Քաղաքական

31.08.2024 09:41


Հրայր Թովմասյանը խանգարում է Փաշինյանին․ «Հրապարակ»

Հրայր Թովմասյանը խանգարում է Փաշինյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի եւ Հրայր Թովմասյանի դեմ արշավը ոչ այնքան ՍԴ դատավորի դեմ է՝ նա կարող է ազատությունից ու պաշտոնից զրկվել, որքան Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մասին է հուշում։ Փաշինյանին պետք է, որ անաղմուկ, առանց ավելորդ էմոցիաների իր կամակատար ՍԴ-ն` յուրային դատավորներով, դակի ցանկացած փաստաթուղթ: Ընդ որում` ոչ միայն այլընտրանքային կարծիք, քննադատություն չհնչի, այլեւ ապազգային որոշումների մասին չխոսեն։ Իսկ Թովմասյանի հեռանալուց հետո հենց այդպես էլ կլինի:

Ուստի Փաշինյանը խնդիր է դրել ավարտին հասցնել կիսատ մնացած գործը, որը Հրայր Թովմասյանի դեմ սկսել էր դեռ պատերազմից առաջ՝ 2019-ին։ Երեկ դատարանը Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց, որովհետեւ մեղադրանքի վաղեմության ժամկետն ավարտվում է դեկտեմբերին, իսկ գործը դեռ պետք է եւս 2 ատյանով անցնի: Ժամեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են այն կանոնակարգը, որի սկզբունքների հիման վրա շարունակելու են սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

«Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի ԱԺ-ում դրա վավերացման ընթացակարգը, փաստաթուղթը նախ կուղարկվի ՍԴ՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար»,-նշված է հաղորդագրությունում:

Կանոնակարգի բովանդակությունը դեռեւս չեն հրապարակել, այսօր Փաշինյանն ասուլիս է տալիս՝ թերեւս հող նախապատրաստելով հետագա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, եւ կրկին փորձելու է կատարվածի մեղքը կա՛մ նախկինների վրա գցել, կա՛մ ներկայացնել որպես Հայաստանի պայծառ ապագային ուղղված քայլ, ինչպես արեց Կիրանցում տեղադրված սյուների հետ կապված»:

Այս խորագրի վերջին նյութերը