Լրահոս

02.12.2011 11:52


Զ. Փոստանջյան. «Ունենք ազատագրված հայրենիքի մի մաս, բայց չունենք ազատագրված քաղաքացիներ»

Սիրելի  հայրենակիցներ,

1991 թվականի դեկտեմբերի 10-ին հերոս արցախահայության կողմից Անկախության հանրաքվեի ընդունման փաստով արձանագրվեց Հայկական երկրորդ պետության կայացման պատմական նշանակության օրը:

2011 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային հրապարակում բովանդակ հայության կողմից հայկական երկրորդ պետության անկախության 20-ամյակի համահայկական նշումը որպես համազգային տոն բոլորիս ցանկությունն է:

Արցախի ազատագրման բեկումնային հաղթանակը և 20-ամյա անկախության մեծագույն խորհուրդը հայ ժողովրդին համախմբելու և հայկական բնօրրանում որպես ազատ ու արժանապատիվ քաղաքացիներ ապրելու կարևորագույն առաքելության իրականացման համար ոչ միայն պետք է տոնենք համահայկական այդ իրադարձությունը, այլ նաև պետական ծրագրով կյանքի կոչենք ազատագրված հայրենիքի բոլոր տարածքների վերաբնակեցումը:

Այսօր մեր սերնդին ընձեռվել է հնարավորություն` կազմակերպելու հայրենաշեն ազգահավաքը հայկական երկու պետություններում, որոնք կազմում են 42000 քառակուսի կիլոմետր, ինչն էլ իր հերթին նաև հիմք կծառայի մեր ամբողջական հայրենիքը ազատագրելու համար:

Աններելի և դատապարտելի է բոլորիս վարքագիծը, երբ հայկական երկու պետությունների անկախության 20 տարիների ընթացքում շուրջ մեկուկես միլիոն հայ քաղաքացի հեռացավ իր անկախ պետությունից, և այդ կործանարար ծրագիրը դեռ շարունակում է գործել:

Անկախության այս տարիներին հայ մարդուն այդպես էլ հասու չդարձավ անկախ  հայկական պետության ազատ ու արժանապատիվ քաղաքացի լինելու, այդ պետությունը` իրեն, և ինքը` այդ պետությանը  պատկանելու զգացողությունը:

Ունենք ազատագրված հայրենիքի մի մաս, բայց չունենք ազատագրված քաղաքացիներ: Գործող գերկենտրոնացված միանձնյա նախագահական կառավարումը ստեղծեց այնպիսի իրավիճակ և պայմաններ, որ հայը իր հայրենիքում իրեն զգա օտար և ոչ  քաղաքացի:

Հայկական քաղաքակրթությունը վերացնելու ոճրագործության հետևանքով շուրջ մեկուկես միլիոն հայ ցեղասպանվեց և միլիոնավորները հայրենազրկվեցին, բայց մենք կարողացանք մեր քաղաքակրթության շնորհիվ ունենալ շրջադարձային  Արցախյան հաղթանակ:

Մենք հավատում ենք` կրկին մեզ ուժ և իմաստություն է տալու մեր ժողովրդի քաղաքակրթությունը` ազատագրելու հայ քաղաքացուն, վերադարձնելու նրան իր  իրավունքները: Ինչպես տոնում ենք դեկտեմբերի 10-ը որպես Արցախի անկախության օր, ինչպես նշում ենք դեկտեմբերի 10-ը որպես մարդու իրավունքների պաշտպանության օր, այնպես էլ համոզված ենք` նշելու ենք հայկական պետության պատկանելությունը մեզ, և մեր պատկանելությունը` նրան:

Շնորհավոր դեկտեմբերի 10, սիրելի հայրենակիցներ

Զարուհի Փոստանջյան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը