրդողանի համար, քրդերի հարցի լուծումը ճակատագրական բնույթ ունի, քանզի այս տարածքի քրդերի մոտ զարգացած է ազգային գիտակցությունը, ինչը սպառնալիք է Թուրքիայի համար:

Իսկ քրդերին այսօր աջակցում են ամերիկացիները:

Երբ քրդերին սկսում է ճնշել մի քաղաքական ուժ, որի ղեկավարը նման է Զելենսկուն, ըստ Էրդողանի, դա կարող է արևմտյան հանրությունների գիտակցության մեջ իր դրական ազդեցությունն ունենալ:

Երրորդ

Էրդողանի ծրագրերը չեն սահմանափակվում միայն Սիրիայով:

Եթե նա կարողանա լուծել քրդական հարցը, ապա Ջուլանիի գլխավորած Սիրիան կարող է օրինակ ծառայել նաև մյուս արաբական երկրների համար, թե ինչպես կարելի կլինի կառուցել «ժամանակակից արաբական պետությունը»՝ Էրդողանի օգնությամբ:

Ջուլանին, ըստ Էրդողանի, դուրս է եկել ժողովուրդի ծոցից, ի տարբերություն՝ Հորդանանի և Սաուդյան Արաբիայի թագավորների կամ Եգիպտոսի գեներալ Աս-Սիսիի:

Ջուլանիի կերպարով, Էրդողանը փորձում է մեսիջ ուղարկել արաբական «փողոցին», որոնց մեծ մասը, դասակարգային պատճառներով չի սիրում իր ղեկավարներին, որ Էրդողանը կարող է «օգնել» իրենց՝ հասնել արդարության:

Էրդողանի մոտ գործում է նախկին Օսմանյան կայսրության սուլթանների առաքելության տեսլականը:

Իսկ նախկինում իսլամական աշխարում հենց Օսմանյան կայսրության սուլթանն էր համարվում աշխարի բոլոր մահմեդականների առաջնորդը:

Սակայն Էրդողանի այս ծրագրերը կարող և կյանքի չկարողանան կոչվել, քանի որ տարածաշրջանում կան այլ խաղացողներ, որոնց համար թուրքերի ծրագրերը վտանգավոր են:

Եթե հենց սկզբնական փուլում դա Իսրաելն է, ապա հաջորդ փուլերում, նրան կարող է միանալ նաև Եգիպտոսն ու ծոցի երկրները:

Ինչ վերաբերվում Ռուսաստանին և Իրանին, ապա վերջիններս դեռ երկար ժամանակ կհայտնվեն դիտորդի կարգավիճակում, քանի որ զրկվել են այդ երկրում լեգիտիմ հենարան ունենալուց:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը