Լրահոս

13.09.2024 17:08


Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում

Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թուրքական քաղաքական և հանրային դաշտում ամենաշրջանառվող թեմաներից է մի միջադեպ, որը կապված էր Էրդողանի հետ:

Օգոստոսի 30-ին՝ Թուրքիայի զինված ուժերի օրը, Պաշտպանության ազգային համալսարանում ավարտական ​​արարողության ժամանակ, որի ժամանակ Էրդողանը Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երեք կին լեյտենանտների սպայական վկայականներ հանձնեց, արտառոց բան տեղի ունեցավ՝ նախագահի հեռանալուց անմիջապես հետո։

Միջոցառմանը ներկա մոտ երկու հարյուր երիտասարդ սպաներ, խախտելով թուրքական բանակի խիստ կարգապահական և արարողակարգային չափանիշները, հեռուստախցիկների առաջ սրերը հանեցին պատյաններից, արտասանեցին ութ տարի առաջ պաշտոնապես արգելված բանակի երդման տեքստը, որից հետո նրանք սկսեցին վանկարկել. «Մենք Աթաթուրքի զինվորներն ենք»։

Այս աղմկահարույց միջադեպը լուրջ ռեզոնանս առաջացրեց թուրքական քաղաքականության ամենաբարձր օղակներում։ Հիմնականում այն ​​պատճառով, որ երիտասարդ սպաների գործողություններին աջակցեցին որոշ նախկին գեներալներ, ովքեր մասնակցել էին անցյալ պետական ​​հեղաշրջումներին և բանտարկվել Էրդողանի կառավարման տարիներին:

Քաղաքական դասի այն հատվածը, ովքեր աջակցում են Էրդողանին, պահանջում են լրջորեն հետաքննել այս միջադեպը:

Թուրքիայի ընդդիմադիր շրջանակները, ճիշտ հակառակը, աջակցում են երիտասարդ զինվորականների արարքը և կոչ են անում, որև է քայլ նրանց դեմ չկիրառել:

Մի քանի օրվա լռությունից հետո արձագանքեց նաև Էրդողանը՝ նշելով բառացի հետևյալը․

«...Եթե ​​Թուրքիայի զինված ուժերի սրտից հանեք հավատը, ապա նրանցից ոչինչ չի մնա... Մոտ անցյալում մենք տեսել ենք դրա ցավալի օրինակներ։ 2016 թվականի հուլիսի 15-ին մենք մաքրեցինք բանակը դավաճաններից՝ ազատելով այն մահացու ուռուցքից, և այժմ, փառք Ալլահին, մեր բանակը վերադառնում է իր ակունքներին։ Այս բանակը բաղկացած է ազգի յուրաքանչյուր անդամից։ Սա ժողովրդի բանակն է, և դա նրանց աչքի լույսն է։ Հիմա բանակում կարող է լինել երեսուն կամ հիսուն մարդ, ովքեր գործում են օրենքին հակառակ։ Նրանք, ովքեր էլ լինեն, չեն կարող մնալ մեր բանակում. մաքրելու ենք...»։

Այսպիսով, Էրդողանը բանակից պահանջում է կոշտ միջոցների դիմել և հեռացնել այն երիտասարդ սպաներին, ովքեր մասնակցել էին այդ ակցիային:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, սակայն, ավելի զուսպ գնահատական տվեց, որի հայտարարության մեջ նշված էր հետևյալը.

«Կասկած չկա, որ մեր զինված ուժերում հանդուրժողականություն չի լինի կարգապահությանը հակասող գործողությունների, միջադեպերի կամ իրավիճակների նկատմամբ:

Նշված միջադեպը բոլոր կողմերից ուսումնասիրվում է։ Քննության արդյունքների հիման վրա, կարգապահական օրենսդրության շրջանակներում, մեղավոր, անփույթ կամ պատասխանատու անձանց նկատմամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։ Ուստի հասարակությունը պետք է հանգիստ լինի և չհավատա նրանց, ովքեր փորձում են մանիպուլյացիայի ենթարկել այդ կադրերն՝ իրենց օրակարգին համապատասխան»։

Այդ երկրի քաղաքական դաշտում արձանագրում են, որ բանակում Էրդողանի հանդեպ անվստահությունը մեծանում է մի շարք պատճառներով:

Նախ, երկրի տնտեսական կյանքը վատթարանում է օր օրի, որտեղ արժեզրկումը գերազանցում է 60 տոկոսը:

Իսկ զինվորական խավը առևտրով չի զբաղված և ստանում է անփոփոխ աշխատավարձ:

Երկրորդ, Էրդողանը անընդհատ փորձում է իրեն համեմատել Աթաթուրքի հետ՝ փորձելով ցույց տալ, որ իր դերն այսօր ավելի բարձր է, քան՝ Աթաթուրքինը 100 տարի առաջ:

Էրդողանն իրեն համարում է նոր օսմանյան կայսրության ձևավորման ջատագով, մինչդեռ Աթաթուրքը կայսերապաշտության դեմ էր հանդես գալիս:

Վերջապես Էրդողանի ձգտումը՝ մեծացնել կրոնի դերը պետական հաստատություններում և հանրային կյանքում, բացասական է ընկալվում բանակում, որտեղ միշտ եղել է աշխարհիկ գաղափարների գերակայություն:

Թուրքական դիտորդները հատուկ ընդգծում են այն հանգամանքը, որ այդ միջացառմանը ներկա ավելի քան 1000 երիտասարդ սպաներից 200-ը մասնակցել են այդ ակցիային, այդ թվում նաև երիտասարդ կին սպաները, ովքեր պարգևատրվել էին Էրդողանի կողմից:

Իսկ դա նշանակում է, որ դա չէր կարող կազմակերպված չլինել՝ առանց Պաշտպանության ազգային համալսարանի ղեկավարության իմացության:

Էրդողանը այն աստիճանի է զայրացած, որ հրահանգել է այդ հարցով զբաղվել Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT):

Այս ամենին կարելի է ավելացնել այն ռիսկերը, որոնք կարող են կապված լինել դրսի գործոնի հետ:

Էրդողանը չի մոռացել, որ 2016-ին հեղշրջումը փաստացի չդատապարտեցին սկզբնական շրջանում ամերիկյան շրջանակները:

Չի բացառվում, որ այդ դժգոհությունները որոնք առկա են այդ երկրի բանակում, ուշադրության կենտրոնում հայտնվեն նաև ամերիկյան պատկան մսրմինների կողմից նույնպես:

Հատկապես, երբ Էրդողանի վերջին հայտարարությունները ԲՐԻՔՍ-ին միանալու վերաբերյալ, հաստատ չէին կարող դուր գալ արևմտյան շրջանակներին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը