Քաղաքական

12.09.2024 17:08


Հրայր Թովմասյանին դատելու Փաշինյանի ցանկությունը, բացի քաղաքականից, ունի նաև հոգեբանական պատճառ

Հրայր Թովմասյանին դատելու Փաշինյանի ցանկությունը, բացի քաղաքականից, ունի նաև հոգեբանական պատճառ

Բացի այն, որ Փաշինյանը ցանկանում էր բոլոր ճյուղերի իշխանությունները գրավել, նա ուներ մի մեծ ֆոբիա, որն իր առաջ էր եկել երկար տարիների ընթացքում:

Բանն այն է, երբ նա սկսեց իր լրագրողական գործնեությունը, նրա հիմնական պատվիրատուն ներշնչել էր նրան, որ այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչները «հրեշներ են»:

Մի կողմ թողնենք հայ իրականության մեջ առկա քաղաքական մշակույթի խայտառակ որակը: Հայաստանում 1990-ից հետո իշխանության եկան մարդիկ, ովքեր արտաքուստ հետկոմունիստական բարքեր էին փորձում հաստատել, սակայն իրականում նրանք ամենադասական տիպի խորհրդային ավտորիտար բարքերի կրողներ դուրս եկան:

Ընդ որում, եթե ԽՍՀՄ-ի վերջին տարիներին կոմունիստական շրջանակներն ավելի մեղմ բնույթ ունեին, քանի որ գաղափարը խորը ճգնաժամ էր ապրում, և այդ իսկ պատճառով դոկտրինյորների քանակը քչացել էր, այդ նույն ԽՍՀՄ-ի դեմ պայքարողներն ավելի ավտորիտար կերպարներ ունեին, քանի որ իրենց գաղափարները հաղթանակում էին, բայց իրենք այդ նույն ԽՍՀՄ-ի արդյունքն էին:

Եվ զարմանալի չէր, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամենամոդայիկ զբաղմունքը ԿԳԲ-ի լրտեսների փնտրտունքն էր այդ շրջանակների համար:

Ընդ որում այդ փնտրտուքի ձևն ու բովանդակությունը քիչ էր տարբերվում 1937-ի ստալինյան բնույթի մեղադրանքներից: Տարբերությունը միայն այդ մեղադրանքների վերջնարդյունքն էր: 37-ին «մեղավորներին» գնդակահարում էին կամ աքսորում Սիբիր, իսկ մեր ժամանակների բերիաների մեղադրանքների արդյունքում պիտակավորված մարդիկ ընդամենը հեռացվում էին ասպարեզից:

Ընդ որում նոր ժամանակների բերիաները ոչ թե ավելի հումանիստ էին, այլ ժամանակներն էին փոփոխվել:

Կարող ենք պնդել, որ այս նորօրյա բերիաները 37-ին կլինեին ավելի դաժան, քան 37-ի բուն չեկիստները:

Փաստացի կարող ենք նշել, որ անկախացումով Հայաստանն իրականում չանցավ դեստալինիզացիայի գործընթացը:

Փոփոխվեցին լոկ սուբյեկտների պիտակավորման նշանները:

Օրինակ, 90-ական թվականներին այն ժամանակվա իշխող վերնախավն իր ընդդիմախոսներին համարում էր «ԿԳԲ-ի լրտեսներ», իսկ վերջիններս էլ իրենց հակառակորդներին համարում էին «ապազգային սրիկաներ»:

1998-ից հետո այս բանաձևերը փոխվեցին և քաղաքական թատերաբեմ մտավ ղարաբաղյան կլան հասկացությունը: Ընդ որում այս փուլում քարոզը գրեթե միակողմանի բնույթ էր ստացել, քանի որ մի կողմում հակապետական տարրերն էին, որոնք ժողովրդին բաժանում էին արհեստականորեն հայաստանցիների և ղարաբաղցիների, իսկ մյուս կողմում՝ իշխում էր չեռնոմիրդինյան տիպի կոլտնտեսական վերնախավը, որը չուներ քաղաքական նպատակ, քաղաքական պատասխան տալու համար իր հակառակորդներին, նույնիսկ չէր էլ գիտակցում, դրա անհրաժեշտությունը:

Արդյունքում հանրության մեջ առաջ էր եկել մի միֆ, թե Հայաստանը թալանում են ղարաբաղցիները և երկիրը փրկելու համար, ամեն գնով իրենցից պետք է ազատվել:

Այն որ երկրում հաստատված էր կլանա-օլիգարխիկ համակարգ, փաստ է: Բայց այն հաստատվել էր ոչ թե 1998-ից հետո, այլ 90-ականների սկզբին:

Ավելին, այդ 90-ականների համակարգը իր բնույթով ավելի լկտի, ավելի ցինիկ և ավելի հակամարդկային բնույթ ուներ:

