Լրահոս

30.11.2011 13:38


ՄԻՊ. «Զանգում են մեր թեժ գիծ, ասում են՝ «բենզինս վերջացել է, կինս կամ ամուսինս ինձ չի սիրում...»

ՄԻՊ. «Զանգում են մեր թեժ գիծ, ասում են՝  «բենզինս վերջացել է, կինս կամ ամուսինս ինձ չի սիրում...»

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը լրատվամիջոցներին խորհուրդ է տալիս խնդիրների դեպքում  դիմել համապատսխան ինքնակարգավորվող մարմնին, որը ղեկավարում է Աշոտ Մելիքյանը։ Ըստ Անդրեասյանի` նման միջոցով ԶԼՄ–ները կխուսափեն իրավաբանական ծախսերից և դատական քաշքշուկներից։

–Եթե խնդիր ունեք, փորձեք կարգավորել հարցը  այդ ինքնակառավարվող մարմնի հետ։ Ես փորձում եմ այսօր առաջին անգամ գովազդել այդ մարմինը։ Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր խնդիր ունեն լրատվամիջոցի հետ, ոչ թե գնան դատարան, այլ իրենց խնդիրը քաղաքակիրթ լուծեն այստեղ՝ առանց մամուլին թշնամին դառնալու,–հայտարարել է Անդրեասյանը։

Ինչ վերաբերում է այն խնդրին, թե ինչո՞ւ մարդիկ գերադասում են  միանգամից գնալ դատարան, ոչ թե փորձեն գոնե հերքում տալ այս կամ այն զրպարտանքին ու հարցը մինչև դատարան լուծել, ապա ՄԻՊ–ը նշել է.

–Գիտեք, դա իրենց իրավունքն է, այդ մոտեցումը կարող է փոխվել միայն բարոյական ճնշման արդյունքում։

Անդրեասյանը նշել է, որ Հայաստանում շատերը  չգիտեն, թե ինչ գործառույթներ ու լիազորություն ունի ՄԻՊ–ը.

–Լինում են նույնիսկ զավեշտալի դեպքեր, երբ զանգում են մեր թեժ գիծ, ասում են՝ գիտեք, բենզինս վերջացել է, ճանապարհին եմ մնացել, մեզ պաշտպանեք, կամ՝ պատշաճ վերաբերմունք չունեմ՝ կինս կամ ամուսինս ինձ չի սիրում և այլն։

Կարեն Անդրեասյանը ներկայացրել է բողոքների վիճակագրությունը՝ նշելով, որ 1307 գրավոր բողոքներից 123–ը դրական լուծում է ստացել, իսկ դա 3 անգամ ավելին է, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում ստացվածը։ 1597 բողոք էլ ստացվել է բանավոր։ Հիմնականում բողոքում են ոստիկանությունից (220 բողոք), դատարանից (194 բողոք), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից (152 բողոք)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը