Կարծիք

26.09.2024 15:40


Ալիևը Զուլֆուգարովի միջոցով «ավետում» է այն մասին, թե ինչ են պահանջելու Հայաստանից «խաղաղության պայմանագիրը» կնքելուց հետո

Ալիևը Զուլֆուգարովի միջոցով «ավետում» է այն մասին, թե ինչ են պահանջելու Հայաստանից «խաղաղության պայմանագիրը» կնքելուց հետո

Հայ հասարակությունը ոչ մի պատկերացում չունի, թե ինչ բանակցություններ է վարում Փաշինյանը Ալիևի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շրջանակներում: Ընդ որում, այդ բանակցություններից տեղյակ չեն նաև Հայաստանի քաղաքական դասի ներկայացուցիչները: Փաշինյանի ուսապարկերի մասին խոսք անգամ չկա, մանավանդ, որ սրանց դա քիչ է հետաքրքրում, սրանք Փաշինյանի «դակիչներն են», որոնց գլխավոր առաքելությունը այն է, որ պիտի ԱԺ-ում «օրինականցնեն» Փաշինյանի բոլոր հակապետական բնույթի որոշումները՝ դրա դիմաց ստանալով իրենց փաշինյանական «հավելավճարները»:

Մինչդեռ Ադրբեջանում այս գործնթացը լայնորեն քննարկվում է իրենց քաղաքական դասի կողմից:

Առանցքային միտքը, որ առկա է այս քննարկումներում, այն է, թե ինչ պետք է պահանջել Հայաստանից՝ այդ պայմանագրի կնքումից հետո:

Այս քննարկումների շարքում ամենա հետաքրքիրներից է այդ երկրի նախկին ԱԳ նախարար Զուլֆուգարովի տեսակետը, որը շատերը համարում են Ալիևի տեսակետներին մոտ կարծիք:

Եվ այսպես. ներկայացնենք, թե ինչ է ասում Զուլֆուգարովը:

Ըստ նրա, պայմանագրի կնքման շրջանակներում «...սահմանազատման և սահմանազատման գործընթացի վերջնական փուլում կարող է ամբողջությամբ լուծվել սահմանների և հաղորդակցությունների հարցը։ Սրանից հետո հումանիտար խնդիրները դառնում են հրատապ...»։

Այս ձևակերպմամբ, Զուլֆուգարովը նկատի ունի ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան:

Զուլֆուգարովը, շարունակելով այս միտքը, Ալիևի հետևյալ նպատակն է բացահայտում:

«... Հայաստանը, որպես պետություն, պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացրեց Ադրբեջանին, օկուպացրեց մեր հողերը, մեր տարածքում իրականացվեցին էթնիկ զտումներ, եղան ավերածություններ, վնասներ հասցվեցին պետությանը և ժողովրդին։ Բանակցությունների միջոցով Հայաստանը կարող է ընդունել իր պատասխանատվությունը որպես պետություն և փոխհատուցում վճարել Ադրբեջանին։ Օրինակ, Գերմանիան ստանձնեց ֆաշիզմի պատասխանատվությունը և որպես պետություն փոխհատուցում վճարեց տարբեր պետությունների և անհատների: Փոխհատուցումների վճարման գործընթացը շարունակվել է մինչև վերջերս...»:

Նշենք, որ այս նույն միտքն օրեր առաջ արտահայտեց Իլհամ Ալիևը՝ հանդես գալով Ադրբեջանի խորհրդարանում:

Նախկին արտգործնախարարը նշեց, որ եթե Հայաստանը չհամաձայնի փոխհատուցում վճարել բանակցությունների միջոցով, ապա Ադրբեջանը որպես պետություն կարող է Հայաստանին դատի տալ միջազգային դատարանում, «օկուպացիայի արդյունքում նրանց պատճառված վնասի հատուցման համար»:

Ըստ Զուլֆուգարովի, «...եթե լինեն ուղիղ բանակցություններ, ապա կարող են տարբեր որոշումներ կայացվել, այդ թվում՝ տարածքային փոխհատուցման վերաբերյալ: Այսինքն՝ միջազգային դատարանները կարող են որոշել միայն որոշակի չափի փոխհատուցում։ Եթե ​​փոխհատուցման գումարի վճարումն անհնար է, ապա Հայաստանը կարող է տարբեր տարբերակներ առաջարկել։ Այսինքն, եթե Հայաստանը տեսնում է, որ փոխհատուցման պահանջվող չափն անհասանելի է, ապա կարող է քննարկվել տարածքային փոխհատուցումը բանակցությունների միջոցով։ Միջազգային պրակտիկայում բանակցություններ են եղել տարածքային հարցի շուրջ։ Օրինակ՝ Չինաստանը, որը ցանկանում էր ելք ունենալ դեպի ծով Հեռավոր Արեւելքում, ԽՍՀՄ-ին առաջարկեց փոխանակել հողի մի մասը։ Այսինքն՝ միջազգային պրակտիկայում նման դեպքեր կան։ Բայց նախ այս թեման պետք է բարձրացվի...»։

Հիշեցնենք, որ Զուլֆուգարովի այս միտքն էլ հնչեցրել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը, որի հետ վերջերս սիրալիր նկարվել էր Հայաստանի գործող վարչապետը:

Այսինքն, Ադրբեջանում «խաղաղ պայմանագրի» կնքումը, դիտարկում են, ոչ թե Հայաստանի հետ վերջնական հարցերի լուծման ձև, այլ ճիշտ հակառակը՝ որպես նոր հանգրվան, Հայաստանին նոր պահանջներ ներկայացնելու միջոց:

Ինչը տրամաբանական է, քանզի այսօրվա Հայաստանը ներկայացվում է պարտվող դեմքով և հայտարարում, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում երկրին միջնորդ երկիր անհրաժեշտ չէ:

Հայ ժողովուրդը արդեն իրեն խայտառակել է վեց տարի իշխանության ղեկին պահելով այս պարտված դեմքին: Եթե այդ դեմքը շարունակի ներկայացնել Հայաստանը ևս մեկ-երկու տարի, ապա միջազգային հանրությունը արդարացի կհամարի, որ այսպիսի ժողովուրդին պահանջներ ներկայացնեն, քանզի իրեն չհարգող ժողովուրդը, չի կարող ակնկալել, որ իրեն կհարգեն մյուս ժողովուրդներն ու պետությունները:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը