Քաղաքական

09.11.2024 09:12


Փաշինյանը վնասում է իր ժողովրդին, իր հանրապետությունը․ Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)

Փաշինյանը վնասում է իր ժողովրդին, իր հանրապետությունը․ Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը Alpha News-ին մեկնաբանել է, թե ինչպես Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն կանդրադառնա թյուրքական պետությունների գագաթնաժողովի, ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա և ուր է տանում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը:

Փորձագետը կարծում է, որ ընտրություններում Թրամփի հաղթանակը կհանգեցնի Մերձավոր Արևելքում լարվածության սրմանը:

«Հիշեցնեմ՝ հենց Թրամփն էր ժամանակին, դառնալով ԱՄՆ նախագահ, ջնջել միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հիշեցնեմ, որ Թրամփի օրոք ԱՄՆ դեսպանատունը տեղափոխվել է Երուսաղեմ, Թրամփի օրոք Գոլանի բարձունքները ճանաչվեցին որպես իսրայելական տարածք։ Մարդը խիստ հակաիրանական է և խիստ իսրայելամետ: Ուստի պետք է ակնկալել լուրջ էսկալացիա։

Իսրայելի աջակցությունը կերաշխավորվի, իսկ դա վերջնականապես կազատի Նեթանյահուի (Իսրայելի վարչապետ) ձեռքերը և հնարավորություն կտա հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, ինչի մասին երազում է Նեթանյահուն՝ ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը, կամ գոնե նավթահանքերին։ Հետևաբար, հակամարտության սրումը կլինի ակնհայտ և շատ լուրջ»,-ասել է Բաղդասարովը։

Ըստ նրա՝ Թրամփի, ինչպես և ընդհանրապես ամբողջ ԱՄՆ-ի համար Իսրայելը շատ ավելի կարևոր է, քան Ուկրաինան, նույնիսկ համեմատություն չի կարող լինել։

«Եվ եթե, օրինակ, Ուկրաինայում նա ձգտում է սառեցնել հակամարտությունն ինչ-որ պայմաններով, ապա Մերձավոր Արևելքում անպայման կավելացնի իր օգնությունն Իսրայելին։ Այսօրվա դրությամբ որոշ թվեր ասում են, որ ամբողջ զինամթերքի մինչև 70%-ը և այն ամենն, ինչ Իսրայելը ծախսում է ռազմական գործողությունների վրա, գալիս է Միացյալ Նահանգներից»,-ընդգծել է Բաղդասարովը։

Ինչ վերաբերում է Բիշքեկում տեղի ունեցած թյուրքական պետությունների գագաթնաժողովին, ապա, ըստ փորձագետի, չարժե կանխատեսել, որ այն կլինի հզոր ինտեգրացիոն համակարգ։

«Նախ, ես հույս ունեմ, որ Էրդողանը (Թուրքիայի նախագահը) հաջորդ նախագահական ընտրություններում հրաժարական կտա։ Երկրորդ, կարծում եմ, որ նույն Կենտրոնական Ասիայի պետություններն այնքան էլ գոհ չեն այն փաստից, որ Թուրքիան գերիշխում է թյուրքական այս միության վրա։ Ես չէի կանխատեսի, որ դա կլինի հզոր ինտեգրացիոն համակարգ։ Շատ երկրներ, այդ թվում՝ միջինասիական, կփորձեն աշխատել և Ռուսաստանի, և Չինաստանի, և Թուրքիայի հետ այնտեղ, որտեղ ձեռնտու է»,-նշել է Բաղդասարովը։

Խոսելով այն մասին, թե ինչ է սպասվում Հարավային Կովկասին ԱՄՆ ընտրություններից հետո, փորձագետը նշել է, որ ամեն ինչ կախված է Մերձավոր Արևելքի իրավիճակից։

«Եթե Մերձավոր Արևելքում իսկապես ինչ-որ մեծ պատերազմ սկսվի Իրանի հետ, ապա «Զանգեզուրի միջանցքի» արժեքը կտրուկ կմեծանա, և շատ շահագրգիռ երկրներ կդրդեն Հայաստանի ղեկավարությանը բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Եվ Հայաստանի ղեկավարությունը պետք է պատրաստ լինի դրան։ Այն պետք է մշակի իր տեսլականն՝ ինչպես ապահովի, որ Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը այս տարածքում՝ Սյունիքի մարզում»,-ընդգծել է Բաղդասարովը։

Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգությանն, ապա, ըստ փորձագետի, Հայաստանի իշխանությունները չեն զբաղվում այդ հարցով, և դրանով իսկ Փաշինյանը վնասում է իր ժողովրդին։

«Ոչ ոք չի հավատում, որ եթե վաղը պատերազմ սկսվի, Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն իրենց զորքերը կտեղափոխեն Հայաստանի պաշտպանության համար։ Դրան կարող է հավատալ միայն մեծ հեծանվորդը, որը շրջում է պահակախմբով շրջապատված: Նա (Փաշինյանը) վնասում է իր ժողովրդին, իր հանրապետությունը: Այս հարցերը պետք է լուծվեն, բայց ես չեմ տեսնում, որ դրանք լուծվեն, և դա սարսափելի է: Հետևաբար, երբ ասում են (Հայաստանի իշխանությունները), որ մենք ուզում ենք գնալ Արևմուտք, ի սեր Աստծո, բայց ո՞վ կօգնի ձեզ այնտեղ։

Երկրորդ հարցը տնտեսական նպատակահարմարությունն է։ Եթե մեկ վայրկյան պատկերացնեք, որ Ռուսաստանը փակել է իր շուկան Հայաստանի առաջ, ապա դա աղետ կլինի։ Ուստի, երբ Հայաստանի ղեկավարությունն ինչ-որ հակառուսական, արևմտամետ հայտարարություններ է անում, պարզապես պետք է մտածի, թե ուր է մղում իր երկիրը, ուր է մղում մարդկանց»,-եզրափակել է Բաղդասարովը։

Այս խորագրի վերջին նյութերը