Լրահոս

02.12.2011 16:05


Առաջին անգամ հայկական ընկերությունը դարձել է հեղինակավոր Եվրոպական Բիզնես մրցանակաբաշխության հաղթող

Ս.թ. նոյեմբերի 22-ին Եվրոպայի բիզնես էլիտան հավաքվել էր Բարսելոնայում տեսնելու 2011-ի Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության 11 հաղթողներին: Այս մրցանակաբաշխությունը համարվում է Եվրոպայի բիզնես մրցույթներից ամենաբարդը, հաղթողներն ընտրվում են 30 երկրների 15 000 կազմակերպություններից «Պատվո ժապավեն»-ին արժանացած 111 մասնակիցներից:

Հայկական «Բյուրակն» ՍՊԸ-ն, որի ներքո հանդես են գալիս «Արզնի», «Այգ», «Պապա Կառլո», «Այգի», «AG Electronics», «AG Print», «Vita Spa» և այլ ապրանքանիշերը, դարձել է «Նախագահի ընտրություն» անվանակարգի հաղթողը: Եթե Եվրոպական Բիզնես մրցանակաբաշխության մյուս տասն անվանակարգերում ընտրություն կատարելը համեմատաբար հեշտ է, քանի որ կան հստակ չափորոշիչներ, ապա «Նախագահի ընտրություն» մրցանակի դափնեկրին որոշելն ամենախրթին գործն է: Այս անվանակարգում հաղթող ընկերության ընտրության համար չափորոշիչ է հանդիսանում բիզնեսի բոլոր գործառույթների արդյունավետության գնահատականը:

«Մեզ համար անսպասելի և շատ ուրախալի էր ստանալ այս պատվավոր մրցանակը: Մենք գիտակցում էինք, որ մրցում ենք զարգացած եվրոպական ընկերությունների հետ և հավանականությունը, որ կլինենք 111 ընկերություններից 11-ի մեջ, այնքան էլ ակնհայտ չէր»,- մեկնաբանեց  «Բյուրակն» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Աֆանդյանն` ավելացնելով, որ այս մրցանակը ևս մեկ ապացույց է, որ գերազանց կատարված աշխատանքը ստանում է գնահատական»:

Բելգիայի վարչապետ և Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության դատավոր Իվ Լետերմեն և Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության գործադիր տնօրեն Էդրիան Թրիփը կոչեցին 11 հաղթողներին «Եվրոպայի տնտեսության քաջազնունիներ»:

«Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության այս տարվա հաղթողներն ապացուցեցին ևս մեկ անգամ, որ Եվրոպայի բիզնես առաջնորդները և նրանց աշխատուժը ցուցաբերում են խիզախություն, ճկունություն, արագաշարժություն և սրամտություն: Մենք տեսել ենք այն ավանդը, որ Եվրոպայի ընդհանուր բարօրության գործին բերել են Արևելյան Եվրոպայի երկրների և Թուրքիայի ընկերությունները, որոնք ոչ միայն հաղթահարել են վերջին տնտեսական փոթորիկը, այլև` բարգավաճել: Մասնակիցները միասին ներկայացնում են ավելի քան 1 տրիլիոն եվրոյի շրջանառություն (ԵՄ-ի ՀՆԱ-ի 8.23%)` հանդիսանալով 2.7 միլիոն մարդկանց գործատու»,- հայտարարել է Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության գլխավոր տնօրեն Էդրիան Թրիփը:

Այս խորագրի վերջին նյութերը