Լրահոս

29.11.2011 17:46


Շիրակի մարզում ՀՀԿ–ն սկսե՞լ է

ՀՅԴ Գյումրու կոմիտեն ահազանգում է, որ Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում Հանրապետական կուսակցությունն արդեն իսկ հակաօրինական գործողություններով, պարտադրանքի ուժով փորձում է ՀՀԿ անդամ դարձնել համայնքապատկան որոշ կառույցների աշխատակիցների:

–Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ համայնքապատկան կրթական կառույցներում, առողջապահական հաստատություններում թերևս հիվանդ ոգևորություն դրսևորելով՝ ՀՀԿ մարզային կառույցները պարտադրում են վերոհիշյալ հիմնարկների աշխատակիցներին անդամագրվել ՀՀԿ-ին: Կա տարբերակ նաև, որ այդ կառույցների ղեկավարները հավելյալ ջանասիրություն են դրսևորում իրենց վերադասներին հաճոյանալու համար,- «7օր»–ին ասել է ՀՅԴ Գյումրու կոմիտեի նախագահ Աշոտ Հակոբյանը:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված խորհրդարանական ընտրություններից դեռ մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ի նման անհանգստությունը, Աշոտ Հակոբյանը պատասխանել է.

–Թերահավատ են արդար ընտրություններում հաղթելու հարցում: Համոզված եմ, որ արդար մրցակցության դեպքում ՀՀԿ–ն կպարտվի: Միևնույն ժամանակ կարծրացած վերաբերմունք կա քաղաքական և ընտրական գործընթացների նկատմամբ։ Մարդիկ չեն կարող չկեղծել. ուղղակի սովորել են, չեն կարող իրենց իշխանական լծակները չօգտագործել պարտադրանքի համար։

Նշենք, որ ՀՀԿ Շիրակի մարզի խորհրդի նախագահն է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը