Հարցազրույց

25.11.2011 15:29


Լյովա Խաչատրյան

Լյովա Խաչատրյան

Հարցազրույց 014 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, «Նիգ-Ապարան հայրենակցական միության» խորհրդի անդամ Լյովա Խաչատրյանի հետ

–Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է արգելել գործարարների մուտքը հաջորդ գումարման խորհրդարան։ Կարծում եք՝ գործարարները նպաստ չե՞ն բերում օրենսդիր աշխատանքին։

–Ես գործարար չեմ, ինձ համար դժվար է ասել։ Բայց չեմ կարծում՝ միանգամից, 100%–ով դա կիրառելն արդյունավետ կլինի։ Իհարկե, դա ճանապարհ է, բայց չեմ կարծում, որ դա պետք է արվի «տապոռով»՝ միանգամից։ Այժմ խորհրդարանում պատգամավորներ կան, որոնք գործարարներ են և շատ ակտիվ ու արդյունավետ աշխատում են ԱԺ–ում՝  հօգուտ երկրի։ Հետո գործարարությունն ու սեփականատիրությունը պետք է տարբերվեն։

–Դուք հայտարարել էիք, որ անդամագրվելու եք «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ լինելով նախագահի թիմի ներկայացուցիչ, և քանի որ ՀՀ գյուղատնտեսության նախարարն այդ կուսակցության անդամ է, այդպիսով Ձեզ ավելի մեծ հնարավորություն կտրվի՝ զբաղվելու գյուղի, գյուղացու խնդիրներով ու հոգսերով:

Ես չեմ անդամագրվել ՕԵԿ–ին։ Ուղղակի ասել եմ, որ հնարավոր է, և անհրաժեշտ է։ Երկրի ապագան կուսակցությանն անդամագրվելն է. երկրի կառավարման համար ուրիշ ճանապարհ չկա, քան կուսակցությունների միջոցով։ Բոլոր երկրներում էլ եթե մարդիկ ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, անդամագրվում են որևէ կուսակցության։

–Ի վերջո, Դուք անդամագրվելո՞ւ եք ՕԵԿ–ին։

–Թողնենք այդ հարցը։

–Այսինքն, դեռ վերջնական որոշում չե՛ք կայացրել։

–Թողնենք և անցնենք առաջ։

–Հնարավո՞ր է, որ մեկ այլ կուսակցության անդամագրվեք։

–Դեռ մտածում եմ։ «Օրինաց երկիրը» շատ նորմալ կուսակցություն է։ Բոլոր կուսակցություններն էլ նորմալ են։ Բայց քանի որ ես մինչև հիմա կուսակցական չեմ եղել, ինձ համար այս որոշումն ընդունելը դժվար է։

–Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստանին» հնարավո՞ր է՝ անդամագրվեք։

–Ամեն ինչ հնարավոր է։ Неисповедимы пути Господни։ Ամեն ինչ հնարավոր է այս երկրում։ Քանի որ ինձ համար անհասկանալի է, ես մի քիչ դժվարությամբ եմ նախընտրում կուսակցականությունը։ Ամեն ինչ հնարավոր է. դեռ որոշում չեմ կայացրել։

–Որոշե՞լ եք՝ մասնակցելո՞ւ եք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Թե՞ այդ որոշումն էլ դեռ չեք կայացրել։

–Այդ որոշումը կայացված է վաղո՛ւց. մասնակցելու եմ. ընտրողներս են պահանջում։

–Կրկին մեծամասնական ընտրակարգո՞վ եք մասնակցելու։

–Անպայմա՛ն։

–Բայց, միևնույն է, անդամագրվելու եք որևէ կուսակցության։

–Երկրի կառավարման ուրիշ ձև չկա։ Ես բազմաթիվ օրենքներ ունեմ այսօր շրջանառության մեջ, որոնք չեմ կարողանում առաջ տանել, որովհետև քաղաքական ուժ չկա, որ սատարի ինձ։ Դժվար է նունիսկ այն խնդիրը, որը իմ հիմնական աշխատանքն է։

–Իսկ վերջնականապես ե՞րբ կկողմնորոշվեք Ձեր որոշման մեջ։

– Как так, так сразу։ Բավական երկար ժամանակ կա դեռ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը