Լրահոս

01.12.2011 09:48


«Հայազն» Միություն. «Դեկտեմբերի 1-ը դառնալու է Հայոց միասնական պետության գլխավոր տոներից մեկը»

22 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային Խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Արցախի վերամիավորումը մայր հայրենիքին: Հիմնվելով այդ որոշման վրա՝ Հայաստանի կոմունիստական ղեկավարությունն անմիջապես ձեռնամուխ եղավ Արցախը Հայաստանի կառավարման համակարգի մեջ ներառելուն, իսկ 1990թ. խորհրդարանական ընտրությունների համար Արցախում ձևավորեց 12 ընտրատարածք: ԽՍՀՄ փլուզումից դեռ մեկուկես տարի առաջ Արցախն ունեցավ Հայոց խորհրդարանում իր առաջին ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանի մյուս շրջաններից ընտրված իրենց գործընկերների հետ միասին հռչակեցին Արցախն արդեն իսկ ներառած Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Մենք շնորհավորում ենք Հայ ազգին, մասնավորապես և հատկապես արցախցիներին, ինչպես նաև Արցախյան շարժման և դրա “ՄԻԱՑՈՒՄ” գլխավոր կարգախոսի բոլոր նվիրյալներին այս իրապես պատմական օրվա առթիվ և երախտագիտությամբ հիշում ենք հանուն Արցախի ազատագության և Հայաստանին միանալու զոհված բոլոր քաջերին:

Ցավում ենք, որ տոնը տակավին ստվերված է Արցախը Հայաստանից առանձին ներկայացնող անհեթեթ և վնասակար քաղաքական մարտավարության պատճառով: Ափսոսում ենք, որ արցախցի ՀՀ քաղաքացիները արդեն երկու տասնամյակ զրկված են իրենց սահմանադրական իրավունքներից, այդ թվում՝ ՀՀ քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքից: Ափսոսում ենք, որ նոր սերունդը գտնվում է ազգային պառակտվածությամբ, քաղաքական շահախնդիր վերնախավի քարոզչական հզոր ճնշման ներքո:

Սակայն վստահ ենք, որ շուտով կճեղքենք ներքին տեղեկատվական այս շրջափակումը, համոզված ենք, որ շատ շուտով բացվելու են պառակտվածությանը կողմնակից մոլորյալների աչքերը, պատռվելու են Արցախը Հայաստանից "անկախացնող" քսանամյա այս դավադրության մասնակիցների կեղծավոր դիմակները: Վերականգնվելու են նաև արցախաբնակ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, իսկ դեկտեմբերի 1-ը դառնալու է Հայոց միասնական պետության գլխավոր տոներից մեկը:

«Հայազն» Միություն

Այս խորագրի վերջին նյութերը