Կարծիք

28.08.2024 14:18


Որո՞նք են Երևան քաղաքի ջրամատակարարման խնդիրների պատճառները

Որո՞նք են Երևան քաղաքի ջրամատակարարման խնդիրների պատճառները

Երևան քաղաքում ջրամատակարարման հետ կապված կան լուրջ խորքային խնդիրներ, որոնց հարկ եմ համարում անդրադառնալ մանրամասնորեն։

Երևանի ջրահեռացման համակարգի խնդիրներն ահագնանում են օր օրի։ Քաղաքապետարանը, Կամո Արեյանը ասում են, որ պետք է փոխել պայմանագիրը «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, որպեսզի պատշաճ կերպով մաքրեն ջրատարները՝ այդպիսով ձեւավորելով տեսակետ, որ «Վեոլիան» թերի է անում գործը, սակայն, իրականում ջրատարները գտնվում են քաղաքապետարանի հաշվեկշռում։ Դրանք չեն հանձնվել «Վեոլիա Ջուր» ընկերությանը, և վերջինիս շահագործման տիրույթում չեն։

Այս ամենի հետևանքով, ամեն անձրևից հետո քաղաքում «ջրհեղեղ» է։ Տարիներ շարունակ ջրատարները չեն մաքրվել, կուտակվել են հող, ավազ, տերևներ։ Մի շարք տեղերում ապօրինի կոյուղին միացվել է ջրատարին, անվերահսկելի շինարարության արդյունքում վնասվել են ջրատարները։ Նոր շինարարություն սկսելիս հաշվի չեն առնվում ջրահեռացման խնդիրները։

Երևանը ունի ջրամատակարարման նախագծային որոշակի թողունակություն։ Ցանկացած նոր շինարարություն կամ տվյալ թաղամասում նախկինում չնախատեսված բարձրահարկ շինությունների կառուցումը բերում է ջրաքանակի նվազման։ Օրինակ, Կոմիտասի հատվածում նոր կառուցված շենքերը հանգեցնում են ջրաքանակի պակասին արդեն իսկ գործող բաժանորդների համար, քանի որ սնուցվում են նույն «Արզնի» գծից։

Աջափնյակում նոր շենքերը հանգեցնում են 15-րդ, 16-րդ թաղամասերի (կվարտալներ) բնակիչների համար նախատեսված ջրաքանակի նվազեցմանը և այլն։ «Դեֆանս» թաղամասի համար ևս պետք է ամբողջությամբ նոր ջրագիծ բերվի։ Այդքան ջուր քաղաքում պարզապես չկա։ Հենց ջրաքանակի պակասի պատճառով է վերանայվել որոշ տարածքների գրաֆիկը և դրանով են պայմանավորված շարունակական ջրանջատումները։ Կա ջրի կորստի վերահսկողության, ցանցի բարելավման հրատապ խնդիր։

Խայտառակ ծավալների է հասնում ջրագողությունը։ Որոշ բնակիչներ, ինչպես նաեւ՝ տարբեր գործարարներ, համատարած կերպով գողանում են ջուրը։ Հատկանշական է, որ մինչև ապրիլ կամ մայիս ամիսները Աջափնյակի գյուղերի բնակիչները ջրից չեն բողոքում, սակայն մայիսին սկսվում են բողոքները։ Պատճառն այն է, որ ապօրինի միացված խողովակներից ոռոգման նպատակով ջուր են գողանում հենց այս ամսից։

Կան մի շարք տնտեսվարողներ, որոնք իրենց տնտեսական կարիքների համար օգտագործում են խմելու ջուրը՝ շրջանցելով հաշվիչը։ Կան նաև շշալցնողներ, որոնք աղբյուրի ջրի փոխարեն լցնում են սովորական ծորակի ջուր։ Բայց, նույնիսկ այդ պայմաններում, այդ ծորակի ջուրը օգտագործում են ապօրինի կերպով։ Գողանում է մասնավոր սեկտորը, գողանում են առաջին հարկում ապրող կամ գործունեություն իրականացնողները և այլն։ Ջրի գողությունը ամենուր է։

Մի շարք համայնքներ կամ պետական մարմիններ սպառում են ջուրը և չեն վճարում, ինչի հետևանքով կուտակվել են ահռելի պարտքեր։ Կան համայնքներ, որոնք մեծածախ ջուր են գնում «Վեոլիա Ջուր»-ից, վաճառում բնակիչներին, բայց նույնիսկ մեծածախ գինը` 40 դրամ, չեն վճարում։

Տարիներ շարունակ ջրային օրենսգրքով անօտարելի համարվող տարածքներ ապօրինի վաճառվել են տարբեր մարդկանց, ինչի արդյունքում, նույնիսկ մագիստրալային խողովակներ, հայտնվել են ուրիշի ձեռքում։ Փնթի շինարարությունը վնասում է խողովակը կամ անհնարին դարձնում դրա սպասարկումը։

Վերջին տարվա մեջ մի քանի անգամ վնասվել է Երևան մտնող «Արզնի-2» ջրատարը։ Դրա պատճառներն են մոտակայքում հողերի օտարումը, ապօրինի շինարարությունը, ինչպես նաեւ Հրազդանի կիրճը մի շարք մարդկանց կողմից աղբավայրի վերածելը։ Երևանի շինարարական աղբը տանում և լցնում են կիրճը, աղբը աստիճանաբար կուտակվում, հոսում և պարբերաբար վնասում է ջրատարը։ Չնայած բազմաթիվ վթարներին՝ խնդիրը մինչ օրս լուծված չէ։ Անհրաժեշտ է ազատագրել անօտարելի գոտիները, արգելել ապօրինի գործունեությունը այդ տարածքում, ինչպես նաեւ՝ կառուցել նոր ջրատար։

Համաձայն «Վեոլիայի» հետ կառավարության պայմանագրի, վերջինս ստանձնել է պետական գույքի կառավարումը, որի դիմաց Հայաստանի Հանրապետությանը տարեկան վճարում է մոտ քսան միլիոն դոլար։ Այդ պայմանագրով ընթացիկ նորոգումը նույնպես «Վեոլիայի» պարտականությունն է։

Սակայն, պայմանագրի համաձայն, ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԸ պետք է կատարվեն կառավարության կողմից։ Կառավարությունը ստանձնել է պարտավորություն՝ կատարելու 200 միլիոն դոլարի կապիտալ ծախս, որպեսզի նվազի կորուստը և կատարվեն ծավալուն աշխատանքներ, այդ թվում՝ մագիստրալների նորոգումը։ Մինչ օրս կառավարությունը ջրային ոլորտում ոչ մի կապիտալ ներդրում չի կատարել։ Ոչ էլ պատրաստվում է։

Վերոնշված խնդիրների կապակցությամբ պատրաստել եմ գրություններ՝ ուղղված «Վեոլիա Ջուր» ընկերությանն ու ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեին։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը