Քաղաքական

04.09.2024 08:07


Փաշինյանի կառավարության միլիարդանոց «նվերը» նախկին պաշտոնյայի որդուն

Փաշինյանի կառավարության միլիարդանոց «նվերը» նախկին պաշտոնյայի որդուն

Նախկին իշխանության հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանի որդին՝ Ալֆրեդ Սադոյանը, իր 33-ամյակի օրը՝ օգոստոսի 29-ին, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից հրաշալի «նվեր» է ստացել: Այս մասին գրում է «Հետքը»։

«Այդ օրը գործադիրը չզեկուցվող կարգով կայացրել է մի որոշում, որով Ա. Սադոյանի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին (Next Gen Sports) պիտի օտարի «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն: Սա պետական ընկերություն է, որն իր հաշվեկշռում ունի Երեւանի կենտրոնում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող շուրջ 2 հա հողամաս: Բայց սա ամենը չէ: Նույն որոշմամբ Կառավարությունն անհատույց օգտագործման իրավունքով 1,85 հա մակերեսով անշարժ գույք է տրամադրելու Սադոյանի ընկերությանը Ավան վարչական շրջանում:

Կրթությամբ իրավաբան, դիվանագետ ու տնտեսագետ Ալֆրեդ Սադոյանն այս հողամասերում նախատեսում է սպորտային ներդրումային ծրագիր իրականացնել աշխարահռչակ իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Ռուբեն Սադոյանը 2007-2017 թթ. ԱԺ պատգամավոր էր ՀՀԿ-ից, իսկ 2017-2022 թթ. ՀՀ դեսպանն էր Վրաստանում: Ալֆրեդ Սադոյանն էլ, ըստ իր LinkedIn-ի էջի, 2013-2018 թթ. աշխատել է ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ 2018-ի մայիս-հոկտեմբերին եղել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի օգնականը: 2021-2023 թթ. կրտսեր Սադոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ-ի կարգավորող մարմինն է) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի օգնականն էր։ Քամալյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 2020-2024 թթ., իսկ վերջերս՝ օգոստոսի 27-ին, նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:

Այդուհանդերձ, «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն նոր ընկերություն է. հիմնադրվել է Երեւանում այս տարվա փետրվարին, սեփականատերն ու տնօրենը Ա. Սադոյանն է: Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ զբաղվում է սպորտի բնագավառում կրթական գործունեությամբ, իսկ ներդրումային ծրագրից տեղեկանում ենք, որ ընկերության հիմնական խնդիրը եւ նպատակը Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Սակայն, կրկին ՊԵԿ-ի համաձայն, ՍՊԸ-ի գործունեությունը ներկա պահին ժամանակավոր դադարեցված է:

«Հրազդան մարզահամալիր» պետական ՓԲԸ-ն 2006-ի դեկտեմբերին ներառվել է մասնավորեցվող պետական գույքի ցանկում: Փաստորեն, մինչեւ այս վերջին գործարքը պետությունը փորձում էր օտարել այդ ընկերությունն ու դրան պատկանող գույքը: Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը հանձնվել էր ՏԿԵՆ-ին ենթակա Պետգույքի կառավարման կոմիտեին (ՊԳԿԿ)»–գրել է լրատվամիջոցը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Այս խորագրի վերջին նյութերը