Աշխարհ

10.09.2024 10:44


Գազայի հարավում իսրայելական հարվածներից 40 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել

Գազայի հարավում իսրայելական հարվածներից 40 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել

Գազայի իշխանությունները հայտնել են, որ անկլավի հարավում գտնվող Խան Յունիսի նահանգում իսրայելական հարձակման հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ևս 60 մարդ՝ վիրավորվել։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածի թիրախում է եղել զինյալների հրամանատարական կենտրոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Հաղորդվում է, որ հարվածը հասցվել է Ալ Մավասիի շրջանին, որտեղ գտնվում է տեղահանվածների վրանային ճամբարը:

Ականատեսները BBC-ին հայտնել են, որ կեսգիշերից անմիջապես հետո Ալ Մավասիի շրջանում ուժեղ պայթյուններ են լսվել, և երկինքը լուսավորվել է։ Հարվածներից առաջացել է յոթ մետր խորությամբ երեք փոս, որոնցում թաղվել է ավելի քան 20 վրան:

Դեռևս կան անհետ կորածներ, որոնց գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Ընդհանուր առմամբ, ըստ տեղի պաշտոնյաների, Ալ Մավասիի շրջանում եղել է 200 վրան, որոնցից 20-40-ը ոչնչացել են։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ կործանիչները հարվածել են Գազայի հարավում գտնվող հումանիտար գոտում գաղտնի գործող արմատական ՀԱՄԱՍ շարժման հրամանատարական կենտրոնին:

«Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են համակարգված կերպով շահագործել քաղաքացիական և հումանիտար ենթակառուցվածքները, ներառյալ՝ սահմանված հումանիտար գոտին, Իսրայել պետության և Իսրայելի պաշտպանության բանակի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ նախքան հարվածը «միջոցներ են ձեռնարկվել՝ նվազագույնի հասցնելու քաղաքացիական անձանց վնաս հասցնելու հավանականությունը, այդ թվում՝ բարձր ճշգրտության զենքերի, օդային հսկողության և այլ միջոցների օգտագործման միջոցով»:

Ավելի ուշ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ հարվածի վայրում գրոհայիններ չեն եղել:

Հազարավոր պաղեստինցիներ ստիպված են եղել փախչել Խան Յունիս, երբ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո պատասխան ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում։ Այդ գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը գերազանցել է 40 900-ը։ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում սպանվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ գերեվարվել էր։

Այս խորագրի վերջին նյութերը