Լրահոս

23.11.2011 09:28


«Խոսքի իրավունք». «Նժդեհի գերեզմանի շրջակայքը լցված է աղբով»

Բլոգերները ահազանգում են, որ Վայոց Ձորի մարզի Սպիտակավոր վանական համալիրի եկեղեցու շրջակայքը լցված է աղբով:  «Խոսքի իրավունք» միավորման անդամները բազմիցս մասնակցել են տարբեր էքսկուրսիաների ու արշավների: Նրանք հաստատում և կիսում են այս մտահոգությունը: 14-րդ դարի այս վանական համալիրը կարևոր և առանձնահատուկ է նաև այն փաստով, որ վանքի պատերի տակ գտնվում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը:

Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից: Ըստ պատերին եղած արձանագրությունների` համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Եաչի իշխանը (մահացել է 1318թ.-ին), և շինարարությունը 1321թ.-ին ավարտել է նրա որդին։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը, որը կառուցվել է 1321-1330թթ.-ին։ Գավթի արևմտյան պատին հպված է յուրօրինակ հորինվածք ունեցող եռահարկ զանգակատունը (1330թ.-ին կառուցել են Հովհաննես և Թաձնա ամուսինները)։ Սպիտակավոր վանքի մոտակայքում են նկարահանվել “Մենավոր ընկուզենի” ֆիլմի որոշ դրվագները: Գարնանը վանքի շուրջը ծաղկում են անթիվ անհամար ծաղիկներ, և նրանց մեջ վանքը ինքն էլ ծաղկի է նմանվում, այդ պատճառով Սպիտակավոր վանքը ժողովուրդը անվանում է նաև Ծաղիկի վանք:

Ցանկություն կա, որ այդ շրջակայքը լինի մաքուր և հարուստ ծաղիկներով:

Նժդեհը համարվում է իշխող կուսակցության   «գաղափարական հայր» և ըստ բլոգերների`  պետք է հետամուտ լինեն այս հարցի լուծմանը:

«Խոսքի իրավունք» միավորումը խնդրում է այցելուներին հաղորդել մեզ այս տարածքում փոփոխությունների մասին: Մենք նույնպես կայցելենք այստեղ: Հույս ունենք, որ երկրորդ անգամ հայտարարություն չենք տարածի և լուսանկարներ չենք հրապարակի այս թեմայով:

Խոսքի իրավունք միավորում

Այս խորագրի վերջին նյութերը