Քաղաքական

18.11.2024 17:38


«Հույսեր է առաջացնում «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնությունը՝ ընդդեմ Երևանի տրանսպորտի թանկացման». Ավետիք Իշխանյան

«Հույսեր է առաջացնում «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնությունը՝ ընդդեմ Երևանի տրանսպորտի թանկացման». Ավետիք Իշխանյան

Հունվարի 1-ից Երևանում կգործի միասնական տոմսային համակարգը՝ գործողից շատ ավելի թանկ սակագներով։ Բազմաթիվ հարցեր դեռևս պատասխան չունեն՝ ինչպե՞ս է այս փոփոխությունն անդրադառնալու սոցիալապես անապահով խմբերի վրա, արդյո՞ք QR կոդով քաղաքացու տեղաշարժի վերահսկողության հնարավորությունը չի վտանգում անձնական տվյալների պաշտպանությունը: Այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ։

-Պարոն Իշխանյան, ի՞նչ իրավական և սոցիալ-տնտեսական խնդիրներ եք տեսնում Երևանի տրանսպորտի գների բարձրացման և նոր տոմսային համակարգի ներդրման հետ կապված՝ հաշվի առնելով, որ Հայաստանում բնակչության ավելի քան 20 տոկոսը թոշակառու է, 24 տոկոսն աղքատ է, իսկ կենսաթոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացվել՝ չնայած շարունակական գնաճին:

-Արձանագրենք, որ Երևանի տրանսպորտի թանկացման որոշումը կապ չունի ոչ Երևանի քաղաքապետի, ոչ ավագանու հետ։ Իմ համոզմամբ՝ այս որոշման գաղափարը թելադրվել է վարչապետ կոչեցյալի կողմից։ Վարչապետ կոչեցյալը բացարձակապես զուրկ է պետական մտածողությունից։ Պետական բյուջեն համարելով իր ընտանեկանը՝ նա ավելորդ վատնում է տեսնում պետության կողմից արվող սոցիալական ծախսերում։ Նրա նման մտածողությունը բացահայտվեց դեռևս 2019 թվկանին, երբ փակվեցին մի շարք մարզային ծննդատներ, միացվեցին հիվանդանոցներ, տարեցների կացարաններ և այլն։ Կամ նրա ցինիկ արտահայտությունը՝ «աղքատությունը ձեր գլխում է»։ Այնպես որ, նրան բացարձակապես չեն հետաքրքրում թոշակառուների ու աղքատների ամենօրյա հոգսերը, այլ միայն իր և յուրայինների շքեղ կյանքը, թեկուզ նույն թոշակառուների ու աղքատների հաշվին։

-Արդյո՞ք նոր համակարգի պայմաններում անչափահասների իրավունքները խախտվում են՝ հաշվի առնելով, որ առանց անձնագրի չեն կարող ԹելՍել դրամապանակ ունենալ, ծնողը նրանց համար տոմս պետք է ձեռք բերի: Ի՞նչ լուծումներ են հնարավոր այս հարցը կարգավորելու համար:

-Առհասարակ անձնագրային տվյալներ կամ հեռախոսահամար պահանջելը հանրային տրանսպորտից օգտվելու համար արդարացված չէ։ Նման բան չեմ տեսել որևէ եվրոպական երկրում՝ տոմսը կարելի է գնել միայն կանխիկ գումարով կամ բանկային քարտով։ Անչափահասների պարագայում հավելյալ խնդիրներ կարող են լինել, քանի որ նրանք շատ թելերով են կապված ծնողներից, այդ թվում տրանսպորտից օգտվելու։ Բայց եթե մինչ քաղաքապետարանի այդ որոշումն ուժի մեջ մտնելը երեխան տրանսպորտի փող էր ուզում ծնողներից, ապա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեխայի ծնողներն անընդհատ պետք է ուշադիր լինեն, որ հանկարծ երեխաների տոմսերը չսպառվեն։ Իսկ եթե մոռանան ժամանակին տոմսեր գնել, իսկ երեխան պետք է գնա, օրինակ՝ քննության․․․ Սրանով ընտանիքի համար լրացուցիչ հոգս է ստեղծվում։

- Արդյոք միայն մեկ վճարման համակարգի պարտադրման քաղաքականությունը համահունչ է ընտրության ազատության սկզբունքին և սոցիալական արդարությանը։

-Այստեղ շատ հարցեր են առաջանում։ Նախ, ինչու՞ է վճարման մեկ համակարգ ընտրվել։ Ինչու՞ քաղաքացին տրանսպորտի տոմս գնելու համար փնտրի «Թել-Սելի» տերմինալ։ Հարց է առաջանում՝ ի՞նչ հիմունքներով է որոշվել մեկ տերմինալից օգտվելու հարցը և ինչպե՞ս է ընտրվել հենց «Թել-Սելը»։ Ստեղծվե՞լ է արդյոք հատուկ հանձնաժողով։ Կասկածում եմ։ Սրանից կոռուպցիոն գործարքի հոտ է գալիս։

-Ի՞նչ էթիկական և իրավական խնդիրներ կարող են առաջանալ QR կոդով քաղաքացու տեղաշարժին հետևելու և վերահսկելու հնարավորությունից:

-Մարդկանց տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքելով կարելի է շատ բան պարզել՝ ու՞մ հետ է հանդիպում, ո՞ր ժամերին և որտե՞ղ։ Սա, իհարկե, միայն էթիկական խնդիր չէ։ Նույն տեղեկություններով կարելի է հետևել և պարզել, որ, օրինակ՝ անձը մասնակցում է ընդդիմադիր հավաքների։ Քաղաքական հայացքները նույնպես անձնական տվյալներ են և ավելի բարձր պաշտպանություն են պահանջում։ Վարչապետ կոչեցյալն ուզում է Հայաստանի բոլոր քաղաքացիների նկատմամբ տոտալ վերահսկողություն իրականացնել։

Այդ մասին է վկայում Հայաստանի բոլոր քաղաքացիներից եկամուտների հայտարարագիր պահանջելու և բանկային գաղտնիքի փաստացի վերացման մասին օրենքները։ Այս ամենը հիշեցնոմ է Ջորջ Օրուելի «1984»-ը։

Ահա թե ինչպիսին է հայկական ժողովրդավարությունը։

-Ինչպե՞ս է սա ազդում անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության վրա: Ի՞նչ մեխանիզմներ պետք է ներդրվեն, որպեսզի քաղաքացիները պաշտպանված լինեն իրենց տեղաշարժի վերաբերյալ տվյալների չարաշահումից և անօրինական օգտագործումից:

-Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում, մեղմ ասած, ցածր մակարդակի վրա է։ Դեռևս համավարակից հիշում ենք մեծաքանակ տվյալների արտահոսքը, պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կիբերհանցագործությունները։ Էլեկտրոնային վճարման համակարգի օպերատորը արդյո՞ք ունի բավարար անվտանգության համակարգեր, թե՞ նրա մոտ պահվող քաղաքացիների անձնագրային և քարտային տվյալները նույնպես կարող են մի օր հայտնվել համացանցում։ Կասկածում եմ․․․

-Ձեր կարծիքով՝ թանկացմանն ընդառաջ ինչո՞ւ հանրային ընդվզում չկա: Հիշենք՝ նախորդ նման որոշման ժամանակ ինչ բողոքի ակցիաներ տեղի ունեցան, մինչդեռ այն ժամանակ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը շատ ավելի բարվոք էր:

-Շատ ցավալի հարց եք տալիս։ Եկեք ընդունենք, որ նույնիսկ Արցախի կորստից հետո լուրջ, համահայկական ընդվզում չեղավ։ Նույնը Տավուշի մարզում ահռելի հողատարածքներ կորցնելուց հետո։ Էլ չասեմ բազմաթիվ անօրիկանությունների, տասնյակ քաղբանտարկյալների, բանակում հաճախակի սպանությունների մասին։ Մեր հասարակությունը կարծես քնած լինի, ամեն ինչի նկատմանբ, նույնիսկ անմիջականորեն իրեն առնչվող զարգացումների նկատմամբ անտարբեր է։ Որոշակի հույսեր է առաջացնում «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնությունը՝ ընդդեմ Երևանի տրանսպորտի թանկացման։ Հաջողություն մաղթենք «Մայր Հայաստանին»՝ հուսալով, որ մյուս քաղաքական ուժերը շուտով կմիանան նախաձեռնությանը։

Այս խորագրի վերջին նյութերը