Հարցազրույց

01.12.2011 15:59


Արմենակ Դովլաթյան

Արմենակ Դովլաթյան

Հարցազրույց Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանի հետ

–Այն ժամանակ, երբ Հայ ազգային կոնգրեսը երկխոսություն էր սկսել իշխանությունների հետ, ՀԱԿ–ում այդ հարցում կոնսենսուս կար։ Իսկ հիմա, երբ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի», և այդ նպատակի շուրջ հնարավոր տեսավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցությունը, ՀԱԿ–ում ոչ միայն հակադրվեցին, այլ նաև չեն վարանում իրենց այդ կարծիքը հրապարակայնացնել։ Ինչո՞վ սա կբացատրեք։

–Դրանք տարբեր հասկացողություններ են, եկեք չշփոթենք։ Երբ սկսվեցին բանակցությունները, խոսքն իշխանությունների մասին էր. դա «նախագահն» էր՝ ոչ լեգիտիմ, բայց նախագահը։ Իսկ «Բարգավաճ Հայաստանը» միայն մի փոքր մասն էր և էական դեր չէր խաղում այդ բանակցություններում, ինչպես կոալիցիոն մյուս կուսակցությունը։

–Այսինքն, ՀԱԿ–ի համար նշանակություն ունի իր հետ երկխոսողի պաշտոնի կալի՞բրը, թե՞, ի վերջո, նպատակին հասնելն է առաջնայինը։

Մեր նպատակը ոչ միայն Սերժ Սարգսյանին հեռացնելն է, այլ համակարգային փոփոխությունները, երկիրը նորմալ ճանապարհին դնելը։ Ի դեպ, մեծ տարակարծություններ չկան Տեր–Պետրոսյանի և Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների կարծիքներում։ Ուղղակի Տեր–Պետրոսյանն արտահայտել է ի՛ր անձնական կարծիքը և որոշ քաղաքագիտական վերլուծություն կատարել։ Այսինքն, ներկայացրել է այն իրականությունը, ինչ որ կա՛։

–Եթե համակարգային փոփոխության համար ՀԱԿ–ը երկխոսում էր իշխանության հետ, հիմա ինչո՞ւ են աղմուկ բարձրացրել, երբ խոսքը մեկ այլ ուժի հետ հնարավոր համագործակցության մասին է։

–Երկխոսությունը նորմալ, քաղաքակիրթ ճանապարհով հրաժարականի հասնելու, առանց որևէ ցնցումի փոփոխության հասնելն էր։ Իսկ ԲՀԿ–ի մասով չի ասվում, որ գա և դառնա Կոնգրեսի անդամ և այլն։ Լևոն Տեր–Պետրոսյանն իր ելույթով, իմ կարծիքով, տվեց գնահատական. վերջիվերջո, Գագիկ Ծառուկյանը պետք է կողմնորոշվի՝ ֆինանսական պրոյեկտից վերածվելո՞ւ է քաղաքական կուսակցության, վերջապես ձերբազատվելո՞ւ է Քոչարյանի ստվերից, լինելո՞ւ է անկախ, թե՞ էլի շարունակելու է կցորդի դերում հանդես գալ՝ կապ չունի՝ լինի Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի։

–Դուք որքանո՞վ եք հավանական համարում, որ ԲՀԿ–ն կդառնա՛ այդպիսին։

–Հավանականությունը 50/50 է։ Գագիկ Ծառուկյանը պետք է որոշի, թե ինչ ճանապարհով է գնում՝ չնայած իր բոլոր ֆինանսական աղբյուրներին՝ շարունակո՞ւմ է մնալ կցորդ, թե՞ լինել անկախ։ Դա՛ է ներկայացրել Տեր–Պետրոսյանը։

–ՀԱԿ–ը, փաստորեն, այժմ բաժանվել է երկու մասի՝ մարդիկ, ովքեր համամիտ են ԲՀԿ–ի հետ համագործակցելու հնարավորության մասին Լևոն Տեր–Պետրոսյանի տեսակետին, և մարդիկ, ովքեր դեմ են դրան։ Դուք անձամբ ո՞ր հատվածում եք։

–Իմ կարծիքը շատ–շատ հարցերում, նաև ԲՀԿ–ի հետ հնարավոր համագործակցության մասով համընկնում է Տեր–Պետրոսյանի կարծիքին։ Գագիկ Ծառուկյանը պետք է կողմնորոշվի՝ դառնալո՞ւ է ինքուրույն, գործող անձ և քաղաքական միավոր։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը