Լրահոս

24.11.2011 11:33


Եմենի նախագահը ստորագրել է իշխանությունը հանձնելու փաստաթղթերը

Եմենի նախագահը ստորագրել է իշխանությունը հանձնելու փաստաթղթերը

Եմենի նախագահ Ալի Աբդալա Սալեհը նոյեմբերի 23–ի երեկոյան ստորագրել է իշխանությունը ժամանակավոր կառավարությանը հանձնելու մասին փաստաթղթերի փաթեթը։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

Պարսից ծոցի արաբական երկրների կողմից առաջարկված նախագծի համաձայն՝ Սալեհը 90 օրում իշխանությունն ամբողջությամբ հանձնելու է փոխնախագահ Աբդ Ռաբբո Հադիին, որից հետո ստեղծվելու է ժամանակավոր կառավարություն, և տեղի են ունենալու ազատ ընտրություններ։

Սալեհը իշխանությունից հրաժարվել է պայմանով, որ ինքը և իր մերձավորները անձեռնմխելիություն ստանան և ազատվեն դատական հետապնդումից։ Սպասվում է, որ իշխանության հանձնումից հետո Սալեհը բուժում ստանալու համար կմեկնի ԱՄՆ։

Միացյալ Նահանգներն արդեն ողջունել է ճգնաժամից դուրս գալու Եմենի այս քայլը։

Հիշեցնենք, որ Եմենում ավելի քան 33 տարի նախագահող Սալեհի հրաժարականը պահանջող հակակառավարական բողոքի գործողությունները երկրում շարունակվում են փետրվարի կեսերից։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ հուզումների ամբողջ ընթացքում զոհվել են հարյուրավոր մարդիկ, վիրավորների թիվն անցնում է հազարից։

Այս խորագրի վերջին նյութերը