Քանի որ 1998-ից հետո այն փոքր ինչ վերափոխվեց, և հնարավոր եղավ գոնե երկրում տնտեսական աճ ապահովել, այն էլ՝ երկրնիշցուցանիշներով:

Բոլոր առումներով 1998-ից հետո կլանա-օլիգարխիկ համակարգի բնութագրիչները առավելություն ունեին իրենցից առաջ ձևավորվածից:

Սակայն միևնույն է արատավոր համակարգը կարող է կարճաժամկետ, սակայն ոչ երկարաժամկետ դերակատարում ունենալ:

Ինչը ցույց տվեց նաև 2018-ի դեպքերը:

Ո՞վ էր իրականում Նիկոլ Փաշինյանը

Շարքային լրագրող, ում սկզբում հավաքագրեց 90-ականների կլանա-օլիգարխիկ համակարգի կառկառուն դեմքերից մեկը, ղարաբաղյան կլանի դեմ պայքարի գործիք դարձնելու համար:

Մի միջավայրում, որտեղ մի կողմը հանդես էր գալիս քաղաքական հռետորաբանությամբ, իսկ մյուս կողմը՝ ոչ, Փաշինյանին դարձրեց հանրության հերոսներից մեկը:

Վերջինս հանդես էր գալիս ազատության և արդարության կարգախոսների ներքո և ոչ ոք հարցադրում չէր անում, թե ով էր իրականում իրեն ուղղորդում և ինչ նպատակներով:

Հասկանալի է, որ չեռնոմիրդինյան բնույթի վարչաբյուրոկրատական համակարգի ֆոնին, Փաշինյանը կարող էր և հայկական դեմոկրատիայի փարոս ընկալվել:

Սակայն հանրության իրական շրջանակները գիտեին, թե ով՝ ով է:

2018-ից հետո Փաշինյանի իրական էությունը ջրի երես դուրս եկավ, և մարդիկ առաջին անգամ հասկացան, որ գործ ունեն 90-ական թվականների տիպի դասական կլանա-օլիգարխիկ պատկերացումների ներկայացուցչի հետ:

Նրանք իրենց բնույթով դասական բոլշևիկյան պատկերացումներով էին շարժվում:

Իրենց պատկերի մեջ աշխարը բաժանված է իրենց և իրենց հակառակորդների միջև, ի դեմս ղարաբաղյան կլանի և ընդհանրապես Արցախի և արցախահայության:

Եթե որև է մեկը բացասական չի տրամադրված ղարաբաղցու հանդեպ (կապ չունի, թե ինչ դասի), ուրեմն իրենց դասակարգային թշնամին է համարվում:

Քանզի այս մթնոլորտում են այս մարդիկ ապրել և զարգացել 1998-2018 թվականների ժամանակաշրջանում:

Ըստ այս տրամաբանության, թշնամի արցախցիները ունեն տարբեր աստիճաններ:

Առաջին և գլխավոր թշնամին դա իհարկե, ըստ իրենց, «ղարաբաղյան կլանի» ղեկավար Ռոբերտ Քոչարյանն է:

Երկրորդ տեղում է Սերժ Սարգսյանը, երրորդ տեղում են Արցախի նախկին ղեկավարները: Մնացածները, շարքային արցախյան չինովնիկները և նույնիսկ հասարակ արցախցիները, այս մարդկանց կողմից ընկալվում էին, որպես «շարքային թշնամիներ»:

Արցախի ոչնչացումը պատահական բնույթ չուներ: Դրսի հայտնի շրջանակները լավ հասկանում էին, որ 2018-ից հետո առաջացել էր «հնարավորությունների պատուհան»՝ հակաղարաբաղյան տարրերի կողմից Հայաստանում ոչնչացնել բուն Արցախը, արցախցիների հետ միասին, որի արդյունքում կթուլանար Ռուսաստանը և իր դաշնակից համարվող Հայաստանը:

Պետք է նշել, որ այս կարճ ժամանակահատվածում այս ծրագիրը «փայլուն» կերպով կյանքի կոչվեց Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ:

Վերջինս հասկանում էր, թե ինչ ծրագիր պիտի կյանքի կոչեր նա 2018-ին, 2019-ին և հատկապես դրա համար էր անհրաժեշտ, որ այդ ժամանակվանից երկրի իշխանության բոլոր ճյուղերը հայտնվեին իր տակ:

Ինչո՞ւ Հրայր Թովմասյանի հետ Փաշինյանը լեզու չկարողացավ գտնել

Գրավելով երկրի գործադիր և օրենսդիր իշխանությունները, Փաշինյանն բնականաբար պիտի իր ձեռքը վերցներ նաև դատական համակարգը և ՍԴ-ն:

Եթե հիշենք, ՍԴ-ի վրա հենց սկզբից մեծ ճնշումներ չկային:

Այն սկսվեց այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանը մերժեց Փաշինյանի գործիքը դառնալ՝ «գլխավոր ղարաբաղցու» դեմ գործում:

Հրայր Թովմասյանը ղարաբղցի չէր (այսինքն դասակարգային թշնամի չէր) և ուրեմն հնարավորություն ուներ ընտրություն կատարելու, ըստ Փաշինյանի պատկերացումների, «հայաստանցիների և ղարաբղցիների միջև»:

Ուշադրություն դարձնենք թե ինչ էր գրում «ՀԺ»-ն 2019-ին.

«... Ամեն դեպքում, այս իրավիճակից ելքեր կան, եւ Հրայր Թովմասյանը պետք է որոշում կայացնի։ Նա ինքը պետք է որոշի՝ կա՛մ հաշվի է առնում հանրության վերաբերմունքն անձամբ իր և ՍԴ ներկայիս կազմի նկատմամբ և հրաժարական է տալիս, կա՛մ խզում է «կապերը անցյալի հետ» և գործում իսկապես անաչառ, կա՛մ (և սա ամենաանցանկալի տարբերակն է պետության համար) շարունակում է ծառայել ԱՌԱՋԻՆԻՆ, որպես վերջին բաստիոն և աշխարհով մեկ աղմկում հանում, իբր ՆՐԱ դեմ մտացածին քաղաքական հետապնդումների մասին (ակնկալիքով, որ եթե հանկարծ բացահայտվեն նախկին գործունեության տարիներին իր կատարած չարաշահումները, նա կկարողանա պաշտպանվել այնպես, ինչպես այժմ իր «հաճախորդը» Քոչարյանը): Տրամաբանությունը թելադրում է, որ Հրայր Թովմասյանը պետք է ընտրություն կատարի առաջին երկու տարբերակների միջև, սակայն նա, ըստ ամենայնի, գնում է երրորդ ճանապարհով...»:

Այսինքն Փաշինյանի համար, Հրայր Թովմասյանը «դավաճան է և ուրեմն պիտի պատժվի», քանզի նա ընտրել է, ոչ թե «հայաստանցիների, այլ ղարաբաղցիների կողմը»:

Հասկանալի է, որ այսօրվա Հայաստանի ղեկին կանգնած է հակապետական տարր, ով իր բարդույթների պատճառով կործանեց Արցախը և հասկացել է, որ իր իշխանության մեջ մնալը կործանելու է նաև Հայաստանը:

Բայց ոչ մի գործիչ չի ուզում կործանվի, նույնիսկ եթե դրա այլնտրանքը կարող է դառնալ երկրի փրկությունը:

Այդ իսկ պատճառով նա ամեն կերպ փորձելու է վերացնել պետական կառույցներից այն մարդկանց, ովքեր իր համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում:

Հրայր Թովմասյանից հետո գալու է եկեղեցու հերթը, քանի որ որպես միասնական կառույց միակն է մնացել, որ իր վերահսկողության տակ չի անցել:

Սակայն հաշվի առնելով այն, որ ժամանակի ընթացքում, նույնիսկ ամենաթերզարգացած շրջանակներն են հասկանում, թե ինչը ինչոց է և, բացի այդ, աշխարհաքաղաքական գործոնները թույլ չեն տալիս, որ Փաշինյանը կյանքի կոչի իր երազանքները, նույնիսկ զրոյացած ընդդիմության պայմաններում, Փաշինյանը գիտի, որ առջևում իրեն սպասում է հանրային մեծ պայթուն:

Այն ինչ կատարվեց այս տարվա մայիսի 9-ին, Փաշինյանը գիտի, որ չի կարողանալու խուսափել գալիք փուլերում:

Իր հույսը մեկն է, որ գալիք հանրային պայթյունը ունենա այն նույն ճակատագիրը, ինչ եղավ մայիսի 9-ից հետո Հայաստանում:

Սակայն նույնիսկ հանրության ամենատգետ հատվածն է արդեն պահանջում, որ երկրում իրավիճակը փոփոխվի, քանի որ հասկացել է, որ Արցախից հետո Հայաստանն է հայտնվելու կործանման մեջ, եթե Փաշինյանը մինչ այդ մնա իշխանության:

Այդ իսկ պատճառով հանրային այս պահանջն արդեն կյանքի կկոչվի, քանզի երբ հանրությունն արդեն ամբողջովին հասունանում է, հասունանում է նաև այդ պահանջարկին առաջարկ տվող քաղաքական հատվածը:

Իսկ թե ինչպես և ով կիրականացնի այդ առաջարկը այլ խոսակցության հարց է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը