Աշխարհ

31.08.2024 17:36


ԱՄՆ-ում ծխախոտի մնացորդից վերցված ԴՆԹ նմուշի շնորհիվ բացահայտվել է 44 տարվա վաղեմության սպանություն

ԱՄՆ-ում ծխախոտի մնացորդից վերցված ԴՆԹ նմուշի շնորհիվ բացահայտվել է 44 տարվա վաղեմության սպանություն

Միացյալ Նահանգներում ծխախոտի մնացորդի ԴՆԹ նմուշի շնորհիվ բացահայտվել է քառասունչորս տարի առաջ տեղի ունեցած սպանությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը։ «Ծխախոտի մնացորդից վերցված ԴՆԹ նմուշի շնորհիվ հնարավոր է եղել ձերբակալել 1980 թվականին Վաշինգտոն նահանգում կնոջ սպանության մեջ կասկածվողին»,֊նշել է հեռուստաալիքի կայքը։

Ըստ աղբյուրի՝ Արկանզասում ձերբակալվել է երեսունամյա Դորոթի Մարիա Սիլզելի սպանության մեջ մեղադրվող տղամարդը։ Նրա անունը Քենեթ Դուեյն Կունդերտ է և ներկայումս նա 65 տարեկան է։

Դորոթի Սիլզելը մահացած է հայտնաբերվել 1980 թվականի փետրվարին Քենթի իր տանը՝ խեղդամահության նշաններով: ԴՆԹ-ի նմուշներ են հավաքվել հանցագործության վայրից, սակայն այն ժամանակ չի եղել կասկածյալին նույնականացնելու տեխնոլոգիա։ Հետագայում քննիչները համեմատել են ԴՆԹ-ի բազմաթիվ նմուշները հանցագործության վայրում ձեռք բերվածների հետ, սակայն համապատասխանություններ չեն եղել: Միայն 2022 թվականին՝ օգտագործելով գենետիկական ծագումնաբանությունը, հնարավոր է եղել պարզել 11 կասկածյալի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը