Աշխարհ

27.07.2024 06:41


Կայացավ Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը

Կայացավ Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացմանարարողությունը տևեց 4 ժամ և ամբողջ ընթացքը ուղեկցվեց տեղատարափ անձրևով:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Սեն գետի երկայնքով` մոտ կմ 7 երկարությամբ, մասնակից հավաքականների շքերթը ընդհատվում էր երաժշտական դադարներով և ֆրանսիական մշակույթին բնորոշ մեջբերումներով: Բացման ամբողջ արարողությանը մաս էին կազմում Փարիզի մի շարք մշակութային համալիրները` Լուվրը, Բաստիլյան ամրոցը և Էյֆելյան աշտարակը, որի դիմաց` Տրոկադերո հրապարակում, ընթացավ բուն արարողությունը:

Հայաստանի օլիմպիական հավաքականից բացման արարողությանը մասնակցեցին մարզիկներ Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը, Դավիթ Չալոյանը, Երվանդ Մկրտչյանը, բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը և ՀԱՕԿ ներկայացուցիչները:

Բացման արարողության ընթացքում ջահի փոխանցումավազքին մասնակցեցին ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Զինեդին Զիդանը, թենիսիստ Ռաֆայել Նադալը և մի շարք այլ մարզիկներ: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը վառվեց Լուվր թանգարանի հարակից տարածքում: Կրակը վառեցին ֆրանսիացի ձյուդոիստ Տեդի Ռիները և արագավազորդ Մարի-Ժոզե Պերեսը: Օլիմպիական կրակի վերջին հանգրվանը` հսկայական օդապարիկն էր, որը խաղերի ընթացքում կլինի Փարիզի երկնքում: Բացման հանդիսավոր արարողության վերջին կատարում աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնին էր, ով 2 տարվա դադարից հետո, կրկին վերադարձավ մեծ բեմ` Էյֆելյան աշտարակի վրա կատարելով Էդիթ Պիաֆի Hymne à l'amour երգը:

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին ունի 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024):

Ամեն 4 տարին մեկ անցկացվող խաղերին, այս տարի մասնակցում է 10, 500 մարզիկ: 32 մարզաձևերում միմյանց դեմ կմրցեն 206 ազգությունների ներկայացուցիչներ, կխաղարկվի 329 մեդալային հավաքածու: Բացի Փարիզից, օլիմպիական մրցաշարեր կանցկացվեն նաև Ֆրանսիայի մի քանի այլ քաղաքներում:

Այս խորագրի վերջին նյութերը