Տնտեսական

29.07.2024 13:33


Հունիսի տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից. «ԼՈւՅՍ» հիմնադրամ

Հունիսի տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից. «ԼՈւՅՍ» հիմնադրամ

«ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հունիս ամիսներին։

Այսպես՝

  • ՀՀ տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից, իսկ հաջորդ ամիսներին կարող է առավել դանդաղել: Հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.1%, որը թեև բարձր է մայիսի ցուցանիշից, սակայն տարեսկզբի ցուցանիշների համեմատ էականորեն ավելի ցածր է: Ինչպես նախկինում նշում էինք, տարեսկզբի, ինչպես նաև նախորդ տարվա վերջի բարձր տնտեսական աճերը պայմանավորված էին ժամանակավոր գործոններով (ՌԴ-ից մարդկանց և կապիտալի ներհոսքի կտրուկ աճ, արտահանման և վերաարտահանման պահանջարկի աճ և այլն), որոնց դերն արագորեն կրճատվում է վերջին ամիսներին՝ հանգեցնելով տնտեսական ակտիվության ցուցանիշի դանդաղմանը: Այս միտումն ակնկալվում է նաև գալիք ամիսներին:
  • Հիմնականում ոսկերչական գործունեության՝ ոսկու վերաարտահանման կտրուկ նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման և ներմուծման աճի տեմպերը: Ընդ որում, եթե արտահանման և ներմուծման ծավալներից նվազեցնենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի (ըստ էության՝ ոսկու վերաարտահանման մասը) ծավալները, ապա կստացվի, որ արտահանման ծավալը նվազել է 15.6%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 10.0%-ով: Սա բավական մտահոգիչ է, քանի որ մի կողմից՝ մատնանշում է ՀՀ արտահանման պոտենցիալի կորստի, մյուս կողմից՝ ներքին պահանջարկի նվազման մասին:
  • Պետական բյուջեի ցուցանիշները թերակատարվել են: Հարկային եկամուտներն էականորեն թերակատարվել են բյուջեով սահմանված պլանի նկատմամբ՝ բյուջեով հաստատված 1,304.2 մլրդ դրամի փոխարեն փաստացի կազմելով 1,187.6 մլրդ դրամ՝ 116.6 մլրդ դրամով պակաս: Բյուջեի ծախսերը ևս թերակատարվել են՝ շուրջ 130.0 մլրդ դրամով: Հատկանշական է, որ թերակատարումն արձանագրվել է ընթացիկ ծախսերի գծով, մինչդեռ կապիտալ ծախսերը գերակատարվել են 5.1 մլրդ դրամով: Վերջինս հիմնականում պայմանավորված է պաշտպանության ոլորտում մեծ ծավալով ծախսերի իրականացմամբ:
  • Վարկերի աճը շարունակում է մեծամասամբ պայմանավորված լինել սպառողական և հիփոթեքային վարկերի աճերով: 2024թ. սպառողական վարկերի աճի տեմպը բավական բարձր է եղել և վերջին ամիսներին շարունակել է արագանալ՝ հունիսին հասնելով 29.5%-ի: Միևնույն ժամանակ հիփոթեքային վարկերի աճը նույնպես բավական բարձր է՝ 22.5%: Այս աճերը մտահոգիչ են, քանի որ, փաստորեն, տնային տնտեսությունների պարտավորությունները (վարկերը) աճում են նրանց եկամուտներից (աշխատավարձ, դրամական փոխանցումներ և այլն) էականորեն ավելի բարձր տեմպով:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

Այս խորագրի վերջին նյութերը