Քաղաքական

29.07.2024 15:59


Դեմոկրատիա՞ն է ավելի կարևոր, թե՞ անվտանգությունը. վեճն արհեստական է և զուրկ բովանդակությունից

Դեմոկրատիա՞ն է ավելի կարևոր, թե՞ անվտանգությունը. վեճն արհեստական է և զուրկ բովանդակությունից

Ներկայիս փաշինյանական իշխանությունները հաճախ են սիրում նշել, թե իրենք, ճիշտ է, չեն կարողացել ապահովել Արցախի գոյությունը, Հայաստանը դարձրել են վտանգված երկիր, բայց զատո ավելի դեմոկրատ են, քան «նախկինները»:

Զարմանալիորեն վերջիններն էլ տուրք տալով «ներկաներին», մտնում են այս անբովանդակ վեճի մեջ և նշում, որ «ավելի լավ էր ունենայինք Արցախ և անվտանգ Հայաստան, բայց սահմանափակ դեմոկրատիայով, քան՝ այսօրվա իրավիճակը»:

Այսօրվա իշխանությունների կողմից նետված այս իրականում կեղծ վեճը հրահրված է, ոչ թե իրենց, այլ իրենց դրսի տերերի կողմից: Փաշինյանականները, որ իբր համարվում են ավելի դեմոկրատ, քան «նախկինները», այսօր Հայաստանում կառավարվում են բացառապես դրսից իջեցված շրջաբերականների միջոցով:

Սա ծայրահեղ գնահատական չէ, ցավոք, սա դաժան իրականություն է, որը մենք տեսել ենք նաև այլ երկրների օրինակներով:

Ինչպես, որ ԽՍՀՄ-ի ժամանակ կար մեկ ԽՄԿԿ և միութենական հանրապետություններում առաջին քարտուղարները կատարում էին Մոսկվայում գործող ԽՄԿԿ-ի քաղբյուրոի որոշումները տեղերում, այդպես էլ այսօր վաշինգտոնյան, կամ բրյուսելյան ԽՄԿԿ-ի քաղբյուրոյի կողմից, կառավարվում են Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, փորձ են անում կառավարել Վրաստանը:

ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունները, այդ երկրներում ներքաղաքական ուղենիշների դեր են կատարում տեղի գավառական վերնախավերի համար:

Այդ իմաստով մենք կփորձենք բանավիճել ոչ թե տեղի փաշինյանական վերնախավի ներկայացուցիչների հետ, այլ կազմաքանդել իրենց տերերի միֆերը:

Եվ այսպես. նրանք հայտարարում են, որ դեմոկրատական երկրների մեջ պատերազմներ չեն կարող լինել, քանի որ դեմոկրատական երկրների հիմքում ընկած է «մարդու իրանունքի գաղափարը»: Մինչդեռ ավտորիտար երկրների հիմքում ընկած է «ազգի իրավունքի գաղափարը», որը խոցելի է , քանի որ մեկ ազգի իրավունքը կարող է հակասության մեջ մտնել մեկ այլ ազգի հետ, և հենց դրա հետևանքով են սկսվում պատերազմները:

Եվ որպես օրինակ բերվում է Ֆրանսիայի և Գերմանիայի հարաբերությունների պատմությունը:

Նախկինում այդ երկրները պատերազմում էին, իսկ այսօր՝ ոչ, քանի որ երկուսն էլ արդեն դարձել են դեմոկրատական երկրներ:

Այս թեզից հետո գլոբալիստները հաջորդ թեզն են առաջ բերում, թե՝ «եթե երկիրը դեմոկրատական է, ապա նա չի կարող պարտվել պատերազմում, քանի որ ժողովուրդը մինջև վերջ պաշտպանում է իր ընտրած իշխանությանը, ի տարբերություն ավտորիտար ռեժիմների, որտեղ ժողովուրդը ստիպված է ենթարկվում ավտորիտար կառավիրիչին»:

Որպեսզի իրենց այս թեզերը համոզիչ դառնան տեղի գավառական վերնախավերի համար, գլոբալիստները հրապարակայնորեն պատժում են Սադամ Հուսեյնին, Մուբարակին, Մուամար Քադաֆիին, դրանով ցույց տալով, թե՝ տեսեք, որ դեմոկրատիան հաղթում է ավտորիտարիզմին: Եվ այդ միֆերը սկսում են աշխատել:

Այս թեզերը գլոբալիստները մանկական կերակուրների պես բառի բուն իմաստով «կերցնում են» տեղի գավառական վերնախավերին, որոնք էլ, հայտնված այդ թակարդում, կորցնում են իրականության զգացումը:

Այդպես եղավ, երբ 2008-ին Սաակաշվիլին համոզված էր, որ Հարավային Օսիայի դեմ պատերզմում իրեն «կպաշտպանի ողջ Արևմուտքը իր ողջ ուժով»:

Թե ինչ եղավ իրականում, մենք տեսանք 2008-ին:

Նույնը եղավ Ուկրաինայում, 2014-ին, երբ իշխանության եկած ուկրաինացի դեմոկրասիները, հարձակվեցին ռուսալեզու ռեգիոնների վրա, մտածելով, որ օրերի ընթացքում «կազատեն Ուկրաինան Մոսկվայի ազդեցությունից»:

Նույն թակարդի մեջ գցեցին նաև Փաշինյանին, ով հարբած այդ գաղափարից, 2019-ին Ստեփանակերտի հրապարակում հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է և վերջ», համոզված լինելով, որ իրեն ոչ ոք չի հակաճառի, քանի որ ինքը և իր իշխանությունը Կովկասյան տարածաշրջանում համաշխարային դեմոկրաթիսիի բաստիոնն են: Այդ պարագայում, ինչպե՞ս կարող են իրեն հակաճառել և առավել ևս, Ադրբեջանը, կամ նույնիսկ Թուրքիան փորձեն հարձակվել Փաշինյանի կողմից կառավարվող Հայաստանի վրա:

Այն, որ այդ մտնոլորտը կար Փաշինյանի ողջ շրջապատում, գիտեն բոլորը: Անուղղակի դրա մասին խոստովանեց նաև Մակունցը հենց 2020 պատերազմի սկսվելուց օրեր առաջ:

Արցախի կորուստն ու Հայաստանի այսօրվա վիճակը քարը քարի վրա չի թողել արևմտյան այդ ձևակերպումից, թե իբր դեմոկրատական երկիրը չի կարող պարտվել ավտորիտար երկրին:

Բայց եթե Փաշինյանի թիմակիցները գոնե պատմության տարրական դասարանի գրքերը կարդացածլինեին, ապա կիմանային, որ այդ նույն թեզը նույն արևմտյան շուլլերները արտասանում էին նաև 2-րդ համաշխարային պատերազմից առաջ: Բայց հենց «ավտորիտար և ֆաշիստական» Գերմանիան հարձակվեց Եվրոպայի «դեմոկրատական» երկրերի վրա, ապա նրանք , այսինքն «դեմոկրատները» հանձնվում էին «ֆաշիստներին» հաշված օրերի ընթացքում:

Նույնիսկ խոշորագույն դեմոկրատիաներից Ֆրանսիան, ամսվա ընթացքում հանձնվեց Հիտլերին:

Բա ինչո՞ւ այդ ժողովուրդները, չպաշտպանեցին «իրենց սիրելի իշխանություններին, որոնք ընտրված էին»:

Ավելին, հիտլերյան Գերմանիայի մեջքը ջարդեց հենց ԽՍՀՄ-ը, որն ամենևին էլ դեմոկրատական երկիր չէր:

Պարզապես այսօր, Գեբելսի տեսությանը հետևելով, արևմտյան երկրները, որպեսզի իրենց թեզի «ճշմարտությունը» ապացուցեն, հայտարարում և փորձում են համոզել մարդկանց, որ 2-րդ համաշխարային պատերազմում հիտլերյան Գերմանիայի մեջքը ջարդել է, ոչ թե տոտալիտար ԽՍՀՄ-ը, այլ՝ «դեմոկրատական» ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան:

Պատմության այս ակնհայտ կեղծումը նրանց պետք է, որպեսզի սրբացնեն այն կեղծ թեզը, թե իբր ավտորիտարիզմը չի կարող հաղթել դեմոկրատիային:

Այսինքն, այս բոլոր կեղծ միֆերը կյանքի կոչելու համար գործի է դրվում ամեն ինչ և նույնիսկ պատմության կեղծումը:

Իսկ ո՞րն է իրականը

Իրականը նա է, որ դեմոկրատիան ուղիղ ձևով կապ չունի անվտանգային խնդիրների հետ:

Անվտանգային խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ունենալ ժամանակակից տնտեսություն, հզոր բանակ, ուժեղ դիվանագիտություն և էֆեկտիվ կառավարման համակարգ:

Դեմակրատիան այս խնդիրների հետ քիչ կապ ունի: դեմոկրատիան ավելի շատ կապ ունի երկրում արդար համակարգ հաստատելու հետ:

Օրինակ, Հարավային Կորեայի տնտեսական զարգացումը երկնիշ թիվ էր ներկայացնում մինչև 1990 թվականները, երբ այդ երկրում կառավարում էին զինվորականները՝ ավտորիտար մեթոդներով: Եվ ճիշտ հակառակը, երբ այդ երկիրը դեմոկրատացավ, իր տնտեսական աճը անկում ապրեց անգամներով:

Դեմոկրատիան զարգացման հետ կապ չունի: Այն պարզապես հասարակարգը դարձնում է ավելի արդար:

Ինչո՞ւ է դեմոկրատիան դանդաղեցնում տնտեսական աճը, բայց հաստատում ավելի արդար համակարգ

Օրինակ, նույն Հարավային Կորեայում, երբ կար ավտորիտար համակարգ, այդ երկրի տնտեսական զարգացումը պայմանավորված էր էժան աշխատուժ ունենալու գործոնով: Ավտորիտար իշխանությունը թույլ չէր տալիս արհմիություններին աշխատավարձների բարձացման պահանջներով հանդես գալ:

Իսկ երբ այդ արգելքը հանվեց, զինվորականները հեռացան կառավարումից, ապա արհմիությունները ստացան իրավունք՝ պահանջել բարձրացնել աշխատավարձները, ինչը դեմոկրատիայի պայմաններում հնարավոր չէր անտեսել: Արդյունքում այդ երկրի աշխատուժը թանկացավ և տնտեսության արտահանման հնարավորությունները կրճատվեցին: Արդյունքում, տնտեսության աճը 5-6 անգամ անկում արձանագրեց:

Այո, ավտորիտար համակարգի պայմաններում հնարավոր է ավելի արագ զարգացնել տնտեսությունը, հզորացնել բանակը, արդիականացնել պետական համակարգը, բայց ավտորիտար համակարգում տուժում է արդարության գաղափարը: Մարդկության այս վեճին, թե ո՞րն է ավելի ճիշտ, արագ զարգացումը, թե արդարության հաստատումը արդեն պատասխանը կա: Եթե հանրության համար արագ զարգացումը դառնում է օրհասական, ապա ճիշտը գոնե ժամանակավորապես լուսավորչական ավտորիտար համակարգի հաստատումն է: Իսկ երբ արդեն հանրությունը ապրում է կայուն իրավիճակում, ապա այստեղ առաջ է գալիս արդարության հաստատման կարևորության հարցը, որն առանց դեմոկրատական մեխամիզմների հնարավոր չէ կյանքի կոչել:

Իսկ որպես վերջաբան կարող ենք նշել, որ ցանկացած երկրի, ժողովուրդի զարգացման գլխավոր նպատակը պիտի լինի կառուցել ազատ, արդար և զարգացող երկիր, որին վերջնաարդյունքում, առանց դեմոկրատական համակարգի հաստատման, հնարավոր չի լինի հասնել:

Բայց այդ ճանապարհին, որոշ փուլերում, հնարավոր չէ բացառել, գոնե կարճ ժամանակահատվածով ավտորիտար կառավարումը, երբ արագ զարգացումը բոլորի համար ավելի կարևոր է դառնում, քան արդարության հաստատումը:

Բոլոր երկրները այդ ճանապարով անցել են: Մենք դեռ գտնվում ենք, այսպես կոչված «անցումային փուլում», որը պիտի ամեն ինչ անենք, որ հնարավորինս կարճ տևի:

Բայց մեկ բան ակնհայտ է, որ անվտանգությունը կապել դեմոկրատիայի հետ, դա տարրական դեմագոգիա է:

Չեք հավատո՞ւմ, հարցրեք արցախցիներին և նրանք կպատասխանեն ձեզ, թե որն էր ավելի լավ, «նախկինների» ավտորիտարի՞զմը, թե՞ «ներկաների» դեմոկրատիան, որտեղ նրանք կորցրին իրենց տներն ու Հայրենիքը:

Ամփոփենք. եթե կա անվտանգություն, բայց չկա դեմոկրատիա, ապա այդ երկրում չի լինի արդարություն: Իսկ առանց արդարության, վերջնաարդյունքում մարդը կարող է օտարվել նաև սեփական Հայրենիքից:

Իսկ երբ կա դեմոկրատիա, բայց չկա անվտանգություն, ապա այդ դեպքում մենք կունենանք վերջնաարդյունքում Հայաստանի ղարաբաղացում: Այսինքն՝ կկորցնենք նաև մեր երկիրը:

Այսինքն, այն վեճը, որի մեջ մտել են «նախկինները» և «ներկաները», թե որն է ավելի կարևոր անվտանգությունը, թե դեմոկրատիան, կեղծ է ծայրից ծայր:

Մանավանդ, որ ոչ «նախկիններն» էին իսկապես լուսավորչական ավտորիտար իշխանություն, ոչ էլ «ներկաներն» են իսկական դեմոկրատ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը