Լրահոս

28.11.2011 09:43


Գյումրեցի 388 անօթևան ընտանիքներ բնակարան ստանալու նպատակով փաստաթղթեր չեն ներկայացրել

ՀՀ կառավարության աղետի գոտում բնակբաշխման կարգը սահմանող որոշման մեջ այս տարի աշնանը կատարած մի փոփոխության համաձայն անօթևան ընտանիքներից բնակարաններ ստանալու նպատակով փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ սահմանվեց մինչև 2011 թ. նոյեմբերի 1-ը: Այս պահի դրությամբ Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 3214 ընտանիքների կողմից բնակբաշխման հանձնաժողովին հանձնված գործերից 88-ը թերի են, 388-ը առհասարակ փաստաթղթեր չեն ներկայացրել, իսկ 294 ընտանիքներ էլ բնակբաշխման այս փուլում ենթակա չեն բնակարանային փոխհատուցման, այն պատճառաբանությամբ, որ այդ ընտանիքները երկրաշարժին կորցրել են կամ սեփական տներ, կամ նրանց ընտանիքների մի մասը նախկինում բնակարաններով փոխհատուցվել են կորցրած սենյակների թվով:

Թեև մենք ընդհանուր առմամբ տեղյակ ենք անօթևան ընտանիքների կողմից փաստաթղթեր չներկայացնելու հիմնական դրդապատճառներին, այնուամենայնիվ որոշեցինք այցելել այդ ընտանքներին և տեղում ուսումնասիրել խնդիրը: Գյումրու կենտրոնական հատվածում` Գարեգին Նժդեհի փողոցի սկզբնամասում գտնվող կիսաքանդ հանրակացարաններից մեկի առաջին հարկում են բնակվում 1-ին կարգի հաշմանդամ Աստղիկ Աղեկյանի ընտանիքը: Նրանք չեն կարողացել ամբողջովին համալրել իրենց 15 անձից բաղկացած ընտանիքի բոլոր անդամների փաստաթղթերը, ինչի պատճառով չեն օգտվելու բնակարանային փոխհատուցման իրենց իրավունքից: Իսկ այդ` նախկին հանրակացարանի շենքը, որտեղ նրանք ապրում են երկրաշարժից անմիջապես հետո, վաղուց վաճառվել է և սեփականատերը պարտադրում է օր առաջ ազատել այն:

Այս դեպքում խնդիրը նրանում էր, որ երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում շատ անօթևան ընտանիքների ներսում ձևավորվել են մեկից մինչև մի քանի նոր ընտանիքներ, որոնք սակայն, գործող կարգի համաձայն, միասին ստանալու են մեկ բնակարան, բաղկացած այնքան սենյակներից, որքան նախկին մեկ ամբողջական ընտանիքը կորցրել է երկրաշարժի ժամանակ: Իսկ շատ ընտանիքներում անդամների միջև կա անհամաձայնություն ստանալիք բնակարանի ապագա պատկանելիության վերաբերյալ և մի մասը հրաժարվում է տրամադրել իրենց անձնական փաստաթղթերը, ինչի պատճառով հնարավոր չի լինում ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթը և դիմել բնակբաշխման հանձնաժողովին: Մանրամասը «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում  http://www.youtube.com/watch?v=1vuY-_EhiZY&feature=channel_video_title

Այս խորագրի վերջին նյութերը