Օրվա լուր

27.07.2024 18:08


Էժանագին թատրոն Գյումրիի ավագանու նիստում. Սամվել Բալասանյանը կրկին օգտագործվողի դերում

Էժանագին թատրոն Գյումրիի ավագանու նիստում. Սամվել Բալասանյանը կրկին օգտագործվողի դերում

Իր ճակատին բազմաթիվ կուսակցությունների անուններ դաջած Սամվել Բալասանյանը Գյումրիի ավագանու 2021-ի ընտրությունների ժամանակ հանդես եկավ որպես ընդդիմություն, սակայն ընտրություններից հետո ծախվեց Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ-ին ու հնարավորություն չտվեց իշխանափոխություն իրականացնել Գյումրիում:

Բանն այն է, որ անցողիկ շեմը հաղթահարած ուժերից ոչ մեկը չուներ կեսից ավելին: «Քաղաքացիական պայմանագիրը» երկրորդ տեղն էր ընկել: «Բալասանյան» դաշինքը եթե կոալիցիա չկազմեր նիկոլենց հետ, ապա այլ պատկեր կունենայինք հանրապետության 2-րդ քաղաքում՝ հայրաքաղաքում: Սակայն, իր տեսակին հավատարիմ՝ Բալասանյանը գործարքի գնաց Նիկոլի հետ՝ գործնականում գողանալով գյումրեցիների քվեն: Գործարքի էությունը հետևյալն էր՝ «Բալասանյան» դաշինքի ներկայացուցչին տվեցին քաղաքապետի պաշտոնը, ՔՊԿ-ին՝ փոխքաղաքապետինը: Գյումրեցիներին բաժին հասավ վատ կառավարումն ու քաղաքի անտերության մատնվելը:

Ամիսներ առաջ ՔՊԿ-ն որոշեց դուրս գալ կոալիցիայից, սակայն «Բալասանյան» դաշինքի համար ձայներ էր ապահովում, բյուջեի ընդունում էր կազմակերպում և այլն: Այսինքն՝ բաժանումը ձևական է: Դրանք իրար հետ են:

Այդ ձևականությունը երևաց նաև երեկ տեղի ունեցած Գյումրիի ավագանու նիստի ժամանակ, երբ «Բալասանյան» դաշինքը արտահերթ նիստի համար քվորում ապահովեց և կողմ քվեարկեց նիկոլենց ավագանու բերած որոշման նախագծին: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Գյումրու համայնքի ղեկավարի 24 որոշում անվավեր ճանաչել և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով՝ ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնել։

Օրակարգում տեղ գտած երկու տասնյակից ավելի հայցերը վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին կայացրած որոշումներին։ Այսինքն՝ «Բալասանյան» դաշինքը «կողմ» է քվեարկել Սամվել Բալասանյանի՝ նախկինում կայացրած որոշումների դեմ: Դա շատ էժանագին թատրոն է: Անտաղանդ թատրոն:

Մի կողմից ուզում են գյումրեցիներին ցույց տալ, թե, իբր, նիկոլենք պայքարում են ապօրինությունների, թալանի դեմ, մյուս կողմից՝ թե, իբր, ՔՊԿ-ն ու «Բալասանյանն» իրար հետ «չունեն»:

Ուշագրավն այն է, որ այս պատմության մեջ «պոդստավկա» է լինում Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, որը «Բալասանյան» դաշինքն է ներկայացնում, բայց Բալասանյանի դեմ է քվեարկում, ինչը Գյումրիում շատ վատ է գնահատվում մարդկային տեսանկյունից: Սամսոնյանը, փաստորեն, զոհ է գնում Փաշինյան-Բալասանյան հերթական խաղին, Բալասանյանի հերթական հաճախորդությանը:

Այս ամենն արվում է Գյումրիում քաղաքական կեղծ մթնոլորտ ստեղծելու համար, թե, իբր, Բալասանյանն ընդդիմություն է: Դա արվում է, որպեսզի թե՛ տեղական, թե՛ համապետական ընտրությունների ժամանակ բալասանյանենք ընտրողներին կրկին մոլորեցնեն, ձայներ գողանան ու Նիկոլի օգտին աշխատեն: Բայց հայտնի խոսքի համաձայն՝ կարելի է բոլորին խաբել մի փոքր ժամանակով, կարելի է մարդկանց մի փոքր մասին խաբել միշտ, բայց բոլորին ու միշտ խաբել հնարավոր չէ: Մեկ այլ ժողովրդական խոսք էլ կա գողի ու բոզի 40 օրվա մասին: Թասիբով գյումրեցիները դա կապացուցեն ընտրությունների ժամանակ: Լինի դա Գյումրիի ավագանու կամ ՀՀ ԱԺ ընտրությունը:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Նիկոլն ուզում է հաստագլխին՝ Կարեն Սարուխանյանին Գյումրիի քաղաքապետ դարձնել: Դրա համար էլ էժանագին թատրոններ է կազմակերպում: ՔՊԿ-ում, սակայն դեմ են այս տարբերակին: Գյումրիի ՔՊԿ-ն մի քանի թևի է բաժանված, և ամենակեղտոտ ձևով իրեն դրսևորում է Կարեն Սարուխանյանը, ինչը դուր է գալիս Նիկոլ Փաշինյանին, քանզի տեսակը տեսակին է գտել:

Նիկոլենք հիմա ձևեր են մտածում՝ հաստագլխին քաղաքապետ դարձնելու, սակայն դեռ չեն կարողանում ձևը գտնել: Արտահերթ ընտրություններից վախենում են, նշանակել՝ դեռ չեն կարողանում: Մնում է Բալասանյան Սամվելին օգտագործելը: Վերջինս հաճույքով օգտագործվում է: Բայց սրան էլ վերջ կգա:

Այս խորագրի վերջին նյութերը