Քաղաքական

17.10.2024 08:31


Պատգամավորը, որ նախարար դառնալ է ուզում, իրավաբանական կրթություն չունի. «Ժողովուրդ»

Պատգամավորը, որ նախարար դառնալ է ուզում, իրավաբանական կրթություն չունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Գրիգոր Մինասյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական «ստիպելուց» հետո ՔՊ-ն «կրախի» առաջ է կանգնած. իշխող թիմում թեկնածու չունեն: Միայն հայտնի է, որ նախարար աշխատելու իր համաձայնությունն է տվել ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հենց ինքը՝ պատգամավորն է հայտնել: Սակայն նախկին պետավտոտեսուչ Արմեն Խաչատրյանը չունի իրավաբանի բարձրագույն կրթություն: Նա 2000 թվականին՝ 27 տարեկանում միայն ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը, ստացել իրավագիտության մասնագետի որակավորում, բայց հավակնում է նեղ մասնագիտական կարողություններ պահանջող նախարարություն ղեկավարել:

Հիշեցնենք, որ իշխանությունը պայման ունի գտնել կուսակից, ով կհավակնի այդ պաշտոնին. ընտրյալը պետք է կայացնի իշխանության «սրտի» որոշումները՝ չմտածելով արդարադատության մասին:

Հարկ է նշել, որ համաձայն պատգամավորի 2023 թվականի հայտարարագրի՝ որդին աշխատում է ՀՀ Ազգային ժողովի փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնում՝ որպես փորձագետ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հեղափոխությունը վերջ է դնելու խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքին, սակայն այս մի հարցում էլ Փաշինյանը կրկին բացթողումներ ունի։ Ավելին՝ պետական համակարգը հենց ԽԾԲ-ով էլ աշխատում է։

ՔՊ պատգամավորի որդին 2019 թվականին գնել էր Toyota մակնիշի մեքենա, իսկ 2023 թվականին 2 մլն 250 հազարով ձեռք է բերել Ford մակնիշի ավտոմեքենա։

Հարկ է նշել նաեւ, որ Արմեն Խաչատրյանի կինը Երեւանի պետական հումանիտար քոլեջի տնօրենն է»։

Այս խորագրի վերջին նյութերը