Լրահոս

27.11.2011 11:40


Լիտվայում բացվել է ՀՀ դեսպանություն

Նոյեմբերի 26-ին Վիլնյուսում Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Աուդրոնիուս Աժուբալիսի մասնակցությամբ տեղի ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Լիտվայի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները եւ Լիտվայում Հայաստանի դեսպանը:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ խորհրդանշական է մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձին Վիլնյուսում ՀՀ դեսպանության հիմնադրումը: Նախարարը Նալբանդյանը մասնավորապես ասաց. «Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը եւ Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ։ Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարի առաջին արտերկրյա այցը եղել է Լիտվա։ Լիտվան միակն է բալթյան երկրներից, որ դեսպանություն է հիմնել Հայաստանում եւ առայժմ միակն է բալթյան երկրներից, որտեղ Հայաստանը բացում է դեսպանություն։ Այս բոլոր փաստերը հստակորեն վկայում են մեր երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման եւ խորացման գործում մեր նպատակադրվածության մասին: Մենք ունենք ինտենսիվ քաղաքական երկխոսություն, որն իրականցվում է բարձր մակարդակի երկկողմ այցերի, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների միջոցով։ Այս տարի մենք պատիվ ենք ունեցել Երեւանում հյուրընկալելու Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին։ Նրա այցի ժամանակ Հայաստանի Նախագահը խոստացավ, որ  մինչեւ տարվա վերջ Հայաստանը դեսպանություն կբացի Վիլնյուսում եւ այժմ դա իրականություն դարձավ»։

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նաեւ լիտվահայ համայնքին դեսպանության բացման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ լիտվահայությունը նոր եռանդով կնպաստի հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը ։

Իր խոսքում Լիտվայի արտգործնախարարը, հիշատակելով հայ-լիտվական պատմական առնչությունները, նշեց, որ Հայաստանի դեսպանության հիմնումը նոր էջ կբացի երկկողմ բարեկամական հարաբերություններում, եւ Լիտվայի իշխանություններն առավելագույնս կաջակցեն դեսպանատան գործունեությանը:

ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը բարձրացրեց ՀՀ պետական դրոշը:

Այնուհետեւ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով Ստեփանյանը կատարեց դեսպանատան օծման կարգը:

Այնուհետեւ Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները բացեցին ՀՀ դեսպանության ցուցատախտակը, որով ազդարարվեց դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:

Բացման արարողությունից հետո տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի եւ Լիտվայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի հանդիպումը:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Լիտվայի արտգործնախարարը նշեց, որ ինքը ուրախ է Վիլնյուսում հանդիպել իր հայաստանցի գործընկերոջը` ՀՀ դեսպանության պաշտոնական բացման կապակցությամբ:

Արտգործնախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր՝  առեւտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական համագործակցություն:

Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ ընթացիկ լիտվական նախագահության շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք նախարարական խորհրդի հանդիպմանն առնչվող հարցեր: Աուդրոնիուս Աժուբալիսը բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը ԵԱՀԿ գործունեության մեջ` առանձնահատուկ ընդգծելով ՀՀ կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության կառույցներում:

Այս խորագրի վերջին նյութերը