Լրահոս

01.12.2011 14:00


Ռալֆ Յիրիկյանը նախագահական ընտրություններին մասնակցելու հավակնություններ չունի

Ռալֆ Յիրիկյանը նախագահական ընտրություններին մասնակցելու հավակնություններ չունի

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագորությունում ասվում ա, որ «Ղ-Տելեկոմ» ընկերության («ՎիվաՍել-ՄՏՍ» ապրանքային նշան) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 2013թ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու քաղաքական հավակնություններ չունի:

«CNews» լրատվամիջոցը, նոյեմբերի 29-ին հրապարակել է «ՄՏՍ ընկերությունը Հայաստանի պոտենցիալ նախագահին վարկավորել է 90 միլիոն ամերիկյան դոլար գումարով» վերնագրով հոդված, որով տարածվել է կեղծ տեղեկատվություն` հղում կատարելով «շուկայի մասնակիցներին» եւ «մրցակիցներից մեկի ներքին աղբյուրին»:

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, իբրեւ թե «Ղ-Տելեկոմ» Ընկերության («ՎիվաՍել-ՄՏՍ» ապրանքային նշան) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 2013թ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու քաղաքական հավակնություններ ունի, եւ այդ նպատակով «Մոբիլնիե Տելեսիստեմի» ընկերությունը (ՄՏՍ) նրան ֆինանսական աջակցություն է ցուցաբերում: Բացի այդ, հոդվածում նշվում է, թե իբր Ընկերության կողմից բարեգործական գործունեության իրականացման համար օգտագործվող միջոցների աղբյուր կարող են հանդիսանալ Լիբանանի հայկական համայնքի կողմից հավաքված միջոցները:

Կարելի է միայն ենթադրել, թե ովքեր են կեղծ տեղեկատվությունը տարածող «շուկայի մասնակիցները» եւ «մրցակիցներից մեկի ներքին աղբյուրը», եւ թե հատկապես ինչ նպատակներ են նրանք հետապնդում: Ենթադրյալ մրցակիցների նմանատիպ գործողություններն անպարկեշտ են, անազնիվ եւ միանգամայն անընդունելի:

Անգամ առանց վերոհիշյալ տեղեկատվությունը մանրամասն վերլուծելու` հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Նախագահի թեկնածու կարող է լինել վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացիություն ունեցող, հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող ֆիզիկական անձը: Ռալֆ Յիրիկյանը ոչ միայն չունի որեւէ քաղաքական պաշտոնի ընտրվելու կամ նշանակվելու քաղաքական հավակնություն, ինչի համար նա հստակ հայտարարել է բազմիցս, այլեւ չի համապատասխանում թեկնածու առաջադրվելու համար պահանջվող չափանիշներից եւ ոչ մեկին:

Ինչ վերաբերում է Ընկերության սոցիալական գործունեությանը, ապա այն իրականացվում է բացառապես Ընկերության միջոցների հաշվին՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հաստատված ծրագրի շրջանակներում: Ընկերությունը հպարտ է Հայաստանում գործարար մտածելակերպի նոր մշակույթի ներդրման եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խոշոր ծրագրերի իրականացման առաջամարտիկը լինելու համար: Ցավալի է, որ նման նախաձեռնությունները կարող են դառնալ էժանագին եւ անհարիր շահարկումների առարկա»,–ասված է հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը