Լրահոս

02.12.2011 13:39


Վրաստանում կրոնական խնդիրն արդյո՞ք լուծված է

«...Բայց երբ դու գնում ես կառուցելու և ոչ թե քանդելու ճանապարհով, բոլոր այդ խնդիրների լուծումն իրականում տեսանելի է դառնում: Լավագույն օրինակը ՀԱԵ-ին Վրաստանում իրավական կարգավիճակ տալն էր, խնդիր էր, որը տասնամյակներով չէր լուծվում, և խնդիր էր, որը բազմաթիվ հակառակորդներ ուներ, բայց լուծվեց, և դա է կարևորը...»:

Գևորգ Ալթունյան, «Տեսանկյուն» հաղորդաշար,

29.11.2011 թ.

Նախ` Վրաստանում տարբեր կրոնական կազմակերպություններին հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ տալու հարցը փորձ արվեց լուծել ոչ թե խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի մշակմամբ և ընդունմամբ, այլ ընդամենը փոփոխություն մտցվեց «Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի» մեջ` ավելացնելով 1509-րդ հոդվածում «զ» ենթակետը (տես` «Քաղաքացիական օրենսգրքի մեջ փոփոխություն կատարելու մասին Վրաստանի օրենքը», 05.07.2011, №5034-ՌՍ, թարգմ. վրաց.): Կրոնի մասին օրենսդրական այս բացը շեշտադրություն չէր ստանա մեր կողմից, եթե վերնշյալ օրենքի լրամշակման ճանապարհով խնդրին հիմնովին լուծում տրվեր:

Նշենք, որ սույն` №5034-ՌՍ օրենքում կան մի շարք իրարամերժ և խնդրահարույց դրույթներ, օրինակ, 1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետում հստակ նշվում է, որ «որպես Հանրային իրավունքի իրավաբանական անձ գրանցված կրոնական միավորումների վրա չի տարածվում Վրաստանի` «Հանրային իրավունքի իրավաբանական անձի մասին» օրենքը»: Հաջորդ` 6-րդ ենթակետով նշվում է, որ կրոնական միավորումների գրանցման վերաբերյալ գործում է ոչ կառավարական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց գրանցման սահմանված կարգը, այսինքն, այստեղ մատնանշվում է այն, ինչը հայկական կողմը մերժում էր տասնամյակներ շարունակ, իսկ ՀԱԵ-ն իրականում չի գործելու Հանրային իրավունքի իրավաբանական անձի մասին օրենքի դաշտում, այդ դեպքում` ո՞ր օրենքի:

Ամենակարևորը` սույն օրենսդրական խմբագրումը չի կարգավորում գրանցված կրոնական միավորումների սեփականության իրավունքը: Այս կետն էր ամենակարևորը և բաղձալին հայկական կողմի համար, քանի որ վերջինս պահանջներ ունի բազմաթիվ վանական կալվածքների և եկեղեցիների մասով, իսկ ահա այս հարցը չի կարգավորված սույն օրենքով, որից ելնելով` տեսանելի ապագայում հայկական եկեղեցիների վերադարձի հարցը չի լուծվելու: Մշուշոտ է նաև ՀԱԵ-ի` ո՞ր իրավական դաշտում գործելու հանգամանքը: Այս իրողությունը նման է այն մարդուն, որին պետությունը ճանաչում է որպես քաղաքացի, իսկ ահա թե այդ քաղաքացին ինչպիսի սեփականություն ունենալու իրավունք ունի կամ` ունի այդպիսի իրավունք ընդհանրապես, դա բաց է մնում: Մյուս կողմից այս մարդու վրա չի տարածվելու քաղաքացիության մասին օրենքը: Ահա հակասությունների և անորոշությունների մի ողջ փունջ, որը Վրաստանի իշխանությունները նետեցին մեր և միջազգային հանրության առջև` անունը դնելով «կրոնական կազմակերպություններին իրավաբանական գրանցում» կամ «քայլ առաջ դեպի ժողովրդավարություն»: Իհարկե, քաղաքական շահերից ելնելով` արևմուտքը ողջունեց այս փաստը, սակայն մենք նույնը կրկնելուց առաջ պետք է մի փոքր ուշադիր, ես կասեի` զգոն լինենք:

Վահե Սարգսյան

«ՄԻՏՔ» վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը