Հարցազրույց

12.08.2024 22:11


ԱՄՆ-ն իրականացնում է 1945թ․ մշակված կոնցեպտը․ Երվանդ Բոզոյան

ԱՄՆ-ն իրականացնում է 1945թ․ մշակված կոնցեպտը․ Երվանդ Բոզոյան

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյանն է․

-Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Ուկրաինային ուղարկում է խիստ անհրաժեշտ սպառազինությունների և ռազմական տեխնիկայի նոր խոշոր խմբաքանակ՝ աջակցելու իր ռազմական ուժերին, որոնք պաշտպանվում են ռուսական շարունակվող հարձակումներից: Փաթեթի արժեքը 125 միլիոն դոլար է: ԱՄՆ-ն կրկին 3,9 միլիարդ դոլարի ընդհանուր բյոջետային աջակցություն է տրամադրել Ուկրաինային: Կարո՞ղ ենք արձանագրել, որ միջազգային հանրության հույսերը, լրատվամիջոցների հրապարակումները, որ այս աշնանը կարող է ռուս-ուկրաինական պատերազմը հանգուցալուծվել եւ պատերազմը կարող է ավարտին մոտենալ, սին են և կապ չունեն իրականության հետ:

-ԱՄՆ-ի քաղաքականությունը Ուկրաինայի պարագայում հայտնի է բոլորին, նրանք չեն թաքցնում, որ Ուկրաինային աջակցելու են մինչև վերջ, որպեսզի իրենց իսկ ձևակերպմամբ` կանխեն Ռուսաստանի հնարավոր առաջխաղացումը` դեպի Եվրոպա: Միացյալ Նահանգներն ուկրաինական կողմին դիտում է որպես մեծ վտանգ Ռուսաստանի համար, համարելով, որ ուկրաինական թատերաբեմում պետք է կանխվի ռուսական կողմի հնարավոր առաջխաղացումը, ինչը ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրն է որոշում, այլև ողջ Արևմուտքի: Այս առումով Ուկրաինան նրանց համար դարձել է մի երկիր, որին պետք է աջակցեն բոլոր արևմտյան երկրները: Այս պատերազմը ռուս-արևմտյան պատերազմ է` ուկրաինացի ժողովրդի ձեռքերով: Սա քաղաքական բանաձև է, այստեղ պետք է նկատել այն գործոնը, որը նշում են մի շարք ամերիկացի փորձագետներ: Նրանք պնդում են, որ ռուս-ուկրաինական պատերազմը շահավետ է, քանի որ քայքայում է Ռուսաստանի Դաշնությունը: Արդյունքում ԱՄՆ-ն ոչինչ չի կորցնում, որևէ մարդկային ռեսուրս չի վնասվում, բայց երկու սլավոնական ժողովուրդները` ռուսներն ու ուկրաինացիները մեծ վնասներ են կրում: Այս կոնֆլիկտի արդյունքում ԱՄՆ-ն ցանկանում է չեզոքացնել Ռուսաստանից եկող վտանգները, հաշվի առնելով, որ Չինաստանից նույնպես կա վտանգ: Չինաստանը` տնտեսական առումով օրեցօր հզորանում է, ինչը ԱՄՆ-ի համար մեծ վտանգ է առաջացնում: Ի դեմս ուկրաինացների, ԱՄՆ-ն տեսնում է մի միջոց, կոպիտ ասած` մսաքանակի հավաքականություն, որի միջոցով կարող են մեծ վնասներ հասցնել Ռուսաստանին, թույլ չտալով, որպեսզի այն հզորանա, քանի որ այս տեմպերով կարող է քայքավել Ռուսաստանի տնտեսությունը: Միացյալ Նահանգները 1945 թվականից ունեն այն կոնցեպտը, որ պետք է ամեն բան անել, որպեսզի աշխարհում որևէ կենտրոն վտանգ չհանդիսանա իրենց համար:

-Բայց նույն Միացյալ Նահանգները ահռելի ֆինանսական ռեսուրսներ է ծախսում Ուկրաինային զինելով, նույնիսկ եթե մարդկային կորուստներ չի կրում:

-Ֆինանսական ռեսուրսներ են ծախսում, բայց հաշվարկում են, որ դրա արդյունքում Ռուսաստանն ավելի շատ վնասներ է կրում, քան իրենք: Ռուսաստանն ու Ուկրաինան կորցնում են նաև մարդկային ռեսուրսներ, իսկ ԱՄՆ-ն ոչինչ չի կորցնում: Տնտեսապես վնասներ ունեն թե՛ ռուսները, թե՛ ուկրաինացիները, բայց ԱՄՆ-ն ունենում է չնչին կորուստ: Չոր հաշվարկով Միացյալ Նահանգները գիտի, որ այս ամենի արդյունքում ինքը ամենաքիչն է տուժում, փոխարենը տուժում են բոլորը, Եվրոպան` նույնպես, քանի որ կորցրել է Ռուսաստանից եկող հզոր էներգառեսուրսներ: Այս պատերազմն ամենաշահավետը ԱՄՆ-ի համար է:

-Ասում եք, որ մինչև վերջ ԱՄՆ-ն սատարելու է Ուկրաինային: Ե՞րբ է գալու այդ վերջը:

-ԱՄՆ-ի հարցումների արդյունքում պարզվել է, որ մի մասը կարծում է, որ պետք է Ուկրաինային երկարաժամկետ սատարել, քանի որ այդ ճանապարհով քայքայվելու է Ռուսաստանի տնտեսությունը` վերջնականապես: Ի դեպ, Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ իր տոկոսադրույքը բարձրացնում է` 18 տոկոսով: Կա մի տեսակետ, որը ներկայացնում է Հանրապետական Թրամփը: Նա ասում է, որ Ռուսաստանը կարող է սկսել համագործակցություն Չինաստանի հետ, արդյունքում ձևավորվի ռուս-չինական դաշինք` ԱՄՆ-ի դեմ, ինչը կարող է մեծ վտանգ դառնալ: ԱՄՆ-ում սպասվող ընտրությունները ևս շատ կարևոր են: Դեմոկրատները կարծում են, որ պետք է աջակցել Ուկրաինային` կործանելով ՌԴ-ն, իսկ Հանրապետականներն ասում են, որ թեպետ այս պատերազմը շահավետ է ԱՄՆ-ի համար, սակայն կարող է գրգռել Ռուսաստանին և Ռուսաստանը կարող է Չինաստանի հետ դաշինքով հաղթել ԱՄՆ-ին:

-Բայց վերջին շրջանում Ռուսաստանը, չնայած Կուրսկի մասում ներխուժումին, կարծես որոշակի հաջողություններ ունի ռազմի դաշտում, թե՞ դա այդքան էլ այդպես չէ:

-Դրա համար էլ Ամերիկան ամեն ինչ անում է, որպեսզի այդ հաջողություններն ամբողջությամբ չեզոքացվեն: Ուկրաինական բանակում զորակոչի տարիքը ցանկանում են ավելի իջեցնել, ինչը նույնպես կարող է ազդել ընթացքի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը