Կարծիք

12.11.2024 13:13


Երևանն արդեն նույնպես «թիրախում է» (տեսանյութ)

Երևանն արդեն նույնպես «թիրախում է» (տեսանյութ)

Ինչպիսի՞ն էր նոյեմբերի 9-ը Հայաստանում և Ադրբեջանում

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

««Հայկական հեղափոխության» առանձնահատկություններից մեկն այն էր, որ նա հայ ժողովրդից խլեց իր տոները, հատկապես՝ մայիսի 9-ի մեր եռատոնը (այս օրը հայ ժողովուրդը հաղթեց Հայրենական մեծ պատերազմում, ազատագրեց Շուշի քաղաքը և ստեղծվեց Արցախի պաշտպանության բանակը) նվիրեց Ադրբեջանին։

Այսպիսով, նոյեմբերի 9-ը Բաքվի համար դարձավ «Հաղթանակի օր»։ Հենց այս օրվա կապակցությամբ Իլհամ Ալիևը հանդես է եկել մեկ ուղերձով, որը պարունակում է 2 կարևոր թեզ. «Հայաստանը պետք է հրաժարվի սպառազինվելու քաղաքականությունից, սրան պետք է վերջ դրվի։ (…) Հայերին այստեղ ուղարկել են միայն 19-րդ դարում»։ Սա նշանակում է ՀՀ ապառազմականացման պահանջ, ինչպես նաև կասկածի արտահայտումը՝ Հարավային Կովկասի համար հայերի ավտոխթոն ժողովուրդ լինելու վերաբերյալ, ինչը նշանակում է տարածաշրջանից հայերին տեղահանելու բացահայտ նախապատրաստում։

Նոյեմբերի 9-ին Ալիևը նաև հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, ում հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը կշարունակեն բանակցությունները «խաղաղության պայմանագրի» հարցով COP29-ից հետո։

Տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք. ՀՀ իշխանություններն իրենք՝ իրենց համար սահմանելով «խաղաղության պայմանագրի» ստորագրման կոնկրետ ժամկետներ (հիշենք ՀՀ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանի վերջին հայտարարությունն՝ առաջիկա 4 շաբաթների ընթացքում խաղաղության պայմանագրի ստորագրմանը կամ համաձայնության հասնելու հնարավորության մասին) ձախողվել է, պաշտոնական Երևանը նույնիսկ վերջնական դիրքորոշում չունի COP 29-ին մասնակցելու կամ չմասնակցելու հարցում (այս մասին նոյեմբերի 11-ին հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը), էլ չենք խոսում ստորագրվելիք «պայմանագրի մասին»։

Երևանի վրա ճնշումն ուներ նաև մեկ այլ բաղադրիչ՝ վիզուալ և խորհրդանշական՝ ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին Իլհամ Ալիևի լուսանկարը՝ այսպես կոչված «Իրավանի խանություն» գնդի դրոշով:

Իշխանամետ քարոզչությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը կարող են ասել, որ «չարժե ադրբեջանական նարատիվը տարածել»՝ խոսելով Ալիևի հայտարարությունների և գործողությունների մասին, բայց իրականությունն այն է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանի և Արցախի զարգացման վեկտորն է որոշում Ալիևի նարատիվը։ Եվ հետևաբար, ադրբեջանական նարատիվների տարածման հարցում ՀՀ իշխանությունները խնդիրը պետք է փնտրեն ոչ թե լրատվամիջոցներում, այլ Հանրապետության հրապարակի 1-ին կառավարության շենքում։

Որքա՜ն տարբեր Հայաստանի ու Ադրբեջանի համար ստացվեց նոյեմբերի 9-ի օրն ընդհանրապես, ու հանգստյան օրերը՝ մասնավորապես… 44-օրյա պատերազմի ավարտի չորրորդ տարելիցին Ալիևը հաստատեց Բաքվի հանձնառությունն՝ ավարտին հասցնելու «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը (այսինքն՝ ոչնչացնել Հայաստանը), իսկ հայկական իրականության մեջ հենց այդ պահին՝ Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում հեծանիվ էր քշում, Աննա Հակոբյանը՝ սաֆարիի էր Աֆրիկայում (ու լուսանկարները տեղադրվել են համացանցում նոյեմբերի 9-ին), իսկ Աննա Հակոբյանի եղբայրը ՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը (որը համատեղության կարգով ՔՊ խմբակցության պատգամավոր է) նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ ֆուտբոլ էր վայելում Լոնդոնում։

Ի՞նչ կլինի COP29-ից հետո: Ժամանակը ցույց կտա, բայց հենց վերջերս Փաշինյանի ԱԳՆ-ն խոսեց Բաքվի գագաթնաժողովից հետո իրավիճակի հնարավոր սրման մասին…

Մտածե՛ք այդ մասին…»։

Այս խորագրի վերջին նյութերը