Լրահոս

01.12.2011 12:10


Մեկնարկել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության 14-րդ Գլխավոր կոնֆերանսը

Նոյեմբերի 28-ին Վիեննայում մեկնարկեց ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության /UNIDO/ 14-րդ Գլխավոր կոնֆերանսը, որը գումարվում է երկու տարին մեկ: Գլխավոր կոնֆերանսը կազմակերպության գերագույն օրենսդիր մարմինն է եւ բաղկացած է 174 անդամ երկրներից:

Այս տարվա կոնֆերանսը կրում է «Նոր արդյունաբերական հեղափոխություն. դարձնենք այն կայուն» խորագիրը: Կոնֆերանսին բացման խոսքով ելույթ ունեցան Ավստրիայի Դաշնային փոխվարչապետ Միխայել Շպինդելեգերը, UNIDO-ի Գլխավոր տնօրեն Կանդեհ Յումկելան, մի շարք նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այլոք:

 

Նոյեմբերի 30-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթով հանդես եկավ Հայաստանի պատվիրակության ղեկավար Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը: Վերջինս իր ելույթում անդրադարձավ աղքատության կրճատմանն ուղղված Հայաստանի արդյունաբերական զարգացման ծրագրերին,  ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերին` մասնավորապես, սկսնակ ձեռներեցների, խոցելի եւ փախստականներով բնակեցված համայնքների օժանդակության ծրագրերին, հանքարդյունաբերության, քիմիական եւ սննդի արդյունաբերության ոլորտներում առավել մաքուր արտադրությունների զարգացման եւ կիրառման ծրագրերին, վերջերս Հայաստանում բացված UNIDO-ի Արդյունաբերական զարգացման կենտրոնին եւ այլն:

Կոնֆերանսն իր աշխատանքները կշարունակի մինչեւ դեկտեմբերի 2-ը:

Այս խորագրի վերջին նյութերը