Քաղաքական

16.10.2024 20:50


ՆԱՏՕ-ի ակտիվությունը հանգում է մի բանի՝ Հարավային Կովկասը վերածել ՌԴ-ի հետ առճակատման ևս մեկ ասպարեզի. Զախարովա (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի ակտիվությունը հանգում է մի բանի՝ Հարավային Կովկասը վերածել ՌԴ-ի հետ առճակատման ևս մեկ ասպարեզի. Զախարովա (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի անդամների ակտիվությունը, լինի դա ադրբեջանական, թե հայկական ուղղությամբ, հանգում է մի բանի՝ Հարավային Կովկասը վերածել Ռուսաստանի հետ առճակատման ևս մեկ ասպարեզի, տարածաշրջանի երկրներին իրար դեմ հանել, հետո ինչ-որ կերպ կորզել սեփական օգուտը:

Դրա մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Արևմուտքի հետ Բաքվի սերտ համագործակցության և Ուկրաինային աջակցության մասին հայ լրագրողի հարցին։

«Մենք պատասխանել ենք հարցին և ակտիվորեն խոսել ՆԱՏՕ-ի և ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև ԵՄ-ի գործունեության ապակառուցողական բնույթի մասին՝ որպես մեզ կցված՝ պարբերաբար ամենուր կործանարար {ազդեցություն թողնող) կառույցի, բայց հիմա արդեն նաև Հարավային Կովկասում։

Այս բոլոր գնահատականները դեռևս արդիական են։ Որտեղ էլ հայտնվում է այդ ագրեսիվ դաշինքը, գծվում են նոր բաժանարար գծեր, պարտադրվում է առճակատման օրակարգ, և ամենակոպիտ ձևով տեղի է ունենում միջամտություն ինքնիշխան երկրների ներքին գործերին»,-շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ըստ Զախարովայի՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ այս տարածաշրջանում որոշումները պետք է ընդունեն տարածաշրջանի երկրները։

«Ուրբաթ անցկացվելիք («3+3» հարթակ-խմբ.) ձևաչափը, որը պետք է անցկացվի Թուրքիայում դրա հնարավորության հիանալի հաստատումն է։ Կան նաև համապատասխան երկկողմ և բազմակողմ մեխանիզմներ։ Այդ ամենը պետք է տեղի ունենա առանց արտաքին միջամտության։ Այս դիրքորոշումը մենք փոխանցում ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին։ Ինձ թվում է՝ մեզ լսում են ու հասկանում։ Ուրիշ բան, որ, իհարկե, ես քաջ գիտակցում եմ, որ բավականին դժվար է հակաճառել Արևմուտքին, եթե դու գոնե մեկ անգամ ցույց ես տվել զիջողականությունդ և անկախությունդ դրել խաղադրույքի վրա»,-հավելել է նա։

***

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ հոկտեմբերի 16-ին, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, հիշեցրել է, որ Մոսկվան չի գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։

Նման կերպ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է՝ «Զանգեզուրի միջանցքի ապագա ռեժիմի վերաբերյալ հայկական կողմի հակասական հայտարարությունների շուրջ» ադրբեջանցի լրագրողի հնչեցրած հարցին:

Բացի դրանից, ադրբեջանցի լրագրողը, անհասկանալի պատճառով, այդ հարցը կապել է հայ-իրանական սահմանային անցակետի անվտանգությունը ռուս սահմանապահների կողմից հայկական կողմին փոխանցելու հետ։

«Գիտեք, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել և ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք ուղղակիորեն չենք գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, որի մասին խոսում եք։ Մենք չենք կիրառում այդ տերմինաբանությունը։ Հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների առկայության հարցը բոլորովին այլ թեմա է։ Ինչ վերաբերում է ռուսական դիրքորոշմանը հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայով, մենք արդեն մեկնաբանել ենք դա, և ինձ թվում է՝ դուք լավ գիտեք մեր դիրքորոշումը, իսկ այն չի փոխվել։ Այն լուծվում է համապատասխան ձևաչափերով։ Մենք դրա համար ինչ անում ենք հնարավորը»,-պատասխանել է Մարիա Զախարովան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը