Քաղաքական

11.09.2024 12:05


ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մոր համար կառուցվող առանձնատան օրինականության հարցով գործընթացը կանգ է առել. «Ժողովուրդ»

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մոր համար կառուցվող առանձնատան օրինականության հարցով գործընթացը կանգ է առել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հակակառուպցիոն կոմիտեում կանգ է առել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու օրինականության ստուգման գործընթացը։ Գրեթե 4 ամիս նախաքննական մարմինը ստուգում է, սակայն սայլը տեղից այդպես էլ չի շարժվում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունը ստուգում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Պողոսյանը, որն անձամբ է ղեկավարում կառույցի օպերատիվ գործողությունները: Ինչպես հայտնի է` Հակակոռուպցիոն կոմիտեում «Հետքի» հրապարակումից հետո ստուգումներ են սկսվել` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների առանձնատան կառուցման փաստով:

Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ, մինչև նախարար դառնալը արտագնա աշխատանքով զբաղվող (խոպանչի) Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։ Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը նախարարի անունից հայտնել էր, թե առանձնատունը կառուցում են Սանոսյանի եղբայրները, և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանք է, բայց նա այդպես էլ չէր պարզաբանել՝ մինչև նախարար դառնալը, երբ Սանոսյանն էլ եղբայրների հետ արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինչու 3 եղբայր միասին չէին կարողանում մինչև 2018 թվականը մայրաքաղաքում առանձնատուն կառուցել:

Հույս ունեինք, որ այս գործը մինչև վերջ կքննվեր, այլ ոչ թե մյուս աղմկահարույց դեպքերի նման ծածկադմփոցի կարժանանար, սակայն այդ հույսերը չարդարացան։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե հասկանալու համար, թե ինչ պարզեցին այս 4 ամիսների ստուգման արդյունքում, կա քրեական վարույթ, թե ոչ: Ի պատասխան՝ հայտնեցին, որ քրեական վարույթ չկա։ Այսինքն, նորմալ է, որ նախարարի թոշակառու մայրը 230 հազար դոլարանոց տուն է կառուցում. ընդ որում դա երևացող մասն է»:

Այս խորագրի վերջին նյութերը