Տնտեսական

30.11.2011 12:14


2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի  կատարման ամփոփ բնութագիրը

«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար կառավարության որոշումներով բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները ներառյալ 2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 689.6 մլրդ դրամ` 81.5%-ով ապահովելով ՀՀ կառավարության տարեկան ծրագիրը: Նույն ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան 719 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ՀՀ կառավարության տարեկան ծրագրի 76.2% կատարողական: Ծախսերի համեմատաբար ցածր կատարողականը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ: Առանց արտաբյուջետային միջոցների եկամուտները կազմել են 673.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 705 մլրդ դրամ:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.8%-ով կամ ավելի քան 61.3 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, տուրքերի ու պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 93.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 1.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 15.8 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրված մուտքերի 76.2%-ը:

2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 540.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որից ավելի քան 1.2 մլրդ դրամը կազմել են արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտները: Առանց արտաբյուջետային մուտքերի պետական բյուջեի հարկերի ու տուրքերի տարեկան ծրագրի կատարողականը կազմում է 82.6%, իսկ դրանք հաշվի առած` 82.5% (արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտների կատարողականը կազմել է 53.2%): 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 9.9%-ով կամ 48.6 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի և մաքսատուրքի աճով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի ծախսերն աճել են 7.4%‑ով կամ 49.6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, հիմնական միջոցների գծով ծախսերի, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, պետական պարտքի սպասարկման, դրամաշնորհների և այլ ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 639.5 մլրդ դրամ` 76.3%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 7%-ով կամ 41.7 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 60.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, շուրջ 4.3 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են տարեկան ծրագրի համապատասխանաբար 77.2%-ը և 70.7%-ը: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 7.4%-ով և 5.3%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է շուրջ 130.9 մլրդ դրամ, որը կազմել է տարեկան ծրագրի 74.6%-ը և 5.3%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 29.6 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով տարեկան ծրագրի 69.8%-ը: Մասնավորապես` նշված գումարից 19.6 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 9.9 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 28.8%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը տեղի է ունեցել հիմնականում ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի հաշվին: Պետք է ընդգծել, որ գնաճի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական շուկայում դիտարկվող տոկոսադրույքների ընդհանուր աճի միտումը գրեթե չի անդրադառնում պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա, քանի որ միջին և երկարաժամկետ առումներով դրամական շուկայի մասնակիցների կողմից շարունակում են դիտարկվել որպես ներդրման ամենակայուն և հուսալի միջոց:

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 29.4 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով տարեկան ծրագրով նախատեսված 97.7 մլրդ դրամի ընդամենը 30.1%-ը: Նշենք, որ նշված ցուցանիշը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարեկան ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 62.6 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն օգտագործվել է ընդամենը 17.6 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 35.7 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -6.4 մլրդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը