Քաղաքական

25.09.2024 17:05


Հայաստանն ունի զարգացման երկու տարբերակ. կա՛մ դառնալ թուրքական վիլայեթ, կա՛մ դառնալ տարածաշրջանային ինքնուրույն սուբյեկտ՝ պահպանելով իր անվտանգությունը

Հայաստանն ունի զարգացման երկու տարբերակ. կա՛մ դառնալ թուրքական վիլայեթ, կա՛մ դառնալ տարածաշրջանային ինքնուրույն սուբյեկտ՝ պահպանելով իր անվտանգությունը

Հայաստանում շատերին զարմացրել ու զայրացրել է Փաշինյանի քայլը՝ այցելել Նյու Յորքում «Թուրքական տուն» և այնտեղ Էրդողանից ստանալ նրա գիրքը, թե ինչպես պիտի լինի տարածաշրջանային խաղաղության բանաձևը:

Այն, որ Փաշինյանը վաղուց էր ընտրել թուրքական ուղին, քչերը գիտեն, սակայն թուրքական սիմվոլիզմը նույնիսկ միամիտ հայերի աչքից չվրիպեց, թե ինչպես էր ուրախացել Փաշինյանը՝ ստանալով անձամբ Էրդողանից նրա գիրքը:

Իրականում Փաշինյանի պրոտեժեն Էրդողանը դարձավ դեռ 2021-ի գարնանից, երբ զգուշացրեց Մոսկվային, որ Հայաստանում չի հանդուրժի, որ զինվորականները հեռացնեն Փաշինյանին իշխանությունից: Էրդողանին այս հարցում աջակցում էր Արևմուտքը:

Դրա դիմաց, բնականաբար, Փաշինյանը պիտի հատուցեր Էրդողանին, ինչը չուշացավ: 2021-ի ընտրություններում հաղթանակից հետո, Փաշինյանը քայլ առ քայլ կատարեց Էրդողանի առջև բոլոր իր խոստումները՝ հատուցելով նրան իր պարտքը իշխանությունը Թուրքիայի կողմից պաշտպանելու դիմաց 2021-ի գարնանը, երբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը սպառնում էր հեռացնել Փաշինյանին իշխանությունից:

Հետո եկավ Արցախի փուլային հանձման ժամանակը, որն սկսվեց 2022-ի գարնանից և ավարտվեց 2023-ի սեպտեմբերով:

Հերթում մնացել է երկու խնդիր՝ հանձնել, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը» Թուրքիային և դուրս բերել ռուսական ռազմակայանը Հայաստանից, որպեսզի Թուրքիան լեգիտիմ ձևով կարողանա տիրանալ Հայաստանին:

Փաշինյանի հրեշավոր ծրագրերն այլևս ոչ մեկին չեն զարմացնում, զարմացնում է այն, թե ինչ աստիճանի է չկայացած հայաստանյան քաղաքական դաշտը, որ չի կարողանում կանգնեցնել Փաշինյանի այս հայակործան ծրագրերը:

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Երկու բան՝ գոնե տառաճանաչության մակարդակով սովորել քաղաքագիտական տարրական նորմերը, թե ինչ լեգիտիմ եղանակներ կան իշխանափոխության համար և հասկանալ, որ այս տարածաշրջանում առանց ռազմավարական դաշնակցի հնարավոր չի լինի բալանսավորել 10 մլն-անոց Ադրբեջանի և 80 մլն-անոց Թուրքիայի օր օրի աճող ամբիցիաները: Որոնք, ինչպես պատմությունն է ցույց տվել, հետապնդում են մեկ նպատակ. ունենալ ընդհանուր սահման և կլանել այս երկու պետությունների մեջ հայտնված Հայաստանը:

Ով չի հասկանում այս պարզ ճշմարտությունները, անմեղսունակ է, իսկ ով համոզված է, որ 3մլն-անոց Հայաստանը կարող է այս խնդիրը լուծել ինքնուրույն, նույնպես անմեղսունակ է: Միթե Փաշինյանի վեց տարվա այս կառավարումը և 100 տարվա պատմական իրադարձությունները չեն հուշում, որ առանց ամուր, իրական և գետնի վրա դաշնակցի, թիկունքի, Հայաստանը չի կարողանա հավասարը հավասարի պես բանակցել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ:

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեր ասմունքներից և ոտանավորներից պիտի վախենան, կատարյալ հիմարներ են: Նրանք, ովքեր կարծում են, որ անընդահատ զիջելով հնարավոր կլինի բավարարել թուրքերի՝ օր օրի աճող պահանջները, նույնպես հիմարներ են:

Բայց նրանց հիմարությունից տուժում են Հայաստանի և Արցախի քաղաքացիները:

Հայաստանի ինքնուրույն սուբյեկտ դառնալու համար մեր տարածաշրջանում անհրաժեշտ է մեկ բան՝ վերականգնել մեր ռազմավարական բնույթի հարաբերությունները Մոսկվայի հետ, որ հիմնովին կազմաքանդվեցին Փաշինյանի կառավարման վեց տարիների ընթացքում և որի հետևանքով մենք կորցրեցինք Արցախը:

Ի դեպ, մենք ազատագրեցինք Արցախը՝ նույնպես ստանալով այդ նույն ռազմավարական դաշնակցից ավելի քան 1,5 մլրդ դոլարի զենք ու զինամթերք: Եթե ոմանք կարծում են, թե առաջին արցախյան պատերազմում մենք բացառապես ոտանավորներ արտասանելով ենք հաղթել, կատարյալ անմեղսունակներ են: Ոտանավորները, իհարկե, բարձրացնում են մարդկանց ոգին: Սակայն, պատերազմում խիզախ ոգուց բացի, զենքի բավականաչափ առկայությունն է հաղթանակ բերում:

Չհասկանալ այս պարզ ճշմարտությունը, նշանակում է՝ մնալ տհաս և անգրագետ:

Աշխարի բոլոր ժողովուրդների ողբերգությունները գալիս են հենց տգիտությունից:

Դեռ անցյալ դարի 50-ական թվականներին Բերտրան Ռասսելն էր նշել, որ ժողովուրդների համար ամենավտանգավորը ո՛չ պատերազմն է, ո՛չ կոմունիզմը և ոչ էլ սովը, այլ տգիտեւթյունն է, որից կարող են առաջանալ այս երեք արատները:

Ռասսելի այս խոստովանությունը գրեթե 100 տոկոսանոց ճշգրտությամբ վերաբերվում է նաև Հայաստանի քաղաքական դասին, որ մինչ այսօր, վերը նշված պատճառներով, չի կարողացել կանխել սեփական ժողովուրդի գլխին ծանրացած վտանգը:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը