Լրահոս

15.01.2011 10:12


Միխայիլ Սահակաշվիլի. «Աշխարհի ոչ մի երկիր կոռուպցիայի դեմ պայքարում չի հասել այնպիսի հաջողությունների, ինչպես Վրաստանը»

«Վրաստանը այն պետությունն է, որը կարողացավ մի քանի տարվա ընթացքում տնտեսության աճը հասցնել երկնիշ թվի»,-Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի խորհրդաժողովի  ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Նա հիշեցրել է, որ Համաշխարհային բանկը Վրաստանը ճանաչել է որպես տնտեսության ոլորտում առաջին բարեփոխիչ երկիրը, իսկ «Transparensy International» կազմակերպությունը հայտարարել է, որ աշխարհի ոչ մի երկիր կոռուպցիայի դեմ պայքարում չի հասել այնպիսի հաջողությունների, ինչպես Վրաստանը։

-Վրաստանը տարածաշրջանում որոշակի ազդեցություն է ձեռք բերել, քանի որ այստեղ գրեթե ամեն շաբաթ ժամանում են նախարարական պատվիրակություններ Ղրղզստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Հայաստանից և հարևան այլ երկրներից։ Նրանք ժամանում են, որպեսզի Վրաստանի փորձից դասեր քաղեն և սովորեն բարեփոխումներ կատարել, այդ թվում և ոստիկանության ոլորտում,- հայտարարել է Վրաստանի նախագահը։

Նրա խոսքերով՝ ոստիկանությանը, որին առաջ բնակչության մեծամասնությունն ուղղակի ատում էր, Վրաստանում այսօր սիրում են. ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ նրա հանդեպ վստահություն է հայտնում բնակչության 86%-ը:

Միխայիլ Սահակաշվիլին  ընդգծել է, թե շնորհիվ այդ ամենի՝ Վրաստանում կոռուպցիայի մակարդակը, որը մի քանի տարի առաջ հասնում էր 98%-ի, հիմա իջել է մինչև 0,4%։

Այս խորագրի վերջին նյութերը