Կարծիք

07.09.2024 11:37


Ինչպես են աղճատել մի ամբողջ սերունդ․․․

Ինչպես են աղճատել մի ամբողջ սերունդ․․․

Գլուխ 1. 2018-ի ապրիլին, երբ Գյումրիում սկսվեցին ցույցերը, ցուցարարները գալիս էին մարզպետարանի մոտ։ Ամենից հաճախ վանկարկում էին «Մենք ենք տերը մեր երկրի»։ Ի տարբերություն այսօրվա ժողովրդական իշխանությունների, միշտ իջնում էի ցուցարարների հետ խոսելու։ Նրանց թվում մի միջին տարիքի կին կար, երկու կամ երեք մանկահասակ երեխաների հետ, ովքեր դեմքերը վիրաբուժական դիմակով էին ծածկում։ Միայնակ բազմազավակ մայր էր (կարծեմ հինգ երեխա ուներ), ակներևաբար, համեստ ապրուստի կին։ Հետո իմացա, որ մշտապես մարզպետարանն իրեն օգնել է։ Ի դեպ, ինքն էլ դա չժխտեց ու շատ շնորհակալ էր դրա համար։ Ինչևէ․․․ Այս կինն ամենից բարձրն էր վանկարկում․ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Հրավիրեցի աշխատասենյակս։ Ասում էր՝ «ավարտած եմ»։ Պարզվեց, որ ոչ։ Ինչ աշխատանք առաջարկեցինք, ինչու մերժեց, թող մնա նրա, իմ, հանգուցյալ փոխմարզպետ Արշակյանի ու մեր ևս մեկ աշխատակցի միջև։ Իր ուզածն ինչ էր, թող մնա իր խղճին։ Չդիմացա, ասացի. «Ախր դու քո ընտանիքին չես կարողանում տիրություն անես, երկրին ո՞նց ես տեր լինելու»։ Հաջորդ օրը տեսա, որ Երևանում է, Նիկոլի կողքով քայլում էր։ Ինչպես հասավ Երևան, թող ինքը պատմի։

Գլուխ 2. «Սիրո և համերաշխության հեղափոխությունից» 110 տարի առաջ հեղափոխական Վլադիմիր Ուլյանով Լենինը մի աշխատություն էր գրել․ «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ»: Սովետական և պոստ-սովետական ֆիզիկոսներս այդ աշխատությունը կոչում էինք «Մատերիալիզմ և էմպիրիոկրետինիզմ»։

Գլուխ 3. Քվանտային էլեկտրոդինամիկայի (ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է էլեկտրամագնիսական դաշտի ու լիցքավորված մասնիկների փոխազդեցությունը) երբևէ գրված դասագիրքը հեղինակել են Ախիեզերն ու Բերեստեցկին։ Հրատարակություններից մեկի նախաբանում հղում կար Լենինի այդ աշխատության վրա, թե բա Լենինն իր կրետինիզմում մատերիայի մասին ճիշտ բան էր ասել, երևի թե նույնիսկ Էյնշտեյնից ու Մաքս Պլանկից առաջ։

Գլուխ 4. Ասում են, թե Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատունը» երկար ժամանակ չէին թողնում հրատարակել։ Բանը նույնիսկ հասնում է նրան, որ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը կանչում է իր մոտ, խորհուրդ է տալիս պոեմում մի քանի բառ Լենինի ու պարտիայի մասն գրի, որ թողնեն գիրքը տպագրվի։ Վստահ չեմ, ինչ որ մի տեղ կամ լսել, կամ կարդացել եմ, բայց Սովետից սպասելի էր։

Գլուխ 5. Տղաս սովորում է 7-րդ դասարանում։ Այսօր դասագրքերն էի նայում։ Վերցրեցի քիմիայի դասագիրքը․․․․ Առաջին դաս․․․ Վերջում մեծ տառերով գրված էր․ «Դու ես տերը քո երկրի»։ Միգուցեև պատահականություն է, չգիտեմ, բայց 12 տարեկան երեխան շատ ճանապարհ պետք է անցնի մինչև տեր դառնա։

Գլուխ 6. Նոր տեսա 3-րդ դասարանի Մայրենի դասագրքի կազմը (ի դեպ, 3-րդ դասարանցի տղաս լրիվ այլ գրքով է անցնում)։ ՔՊ-ի լոգոյին շատ նման մի նկար։

Մի՛ արեք նման բան, մի արեք։ Սրանից մինչև հոկտեմբերիկ ու պիոներ կես քայլ է, իսկ դա արդեն Սովետ է․․․․։

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը