Լրահոս

24.11.2011 15:10


Վարդան Պետրոսյան. «Դեպրեսիվ հասարակությունը ձգտում է զվարճության»

Վարդան Պետրոսյան. «Դեպրեսիվ հասարակությունը ձգտում է զվարճության»

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ դերասան, բեմադրիչ Վարդան Պետրոսյանը, խոսելով թատերական ոլորտի խնդիրներից ու հասարակական պահանջից, ասել է, թե այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, միայն մեզ չէ բնորոշ:

Բանն այն է, որ դեպրեսիվ հասարակությունը, կամ, ինչպես եվրոպացի հոգեբաններն են ասում, հոգնած հասարակությունը, ձգտում է զվարճության, և սա շատ նորմալ է: Նույն ճակատագրին են արժանանում ֆրանսիական թատրոններում դասական ներկայացումները, և դահլիճներ են կարողանում լցնել զվարճացնող դերասանները: Ամբողջ աշխարհում էլ նույնիսկ լուրջ երգիծաբաններն են դուրս մղվել ասպարեզից,–ընդգծել է նա։

Ըստ Վարդան Պետրոսյանի՝ հասարակությունը գնում է տեսնելու ուղղակի զվարճացնողներին, ովքեր որևէ սոցիալական խնդիր չեն արծարծում, և այն, որ հասարակության լայն շերտերը չեն ցանկանում լսել խնդիրների մասին, այլ ուզում են միայն զվարճանալ, դեռ չի նշանակում, որ հասարակության մի փոքր մասը չի ուզում մտածել և չի ուզում շփվել բարձր արվեստի հետ:

–Այսօր շատ արագ են կատարվում իրադարձությունները. այսօրվա խնդիրը վաղն արդեն հին է, և եթե արվեստագետը նույնիսկ հասցնում է որևէ բան ներկայացնել ժամանակին, չի կարող խորքային ներկայացնել խնդիրը, քանի որ ժամանակ է պետք, որ կուտակումներ լինեն, իսկ պետական թատրոններն առավել ևս չեն կարողանում դիմանալ ժամանակին,–ասել է նա։

Վարդան Պետրոսյանի խոսքերով՝ ժամանակային, օրվա թեմատիկայով ներկայացումներ բեմադրելը, շատ արագ առկա խնդիրը վերհանելու առաքելությունը պետք է լինի ժամանակակից՝ մոբիլ թատրոնինը, իսկ դասական թատրոնները պետք է որդեգրեն ավելի լուրջ բեմադրություններ ցուցադրելու առաքելությունը:

Շատ հաճախ այս կամ այն հասարակական կամ քաղաքական իրադարձությունը չի արտացոլվում ներկայացումներում, քանի որ մեր պրոֆեսիոնալ մասնագետներին չեն սովորեցնում դա անել. փոխարենը սովորեցնում են ուրիշ բան: Փողոցում արյունալի իրադարձություններ են լինում, բայց ռեժիսորը բեմադրում է Սունդուկյան, քանի որ նրան չեն սովորեցրել, որ անպայման հակազդի այդ պրոցեսներին: Սովետական Միության տարիներին էլ էր այդպես. նախաամանորյան շրջանում խանութների մոտ մարդիկ իրար էին ծեծում, մինչդեռ երգիչները երգում էին «Իմ կապույտ թռչունը»,–ասել է դերասանը։

Ըստ նրա՝ պակաս կարևոր չէ այն, որ ոչ բոլոր արվեստագետներն ունեն քաղաքացիական ակտիվություն:

–Պետք է գա միանգամայն նոր սերունդ, միանգամայն նոր ստեղծագործություն, որը կկարողանա անդրադառնալ այսօրվա խնդիրներին: Թե որքա՞ն խորքային կլինի անդրադարձը՝ ուրիշ հարց է, քանի որ դա սուբյեկտիվ գործոն է: Այստեղ հերոսանալու բան չկա, կա խղճի թելադրանք, քանի որ շատ հաճախ տեսնում ես, որ խղճի թելադրանքը մի քիչ ուժեղ է, ու չես կարող չխոսել ինչ–որ թեմայով,–ընդգծել է նա:

Վարդան Պետրոսյանը խոսել է նաև իր վերջին ներկայացման՝ «Սեռասարսափի» մասին, որի վերջին խաղը կլինի դեկտեմբերի 6–ին։

–Ներկայացումը հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվեց օգոստոսին, ու չնայած նրան, որ ոչ ոք չկար քաղաքում, ներկայացումներն անցան լեփ–լեցուն դահլիճներում,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը