Քաղաքական

04.09.2024 16:11


Ո՞վ է սաբոտաժի ենթարկում խաղաղության պայմանագրի ստորագրումն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը (տեսանյութ)

Ո՞վ է սաբոտաժի ենթարկում խաղաղության պայմանագրի ստորագրումն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը (տեսանյութ)

(«Մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է» բանաձևը անարդյունավետ է և վտանգավոր)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Պաշտոնական Բաքուն շարունակում է «տորպեդահարել» Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ առաջ քաշած թեզերը։ Եվ հետևելով Հիքմեթ Հաջիևի՝ Հայաստանի Հանրապետությունից եվրոպացի դիտորդներին դուրս բերելու պահանջներին և Հայաստանի սպառազինության սահմանափակումներին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժեց Փաշինյանի՝ կողմերի միջև համաձայնեցված 13 հոդվածների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկը։

Բայրամովը հայկական կողմին խորհուրդ տվեց ավելի լուրջ մոտենալ հարցին․ «Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետեր է դուրս թողել։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին», — ասել է նա:

Այսինքն՝ խաղաղության պայմանագրի «հակիրճ» ձևաչափ չի լինելու։ Բաքուն շարունակում է առաջնորդվել «ինչու վերցնել մասը, եթե կարող ես վերցնել ամեն ինչ» սկզբունքով և ցանկանում է առավելագույնը ստանալ Հայաստանի հետ բանակցություններից։

Չկա խաղաղության պայմանագիր, չկա Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը: Ի վերջո, 2021-ին խաղաղության մասին թեզերով էր, որ նա գնաց արտահերթ ընտրությունների։ 2021 թվականի մեկ այլ կարևոր թեզ կապված էր ապաշրջափակման հետ։ Սակայն 3 տարի անց Հայաստանի Հանրապետությունով հաղորդակցությունները ոչ միայն բաց չեն, այլև ականատես ենք լինում, թե ինչպես են տարածաշրջանային հաղորդակցությունները շրջանցում Հայաստանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրապես ստանում է իր իսկական անունը՝ «Փաշինյանական տուպիկ»։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ուլյանովսկից Ադրբեջան 70 վագոնանոց առաջին բեռնատար գնացքը կմեկնի այս տարվա սեպտեմբերին։ Այս երթուղին, լինելով ավելի գլոբալ Հյուսիս-Հարավ ծրագրի մի մասը, նախատեսված է տարեկան 200 հազար տոննա բեռ տեղափոխելու համար։

Այստեղ է, որ լեգիտիմ հարց է ծագում՝ ո՞վ է սաբոտաժի ենթարկում խաղաղությունը և հաղորդակցությունների ապաշրջափակումը:

Խաղաղության պայմանագրի հարցում Հայաստանը սխալ մոտեցում ունի, նույնիսկ գործընթացի փիլիսոփայության տեսանկյունից. որպեսզի Բաքուն ցանկանար պայմանագիր կնքել, ՀՀ-ն պետք է 2020 թվականից պահպաներ Արցախը, պետք է փորձեր լուծել ԼՂՀ-ում խաղաղապահների գտնվելու տևողության հարցը, նրանց մանդատը դարձրեց անժամկետ, պետք է բարեփոխվեր բանակը ՌԴ-ի հետ միասին, պետք է անցկացվեր մի շարք զորավարժություններ՝ ուղղված ԻՀՊԿ զորքերի հետ ռազմական համագործակցության ամրապնդմանը։ Սա որոշակիորեն կվերականգներ տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Բաքուն մտավախություն կունենար, որ ՀՀ-ն կարող է վերանայել 44-օրյա պատերազմի արդյունքները, ինչը նրանց համար խաղաղության պայմանագիրը կդարձներ մի տեսակ երաշխիք՝ ստատուս քվոն պահպանելու համար: Ադրբեջանը շահագրգռված կլիներ խաղաղության պայմանագրով, եթե դրանում տեսներ իր անվտանգության երաշխիքը։ Բայց քանի որ Փաշինյանի կառավարությունը վերը նշվածից ոչ մեկը չարեց, այլ առաջնորդվեց «մեր անվտանգությունը մեր անպաշտպանության մեջ է» բանաձևով՝ դրանով արդարացնելով ամեն ինչ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի մասի հանձնումը, Տավուշի մարզի գյուղերի հանձնումը և Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը․․․ եւ եկանք «Փաշինյանական տուպիկի» վերածվող երկրի վիճակին:

Մտածե՛ք այդ մասին…»։

Այս խորագրի վերջին նյութերը