Քաղաքական

28.11.2024 12:23


Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը եղել է «Իմ քայլը» նախընտրական դաշինքի պատգամավորի թեկնածու

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը եղել է «Իմ քայլը» նախընտրական դաշինքի պատգամավորի թեկնածու

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը հաստատեց, որ 2018 թվականին եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ընդգրկվել է կուսակցության նախընտրական ցուցակում:

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դասական նիստում, որն ընթանում է հակակոռուպցիոն դատարանում, Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականին եղել է «Իմ քայլը» նախընտրական դաշինքի պատգամավորի թեկնածու, բայց նրա կենսագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախքան այդ նա քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։

«Բազմաթիվ անգամ հայտարարություններ են հնչել, որ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար լուրջ ֆիլտրեր կան։ Չափազանց կարևոր է, որպեսզի բացահայտվի դատավարության մասնակիցների համար, թե ինչպես է եղել, որ դուք դարձել եք «Իմ քայլը» դաշինքի անդամ»,–ասաց Վարդևանյանը։

Նա ընդգծեց, որ այդ հարցի պատասխանը կարևոր է դատավորի օբյեկտիվության վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման համար։

Պետրոսյանը նախ հայտարարեց, որ երբեք չի թաքցրել, որ կուսակցության ցուցակում է եղել, նույնիսկ ներկա է եղել Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպումներից մեկին։ Բայց Վարդևանյանը չհանձնվեց՝ շարունակելով հետաքրքրվել, թե ինչպես է հայտնվել այնտեղ։ Արդյունքում դատավորը հրաժարվեց պատասխանել` ասելով, որ իշխող քաղաքական թիմից առաջարկ է ստացել միանալու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու։ Նա ընդունել է առաջարկը, սակայն կարճ ժամանակ անց հրաժարվել է դրանից։

Վարդևանյանը նաև մի քանի անգամ հարց ուղղեց դատավորին, թե նա որտեղ է եղել 2008 թվականի մարտի 1-ին, միգուցե իրացնո՞ւմ էր հավաքներին մասնակցելու իր իրավունքը։ Դատավորը չպատասխանեց իրեն ուղղվող այս հարցին։ Մինչդեռ պաշտպանի համոզմամբ՝ այս հարցի պատասխանը կարևոր է դատավորի անաչառությունը և նրան բացարկի միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը գնահատելու համար։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը