Լրահոս

01.12.2011 16:09


Հրայր Թովմասյանն առաջարկել է ամլացնել, բայց կամավոր

Հրայր Թովմասյանն առաջարկել է ամլացնել, բայց կամավոր

Կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին ասել է, որ մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանին տված 15 տարվա ազատազրկումն այդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն էր։ Նա նշել է, որ Հայաստանում մանկապղծության աճ կա։

–Միգուցե նախկինում քողարկված է եղել հանցագործության այս տեսակը, փորձել են թաքցնել և՛ ծնողները, և՛ երեխաները: Սակայն, հրապարակայնությանը զուգահեռ, նման տիպի հանցագործությունները դառնում են հանրության սեփականություն: Չեմ բացառում, որ դրա հետ կապված լինի, այսինքն՝ իրական աճ չունենանք, սակայն իրազեկվածության աստիճանն ավելի բարձր լինի,-ասել է նա:

Հրայր Թովմասյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է ՀՀ ԱԺ–ի առաջարկած քիմիական ամլացման մասին արդարադատության նախարարության եզրակացությունը՝ առաջարկելով կամավոր ամլացման տարբերակը։

–Եթե քաղաքացին նման ոտնձգություն է կատարել և կրում է իր պատիժը, պատժից ազատվելուց որոշակի ժամանակահատված առաջ փորձագետները տալիս են իրենց եզրակացությունը՝ արդյոք տվյալ անձնավորությունը վտանգավո՞ր է հանրության համար, թե՞ ոչ:

Եթե վտանգավոր է, ապա պետք է գնա հարկադիր բուժման, իսկ եթե հրաժարվում է բուժումից, անձի համաձայնության դեպքում գնում է քիմիական ամլացման և ազատվում պարտադիր բուժումից: Չհամաձայնվելու դեպքում հարկադիր կբուժվի այնքան ժամանակ, մինչև վտանգ չներկայացնի հանրությանը,–նշել է նախարարը՝ ավելացնելով, որ ամլացման դեպքում էլ հանցագործը չի ազատվի պատիժը կրելուց. կարող է ազատվել միայն հարկադիր հոգեբուժական թերապիայից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը