Լրահոս

23.11.2011 19:27


Փեսացուն՝ Հարավային Կորեայից, կամ ինչպես կարող է հայ աղջիկը մեկ շաբաթում ամուսնանալ օտարերկրացու հետ

Փեսացուն՝ Հարավային Կորեայից, կամ ինչպես կարող է հայ աղջիկը մեկ շաբաթում ամուսնանալ  օտարերկրացու հետ

Արդեն տևական ժամանակ է՝ հեռուստատեսությամբ պտտվում է «Մինա» ամուսնական գործակալության գովազդը, որը հայ «տնական» աղջիկներին առաջարկում է ամուսնություն հարավկորեացիների հետ։ Ընդ որում՝ ծառայությունը մեր աղջիկների համար անվճար է։

Գործակալության տնօերն Տոմա Սողոմոնյանը, ով արդեն մեկ տարի է՝ ամուսնացած է հարավկորեցու հետ, նշում է, որ Հարավային Կորեայում այս գործակալությունը գործում է արդեն 6 տարի և հարավկորեացի ամուսիններ է առաջարկում արտասահմանցի աղջիկներին։ Նրա խոսքերով՝ Հայաստանում իրենք աշխատում են 5 ամիս և արդեն 3 հարսանիք են կազմակերպել։ Ընդ որում, հատկանշականն այն է, որ ընտրությունը կատարում են հարավկորեացի տղաները քասթինգի միջոցով (ապրանք են գնում, էլի). տղան նկարների միջոցով ընտրում է աղջիկներից մեկին, հետո գալիս է Հայաստան, մեկ շաբաթվա մեջ ամուսնանում ու մեկնում (ռեկորդային արագությամբ ամուսնություն)։

Գործակալություն օրական տասնյակ աղջիկներ են զանգում, իսկ այս ընթացքում մոտ 100 գրանցված կա, ովքեր սպասում են իրենց հարավկորեացի փեսացուներին։

Հարցին՝ առանց այդ էլ ամբողջ աշխարհով մեկ սփռված, միասնականության խնդիր ունեցող, «Արի տուն» քարոզող երկրում և արտագաղթի այս սուր պայմաններում արդյոք նման բանը որքանո՞վ է ճիշտ, Տոմա Սողոմոնյանը պատասխանել է, որ այստեղ ոչ մի պարտադրանք չկա. մարդիկ իրենց կամքով են գրանցվում ու ցանկանում արտասահմանցու հետ ամուսնանալ։

Դա մարդու կյանքն է, իրենք են ընտրում։ Մարդը գտնում է, որ իր համար ավելի լավ է օտարերկրացու հետ ամուսնանալ, քան հայի։ Մարդիկ շեշտում են, որ չեն ուզում հայ տղայի հետ ամուսնանալ։ Աղջիկն այստեղ չի կարողանում գտնել իր երկրորդ կեսին։ Մեզ դիմում են տարբեր տարիքի կանայք՝ 35, 40, անգամ 50 տարեկաններ։ Նրանք խնդրում են դրսում իրենց համար ամուսիններ գտնել, որովհետև Հայաստանում ապագա չեն կարողանում ստեղծել։ Ամենաշատը նրանք բողոքում են, որ հայ տղամարդիկ շատ ստախոս են, կոպիտ,–ասել է նա։

Ըստ Տոմա Սողոմոնյանի՝ մարդիկ բողոքում են նաև սոցիալական վատ պայմաններից։ Այտեղից էլ հետևություն, որ մտածելու բան ունի նաև կառավարությունը, քանի որ հերիք չէ՝ փող վաստակելու համար մեր հայ տղամարդիկ են մեկնում արտերկիր և շատ հաճախ այնտեղ էլ մնում՝ ամուսնանալով օտարեկրացու հետ, հիմա էլ հայ աղջիկներն են լավ կյանքի հետքերով օտարերկրացի ամուսին փնտրում։ Ընդ որում՝ այստեղ էլ ենք մենք «ուղեղների արտահոսք» ունենում, քանի որ օտարերկրացի փեսացուներն ընտրում են միայն բարձրագույն կրթությամբ, խելացի և բարետես աղջիկների։

–Մեր բոլոր փեսացուները շատ լավ ապահովված են։ Հակառակը չէր էլ կարող լինել, քանի որ փեսացուներն են բոլոր ծախսերը հոգում։ Նրանք Հարավային Կորեայից գալիս են Ռուսաստան, այնտեղից՝ Հայաստան և հակառակը։ Սա արդեն իսկ ահռելի ծախս է։ Հարավկորեացիները պահանջում են բարձրագույն կրթությամբ և բարետես աղջիկների, որ գեր չլինեն, քանի որ, ի տարբերություն մեր հաստ փորերով հպարտացող տղամարդկանց, հարավկորեացիները շատ լավ են իրենց հետևում և իրենց տարիքից շատ ավելի երիտասարդ են երևում։ Ես հայ եմ՝ հայուհի եմ, բայց հասկանում եք՝ իմ ընտրությունը եղել է հարավկորեացու հետ ամուսնանալը, և ես շատ երջանիկ եմ,–ասել է գործակալության տնօրենը։

Նա խոստովանել է, որ, չնայած հազվադեպ, բայց իրեն զանգում են նաև այնպիսի մարդիկ, ովքեր վիրավորում են նման գործ կատարելու համար՝ համարելով այն ազգի հանդեպ դավաճան արարք և պիղծ գործ։

–Ես, իհարկե, ուշադրություն չեմ դարձնում դրան, որովհետև, դե, հայ ենք, էլի...,–նշել է Տոմա Սողոմոնյանը։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ, անդրադառնալով այս հարցին, նշել է, որ ընդհանրապես ամուսնության վերաբերյալ հայտարարությունները, գովազդները զանգվածային երևույթներ չպետք է լինեն։

Սա ընդհանրապես ինձ համար անհասկանալի է թե՛ մեր մշակութային սկզբունքների բերումով, թե՛ ընդհանրապես մարդկային հարաբերությունների։ Հիմա թե այդ գովազդը հարավկորեական կլինի, վիետնամական, աֆրիկյան, թե գերմանական, մեկ է, այն ընդհանապես հակաբարոյական և հակաբնական է,–ասել է նա։

Ըստ Հրանուշ Խառատյանի՝ Հայաստանում այսօր սեռերի լուրջ խնդիր կա, քանի որ ժողովրդագրական անհավասարակշռություն կա, և արտագաղթը դրան նպաստել է, որովհետև այն հիմնականում արական սեռի վրա է տարածվում։

–Առաջիկայում սա ավելի սուր է զգացվելու, մենք միշտ խնդիր ենք ունենալու։ Բայց, մյուս կողմից էլ, եթե մեր աղջիկները հայ տղաների որակը բացասական են գնահատում, արդյոք նրանք գիտե՞ն այն կոնկրետ մարդկանց կամ այդ էթնիկ միավորների կամ երկրների արական սեռի որակները, որ կարողանան կողմնորոշվել և ընտրություն կատարել։ Մեր արժեհամակարգում այդ հստակությունը հայտնի չէ, և չգիտենք, թե տղաներն աղջիկներից, կամ աղջիկները տղաներից ինչ են սպասում,–ասել է նա։

Անդրադառնալով նման նյութերի գովազդման արգելքի սահմանմանը՝ ազգագրագետը նշել է, որ մեր եթերի առնվազն 70%–ը աղբ է ու հեռարձակման համար անթույլատրելի։ Պետությունը պետք է ուշադրություն դարձնի դրան, և, համեմատելով, թե ինչ է կատարվում մեր եթերում, նման գործակալության գովազդի հեռարձակումը կարող է դիտվել որպես ավելի մեղմ դատապարտելի։

Իսկ ի՞նչ են այս ամենի մասին մտածում եթերի վերահսկողության, երկրի անվտանգության համար պատասխանատու ծառայությունները։ Թերևս առանց մեկնաբանությունների էլ պարզ է։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը