Հարցազրույց

03.08.2024 10:33


Պետք է պատրաստ լինենք Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի․ Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)

Պետք է պատրաստ լինենք Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի․ Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը Alpha News-ին մեկնաբանել է Մերձավոր Արևելքում լարվածության սրումը, ԱՄՆ-ի շահագրգռվածությունը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի և Չինաստանի շրջանցմամբ առևտրային երթուղու հարցում, ինչպես նաև Թուրքիայի հետաքրքրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Փորձագետի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է վա-բանկ գնալ «Ես պատերազմ կսկսեմ, իսկ դուք (ԱՄՆ) ոչ մի տեղ չեք գնա և կաջակցեք ինձ» սկզբունքով:

«Առաջիկա օրերին մենք կարող ենք ակնկալել երկու տարբերակ՝ կա՛մ մեծ համապարփակ պատերազմ, կա՛մ Իրանի ինչ-որ հարված Իսրայելին և «Հըզբոլլահի» հարված Իրանին։ Բանն այն է, որ նման պատկեր է ստղծվում։ Նեթանյահուն, լինելով Միացյալ Նահանգներում, տեսնելով, թե ինչ է կատարվում այնտեղ, շատ լավ հասկանում է, որ մինչև ընտրությունները դեմոկրատներն իրեն հնարավորություն չեն տա լայնամասշտաբ պատերազմ սկսել և այդ պատճառով որոշում է կայացրել վա-բանկ գնալ։

Բանն այն է, որ Իսրայելն ինքնուրույն չի կարող մեծ պատերազմ սկսել, այն մեծապես կախված է ԱՄՆ-ից սպառազինությունների, պահեստամասերի, զինամթերքի մատակարարումներից։ Բավական է ասել, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում Միացյալ Նահանգները հսկայական քանակությամբ զինամթերք է մատակարարել Իսրայելին։ Այդ պատճառով նա որոշել է վա-բանկ գնալ «Ես պատերազմ կսկսեմ, իսկ դուք ոչ մի տեղ չեք գնա, դուք առանց այդ էլ աջակցում եք ինձ» սկզբունքով։

Ես չեմ կարծում, որ հիմա Իրանը նույն հարվածը կհասցնի, ինչ նախորդ անգամ։ Այն ժամանակ նրանք փորձում էին հարվածել ավիաբազային, ցույց տալ, որ ի վիճակի են հասնել Իսրայել և այլն։ Այս անգամ Իրանը ստիպված կլինի ավելի էական հարված հասցնել Իսրայելի ինչ-որ շատ լուրջ, հնարավոր է՝ կրիտիկական օբյեկտներին։ Նույնը կարող է անել Հեզբոլլահը»,-ասել է Բաղդասարովը։

Քաղաքագետի կարծիքով՝ մենք պետք է պատրաստ լինենք Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի։

«Իրավիճակը Մերձավոր Արևելքում դուրս կգա վերահսկողությունից: Եթե գլոբալ նայենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, ապա պետք է ասենք, որ այնտեղ փոխզիջումն, ըստ սահմանման, անհնար է։ Իրականում խաղաղության պայմանագիր՝ ինչ-որ տարածքների զիջումներով, դա էլ անհնար է։ Կողմերից յուրաքանչյուրը արմատական խնդիր է դնում։ Ուստի հարցը, երբ նման գլոբալ հակամարտությունը կարող է առաջանալ, միայն ժամանակի հարց է ։

Կարող է նույնիսկ ժամանակավոր զինադադար լինել, բայց դա կլինի ժամանակավոր։ Այն, ինչ եղավ հոկտեմբերի 7-ին և դրանից հետո, դա գլխավոր ճակատամարտ չէր, դա մեծ պատերազմի գլխավոր փորձն էր։ Դրա համար պետք է պատրաստ լինել դրան»,-նշել է Բաղդասարովը։

Խոսելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ’Բրայենի վերջին հայտարարության մասին, որ հետաքրքրված է Հայաստանով և Ադրբեջանով տրանսպորտային երթուղով՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը, փորձագետը նշել է, որ Արևմուտքի խնդիրն է պոկել Հարավային Կովկասը Ռուսաստանից։

«Ամեն ինչ մոտենում է ավարտին: Ինչո՞ւ հանձնեցին Լեռնային Ղարաբաղը: Եթե Լեռնային Ղարաբաղը չհանձնվեր, միջանցքի խնդիր չէր առաջանա, քանի որ աշխարհագրական առումով դա անհնար է։

Երկրորդ՝ եկել է ուկրաինական իրադարձությունների համատեքստում ավելի վճռական գործողությունների ժամանակը։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանից պոկվի Հարավային Կովկասը և ոչ միայն այն, այլև ամբողջ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը՝ Ղազախստանի հետ միասին, որոնք ունեն նավթի, գազի և այլ օգտակար հանածոների հսկայական պաշարներ։ Եթե այս ամենը լինի, ապա դա կլինի Ռուսաստանի Արևմտյան հակառակորդների մեծ հաղթանակը։ Դրա համար էլ Ղարաբաղը հանձնվեց»,-նշել է Բաղդասարովը։

Խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման բանակցությունների մասին՝ քաղաքագետը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են հայկական պետության ոչնչացմամբ, որի տարածքում, ըստ իրենց ծրագրերի, պետք է առաջանա «Արևմտյան Ադրբեջանը»։

Այս խորագրի վերջին նյութերը