Հարցազրույց

06.08.2024 13:59


ՌԴ-ն փորձում է ՀՀ-ին բացատրել, որ մեծ սխալներ է թույլ տալիս․ Ալեքսանդր Ցինկեր (տեսանյութ)

ՌԴ-ն փորձում է ՀՀ-ին բացատրել, որ մեծ սխալներ է թույլ տալիս․ Ալեքսանդր Ցինկեր (տեսանյութ)

Իսրայելում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, որ հանրապետությունը կարող է մտնել Իսրայել, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին, Ռուսաստանի և Հայաստանի ներկայիս հարաբերություններին։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությանը, թե հանրապետությունը կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա, փորձագետն ասել է, որ Իսրայելը դրան ոչ մի կերպ չի արձագանքել, սակայն Ադրբեջանը պարզաբանումներ է պահանջել։

«Ինձ թվում է, որ այս արտահայտությանն ամենից շատ ուշադրություն են դարձրել Ադրբեջանում, որտեղ շատ են նեղացել, որ իրենց ավագ ընկերը հայտնել է՝ պարզվում է, որ Ղարաբաղի պատերազմում հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, որը մտել է Ղարաբաղ։ Իսկ Իսրայելում այդ խոսքերին ոչ մի կերպ չարձագանքեցին, որովհետև հակաիսրայելական ելույթների այն շարքում, որ լսում ենք Էրդողանից, պարզապես ավելացավ ևս մեկը։

Ես կարծում եմ, որ այս խոսքերը հիմնականում ուղղված են ներքին սպառմանը, քանի որ Թուրքիայում խնդիրները շատ են, և պետք է պարբերաբար ինչ-որ կերպ բարձրացնել ազգաբնակչության հայրենասիրությունը։ Իսկ նման դեպքերում ամենալավն այն է, երբ հնչում են այնպիսի կոչեր, որ մենք դառնալու ենք ամբողջ արաբական մահմեդական աշխարհի ղեկավարև և կոչնչացնենք Իսրայելը։

Էրդողանի խոսքերն ամենամեծ ազդեցությունն ունեցան Ադրբեջանում, որտեղ սկսեցին պարզաբանումներ պահանջել Թուրքիայից։ Վերջերս նկատեցի, որ Թուրքիան և Ադրբեջանը միշտ չէ, որ համաձայն են։ Օրինակ՝ Թուրքիայի և Հայաստանի մերձեցման կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի կնքման հնարավորության հետ կապված՝ ամեն մեկը մի քիչ իր խաղն է խաղում»,-ասել է Ցինկերը։

Քաղաքագետի կարծիքով՝ Թուրքիայի և Իսրայելի այս ողջ դիմակայությունը Էրդողանի PR արշավն է։

«Իսրայելի և Թուրքիայի միջև առճակատումը երկու երկրների ղեկավարությունների միջև շարունակվում է և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայում ինչ-որ փուլում չեն հասկացել, որ այս ամենն ընդամենը Էրդողանի PR արշավ է։ Այն ամենը, ինչ այժմ ասում է Էրդողանը Իսրայելի վերաբերյալ, ընկալվում է որպես պարզապես նրա PR արշավ։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ միանգամայն հնարավոր է՝ երբ Մերձավոր Արևելքում ամեն ինչ մի փոքր հանդարտվի, մենք կտեսնենք այդ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների վերականգնման փորձեր»,-նշել է Ցինկերը։

Փորձագետի խոսքով՝ Իսրայելի վրա հարձակման դեպքում Իրանն ակնթարթորեն կպատասխանի։

«Այժմ Իրանը սպառնում է ուժեղ հարվածել Իսրայելին։ Իսրայելի կառավարությունը պատասխանի երկու հիմնական տարբերակ է քննարկում, առաջինը՝ կանխարգելիչ հարված հասցնել Իրանի ենթակառուցվածքներին, երկրորդը՝ մշակել գործողություն, որը կլինի Իրանի հարձակումից անմիջապես հետո: Մենք, ինչպես նախորդ անգամ, մեկ շաբաթ չենք սպասի մեր պատասխանը պատրաստելու համար։ Պատասխանը կտրվի անմիջապես նույն պահին։

Այսօր կողմերը՝ և մեկը, և մյուսը, ասում են, որ չէին ցանկանա տարածաշրջանային պատերազմ։ Եվ ես հասկանում եմ, որ Իրանը չի ցանկանում այս պատերազմը, և Իսրայելը չի ցանկանում այս պատերազմը։ Բայց շատ հաճախ երկու կողմերն էլ չեն ցանկանում, բայց տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնցից հետո այլևս անհնար է կանգ առնել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կլինի այդ դեպքում Հայաստանի հետ, ապա ես հույս ունեմ, որ Հայաստանի հետ ամեն ինչ լավ կլինի։

Եթե իսկապես նման դիմակայություն լինի, զգույշ կպայքարեն, որ Հայաստանը չտուժի։ Բայց եթե Իրանում տնտեսական վիճակը վատանա, ապա Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ»,-ընդգծել է Ցինկերը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարի մասին՝ քաղաքագետը նշել է, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։

«Խաղաղության պայմանագիրն առաջընթաց չի ունենում և չի կարող առաջ գնալ, քանի որ Ադրբեջանը պահանջում է փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ, և դա միջամտություն է այլ պետության ներքին գործերին։ Ուստի կարծում եմ, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր պահանջները։

Միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանը չի էլ ցանկանում ստորագրել այդ պայմանագիրը, դրա համար էլ ամեն անգամ հերթական պահանջներն է ներկայացնում՝ հուսալով, որ ահա այս միապաղաղ ճնշմամբ կկարողանա առավելագույն պայմաններ կորզել ստորագրման համար։ Իսկ Թուրքիան նման պահանջներ է ներկայացնում՝ դրանով իսկ օգնելով Ադրբեջանին հետաձգել այդ գործընթացը»,-ընդգծել է Ցինկերը։

Մեկնաբանելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժություններին մասնակցելուց Հայաստանի հերթական մերժումը՝ փորձագետն ասել է, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանին բացատրել՝ մեծ սխալներ է թույլ տալիս:

«Այսօր Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա։ Ռուսաստանում ընդունված որոշ որոշումների վերաբերյալ Հայաստանում բացասական տեղեկատվական ալիք կա։ Ռուսաստանը փորձում է Հայաստանին բացատրել, որ նա մեծ սխալներ է անում, սխալ ուղղությամբ է գնում, և իր հետ կլինի նույնը, ինչ Ուկրաինայի հետ։

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը մնա Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ հարաբերությունների գոտում։ Ինձ համար դժվար է ասել, թե ինչ է ուզում կամ մտածում Հայաստանի ղեկավարությունը։ Բայց ինձ թվում է, որ այսօր մեզ անհրաժեշտ են շատ հավասարակշռված որոշումներ Հայաստանի կողմից, որովհետև ամեն ինչ չպետք է առանց մտածելու վերջնականապես խզել, քանի որ վաղը շատ վտանգավոր կարող է լինել։ Դրա համար պետք է կառուցվի ինչ-որ նպատակային ծրագիր, թե ուր է ուզում գնալ Հայաստանը, ուր է ուզում հասնել և ինչ է պետք անել դրա համար»,-եզրափակել է Ցինկերը։

Այս խորագրի վերջին նյութերը