Լրահոս

05.09.2024 16:07


ԱՄՆ-ն բաց պատերազմ է սկսել Իվանիշվիլու դեմ, իսկ վերջինս Սահակաշվիլուն համեմատում է Հիտլերի հետ

ԱՄՆ-ն բաց պատերազմ է սկսել Իվանիշվիլու դեմ, իսկ վերջինս Սահակաշվիլուն համեմատում է Հիտլերի հետ

Ինչպես հայտնի է, Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալու են խորհրդարանական ընտրություններ:

Այս ընտրությունն էապես տարբերվելու է նախորդներից մեկ գործոնով:

Այս անգամ քաղաքական երկու բևեռների պայքարը միմիայնց դեմ կրելու է բառի բուն իմաստով՝ մահացու բնույթ:

Վրաստանի ընդդիմադիր շրջանակները հայտարարում են, որ հաղթելու են այս ընտրություններում և դատելու են ներկայիս իշխանություններին՝ Ռուսաստանին ծառայելու համար: Իսկ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ այս ընտրությունների արդյունքում ձգտելու են ստանալ սահմանադրական մեծամասնություն, որպեսզի կարողանան օրենսդրորեն արգելել Սակաշվիլու թիմին և նրա կողմնակիցներին՝ զբաղվելու քաղաքականությամբ:

Մասնավորապես, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցություններն արգելելու ծրագրերը համեմատեց 1945 թվականից հետո «գերմանական քաղաքականությունից Հիտլերի կուսակցությունը հեռացնելու հետ»:

Կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Կոբախիձեն քննարկել է հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո «կոլեկտիվ ազգային շարժման» խորհրդարան մտնելու հնարավորությունները։

«Եթե Ազգային շարժումը հաղթահարի պատնեշը, սա առանձին խնդիր է, բայց մի բան կարելի է ասել, նույն Գերմանիայում , եթե Հիտլերի կուսակցությունը 1945 թվականից հետո մնար քաղաքականության մեջ, ապա նույնպես կկարողանար հավաքել ձայների մոտ 15-20%: Դա տեղի է ունենում յուրաքանչյուր հասարակությունում և վրացական հասարակության մեջ առանձնահատուկ խնդիր չէ, բայց մենք պետք է վերջապես վերացնենք այս արհավիրքը, ինչպես գերմանացիները վերացրեցին արհավիրքը իրենց երկրից՝ շատ հեշտ և խստորեն»,- ասել է վարչապետը։

«Եթե Գերմանիան 40-ականներից հետո չարգելեր նացիոնալ-սոցիալիստներին, ապա այդ երկիրը մշտական ​​դժբախտության մեջ կլիներ»,- ավարտում է իր միտքը Վրաստանի վարչապետը։

Հավելենք, որ ներկայիս Վրաստանի իշխանությունները այս տարվա մայիսին ընդունեցին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ, որը զգալիորեն թուլացնում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտորեն կապված քաղաքական ուժերի դերն ու նշանակությունը այդ երկրի քաղաքական դաշտում:

Իսկ երեկ, իշխանությունները ընդունեցին «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որը էապես թուլացնում է սեքսուալ փոքրամասնությունների հնարավորությունները քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել հանրային կյանքում:

ԵՄ-ն արդեն խստորեն դատապարտեց այս որոշումը, սակայն ընդդիմության կողմից որևէ սուր հակազդեցություն չարձանագրվեց, քանի որ վրաց հասարակության մեջ այս խնդրի շուրջ տեսակետները միասնական են և վրացիների գրեթե 90 տոկոսը մերժում է ԵՄ-ի մոտեցումները այս հարցի վերաբերյալ:

Վրաստանի իշխանությունները հատուկ հենց այս պահին ընդունեցին այս որոշումը, ընտրություններից 1,5 ամիս առաջ, որպեսզի ցույց տան ԱՄՆ-ին և ԵՄ-ին, որ իրենց քաղաքական գործընկերների դիրքերը Վրաստանում ուժեղ չեն:

Ինչ վերաբերվում է Վաշինգոնին և Բրյուսելին, ապա վերջիններս չեն էլ թաքցնում, որ եթե ընտրություններում իրենց համար բավարար արդյունք չեղավ, ապա սկսելու են լայնամաշտաբ արշավ Իվանիշվիլու թիմի դեմ՝ կիրառելով բոլոր հնարավոր գործիքակազմերը:

Մասնավորապես, այս օրերին, ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան ու Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը Թբիլիսիի Rooms Hotel հյուրանոցում, որտեղ տեղակայված են նաև, ՄակՔեյնի ինստիտուտը, Ջորջ Բուշի ինստիտուտը և Տնտեսական քաղաքականության հետազոտական ​​կենտրոնը (EPRC), անցկացնում է իր թվով 8-րդ միջոցառումը. Թբիլիսիի միջազգային կոնֆերանսը՝ «Շրջադարձային տարի» պերճախոս անվաանմամբ, ցույց տալու համար, թե ինչ նշանակություն են ունենալու Արևմուտքի համար վրացական ընտրությունների արդյունքները:

Կուրտ Վոլքերը արդեն չի էլ թաքցնում, որ գտնվելով Վրաստանում, նպատակ ունի համախմբել ողջ վրացական ընդդիմությանը մեկ կենտրոնում, որպեսզի հնարավոր լինի հասնել հաջողության:

Վոլքերը ներկայիս Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլուն համարում է, «Վրաստանի խիղճը», որն ինչպես հայտնի է, սուր ընդդիմության մեջ է գտնվում իշխանության հետ:

Վոլքերը գրեթե բացահայտ ակնարկում է, որ Իվանիշվիլու թիմը գտնվում է Պուտինի վերահսկողության տակ, իսկ իշխանություններն էլ Վոլքերին և ԱՄՆ-ի այս վարչակազմի ներկայացուցիչներին մեղադրում են «Աշխարհի գլոբալ պատերազմի» կողմնակից լինելու մեջ:

Ջորջ Բուշի ինստիտուտի տնօրեն Դեյվիդ Քրամերն, իր հերթին, հրապարակավ հայտարարում է, որ «Վրաստանի դեմոկրատիայի փարոսը Սաակաշվիլին է, իսկ Իվանիշվիլին և իր քաղաքական թիմը պիտի խստորեն պատժվեն»:

Ուշադրություն դարձնենք, որ այսպիսի հակամարտության աստիճանը գալիս է հենց ԱՄՆ-ից, որտեղ իրենց նախագահական ընտրություններում, հենց այս նույն հռետորաբանությունն է տիրում, որտեղ նույնիսկ նախագահի թեկնածուի վրա կրակում են:

Այսպիսի հակամարտություններ են առաջացել, գրեթե բոլոր այն երկրներում, որտեղ գերիշխում են ամերիկացիները: Ուկրաինայում, փակվել են գրեթե բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կարող էին ընդդիմանալ Զելենսկուն և, միաժամանակ, կասկածի տակ դնել ԱՄՆ-ի դերը Ուկրաինայի համար: Ավելին, այդ երկրում նույնիսկ Ուղղափառ եկեղեցին է հարվածի տակ հայտնվել:

Նույն վիճակն է նաև Մոլդովայում, որտեղ նույնպես փակվում են կուսակցությունները, սակայն որևէ քննադատություն չի հնչում ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի կողմից:

Միակ երկիրը, որտեղ հակամարտությունը դեռ կարմիր գծերը չի անցել դա Հայաստանն է, բայց դա էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ի դերը դեռ այն աստիճանի չի հասել, ինչքան դա կա Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում:

Թեև պետք է խոստովանել, որ ամերիկացիներին Հայաստանում էլ հաջողվել է միջքաղաքական վեճերը հասցնել կոշտ հռետորաբանության աստիճանի, որտեղ կողմերից մեկը մյուսին մեղադրում է ռուսամետության կամ թուրքամետության մեջ:

Այս քաղաքական մշակույթի աղբյուրը նույնպես ամերիկացիներն են, քանզի դա է ցույց տալիս վերը նշված երեք երկրների փորձը:

Ամերիկացիներին լուրջ քաղաքական բանավեճերը հետաքրքիր չեն, քանի որ այս երկրները ամերիկացիների համար, հետաքրքիր են որպես բացառապես Ռուսաստանի դեմ «պայքարի գործիքներ»:

Իսկ երբ այդ պայքարի գործիքների երկրի ներսի գործակալները բերում են այդ ժողովուրդներին մեծ ողբերգություններ, առաջ է գալիս բուն ժողովուրդների զայրույթը այդ գործակալների նկատմամբ:

Սովորաբար, նման կոնֆլիկտները ավարտվում են քաղաքացիական պատերազմներով: Ուկրաինային և Մոլդովային դրանից հետ է պահում զուտ արտաքին հանգամանքը, Հայաստանին՝ Ադրբեջանի կողմից սպառնալիքները և միայն Վրաստանում է, որ այդ քաղաքացիական պատերազմը կարող է իրական դառնալ ընտրություններից հետո, եթե իշխանությունն այդ ընտրություններում որակյալ մեծամասնություն չստանա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը