Լրահոս

30.11.2011 00:05


«Արմֆուդ»–ը Աբրամ Բախչագուլյանին մեղադրում է կեղծ գործ սարքելու համար

Սննդի անվտանգության ծառայությունը հարվածում է փոքր բիզնեսին

Սննդի որակի խախտման այլ դեպքեր բացահայտել չկարողանալով` Աբրամ Բախչագուլյանը նոյեմբերի սկզբին ըստ երևույթին շինծու գործ է բացել և լրատվամիջոցներով վարկաբեկել Հրազդանում գտնվող Արմֆուդ փոքր ձեռնարկությանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Բախչագուլյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսից մեկ օր առաջ իբր այս ընկերության արտադրած կաթում ստաֆիլակոկ, իսկ ապա աղիքային ցուպիկի խումբ էր հայտնաբերվել: Մինչև օրս Բախչագուլյանի ղեկավարած մարմինը թաքցնում է լաբորատոր հետազոտության ակտը և չի պարզաբանել, թե հատկապես ով է այդ կաթից տուժող անձը:

Ընդ որում, Արմֆուդ ձեռնարկության տնօրեն Բորիս Սողոմոնյանը սեփական արտադրության կաթը թե հում և թե պաստերիզացված ու մանրէազերծված վիճակում վերջին շաբաթներին ստուգման է հանձնել 3 տարբեր լաբորատորիաներում, որոնցից երկուսը չեն հայտնաբերել վերոնշյալ մանրէներից ոչ մեկը: Իսկ նշված պետական ծառայության լաբորատորիան առաջին անգամ ոչինչ չի հայտնաբերել, ապա պարզելով, որ հանձնողը Բորիս Սողոմոնյանն է, երկրորդ և երրորդ անգամ արձանագրել է մանրէների առկայություն, ինչը մյուս լաբորատորիաները չեն հայտնաբերել:

Այստեղ գործ ունենք պաշտոնի չարաշահման սկանդալային փաստի հետ, երբ ոչ միայն հարվածի տակ է դրվում Հայաստանի մարզերում գործող փոքր ու միջին բիզնեսը, այլև, նման կեղծ գործեր սարքելով, Բախչագուլյանն ընդհանրապես կասկածի տակ է դնում սննդի անվտանգության հսկման պետական ֆունկցիան:

Հավանաբար ենթադրել են, որ Հրազդանում գործող բիզնեսմենն ի վիճակի չէ պաշտպանել սեփական շահերը և պետական մարմնի անգործությունը կարելի է ջարդել ինչ որ փոքր ընկերության վրա: Հնարավոր է նաև, որ ինչ որ մեկը մրցակցում է այդ արտադրանքի ոլորտում կամ էլ աչք է դրել Արմֆուդ ֆիրմային անվանման վրա:

Նման արկածախնդրությունների պատճառով հրազդանցի գործարարին արդեն իսկ մեծ նյութական վնաս է հասցվել և նա պատրաստվում է քայլեր ձեռնարկել պետական մարմնի կողմից կամայական ու իրավախախտ գործողությունների դեմ: Այստեղ իհարկե խոսքը կարող է գնալ թե նյութական ահռելի վնասի փոխհատուցման, թե որոշումը չեղյալ հայտարարելու և այլ պահանջների մասին:

Միթե՞ այսպես է Սննդի անվտանգության պետական ծառայությունը հոգ տանում մեր սննդի մասին և ոչնչացնում մարզերում նոր ոտքի կանգնող փոքր ձեռնարկությունները:

Գործարար Բորիս Սողոմոնյան

Այս խորագրի վերջին նյութերը