Լրահոս

02.12.2011 17:07


ՀՀ արտգործնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական հանդիպմանը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը  դեկտեմբերի 1-2-ը Փարիզում մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) նախարարական համաժողովին:

ՖՄԿ նախարարական հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության 70 անդամ, ասոցացված  եւ դիտորդ երկրների պատվիրակությունները:

 

Նախարարական համաժողովի օրակարգում էին 2010 թ. հոկտեմբերին կայացած Մոնտրոյի գագաթաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը:

Նախարարական հանդիպմանն ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարը, ով կարեւորեց Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը եւ կազմակերպության դերը բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների եւ երկրների միջեւ համերաշխության ամրապնդման գործում:

Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց կազմակերպության նպատակների իրագործման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, Երեւանում կայացած Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի արդյունքները:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տնօրեն Միշլին Կալմի-Ռեյի հետ հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն հայտնվեց այս տարի երկկողմ հարաբերություններում արձանագրված զգալի առաջընթացով, ինչը նշանավորվեց երկու երկրների ղեկավարների փոխադարձ պաշտոնական այցելություններով: Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Կալմի-Ռեյը նշեցին, որ հաճախակի հանդիպումները հնարավորություն են ընձեռում մշտապես հետեւելու նախորդ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին եւ նախանշելու նոր քայլեր:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում ունեցավ նաեւ ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հետ:

Զրուցակիցները քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Աբդու Դիուֆն ընդգծեց, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել 2008թ. ասոցացված անդամի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունից ի վեր:

Այս խորագրի վերջին նյութերը