Լրահոս

24.11.2011 16:46


Արմեն Գևորգյանը դեմ է արտահայտվել, Մանուկ Վարդանյանի առաջարկը չի ընդունվել

Արմեն Գևորգյանը դեմ է արտահայտվել, Մանուկ Վարդանյանի առաջարկը չի ընդունվել

Կառավարության այսօրվա նիստում առաջարկվել է հանել մարդատար տաքսիների նկատմամբ կիրառվող տարիքային սահմանափակումը: Կառավարության որոշմամբ՝ տարիքային այս սահմանափակումը գործում է 2009-ից։ Այն արգելում է 10 տարուց ավելի տարիք ունեցող մարդատար տաքսիների շահագործումը, որը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել տաքսու վարորդների շրջանում։

Սակայն Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօրվա նիստում հայտարարել է, որ հատկապես մարզերում հիմնականում հին մեքենաներն են վերածվում տաքսիների, իսկ ստվերում կան տեխնիկապես նորմալ վիճակում մեծաքանակ տաքսիներ, որոնք, սակայն, օրինական կարգով ներգրավված չեն փոխադրումների իրականացման գործընթաց: Օրինակ՝ Գյումրի քաղաքում նախարարին հանդիպած 100 մեքենայից միայն 10-ն է դեղին պետհամարանիշով եղել:

ԿՏ նախարարությունն առաջարկում է պատշաճ տեխզննում անցնելուց հետո հին մեքենաները ևս թույլ տալ շահագործել որպես տաքսի։

Այս որոշմանը դեմ է արտահայտվել Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։

Մանուկ Վարդանյանի առաջարկը կառավարությունը չի ընդունել, և այն ուղարկվել է վերամշակման։

Ի դեպ, կառավարության այսօրվա նիստում չեն ընդունվել ՊՏ նախարարի ներկայացրած մի շարք առաջարկներ ևս, ինչը Մանուկ Վարդանյանին դժգոհության տեղիք է տվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը